Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան Բաքվի հետ համատեղ քայլեր կձեռնարկի Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղային գծի ներուժը առավելագույնի հասցնելու համար։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիայի առաջնորդը նշել է, որ իր երկիրը հանձնառու է Հարավային Կովկասում նոր տրանսպորտային և էներգետիկ երթուղիների զարգացմանը, որոնք կամրապնդեն տարածաշրջանային կապը։
«Մենք անձամբ ականատես եղանք օդանավակայանների, ճանապարհների, կամուրջների, թունելների և տների կառուցմանը։ Նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ ես ինքս տեսա, թե ինչի կարող է հասնել Ադրբեջանը։ Ղարաբաղը կրկին կդառնա տարածաշրջանի փայլող աստղը։ Թուրքիան Ադրբեջանին կտրամադրի ողջ անհրաժեշտ աջակցությունը։ Երկկողմ համագործակցությունից բացի, մենք նաև ամրապնդում ենք մեր միասնությունը թուրքական պետությունների միջև», — հայտարարել է Էրդողանը։
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին բացվել է 2017 թվականի հոկտեմբերի 30-ին։
Նախագիծը ներառում էր 98 կիլոմետրանոց Կարս-Ախալքալաք հատվածի կառուցումը (68 կմ՝ Թուրքիայում, 30 կմ՝ Վրաստանում) և 183 կիլոմետրանոց Ախալքալաք-Թբիլիսի գծի վերակառուցումը։
Երթուղու ընդհանուր երկարությունը 827 կիլոմետր է։



