նորություններ 2 Դեկտեմբերի, 2025 • Աղբի վերամշակումը Վրաստանում․ Կուլիկամի օրինակը

Հաշվի առնելով ինչպես միջազգային, այնպես էլ Վրաստանի փորձը, Ախալքալաքի մունիցիպալիտետում աղբի տեսակավորման առումով առկա են լուրջ խնդիրներ։ Սակայն կան այնպիսի ռազմավարություններ, որոնց իրականացումն ու արդյունքները կարող են լինել իրատեսական։ Դրանք պահանջում են փուլային մոտեցում և կայուն տնտեսական զարգացում։

Jnews-ը զրուցել է Վրաստանում թափոնների տեսակավորման փորձագետ Գիորգի Բոլքվաձեի հետ, հասկանալու համար ինչ է իրենից ներկայացնում թափոնի տեսակավորումն ու վերամշակումը, եւ որքանո՞վ է իրատեսական դրանց կիրառումը մեր տարածաշրջանում։

Ներկայումս Վրաստանում միակ խնդիրը վերամշակման գործարանների քիչ քանակն է, հեռանկարային կլինի թափոնների վերամշակումը, եթե պետությունն աջակցի արդեն իսկ գործող վերամշակման գործարաններին։ Մեր երկրում կարիք կա նոր գործարանների, որոնք կտեսակավորեն եւ կվերամշակեն հին աղբավայրերը եւ զուգահեռ նոր աղբի հետ կաշխատեն։

«Թափոնների վերամշակումն իրականացվում է փոքր մասշտաբով՝ մասնավոր սեկտորի կողմից, քանի, որ տեխնիկայի բացակայության պատճառով քաղաքներում հատուկ աղբամաններ չկան։ Մասնավոր ընկերությունների կողմից է իրականցվում աղբի վերամշակում, այն չի ֆինանսավորվում պետական բյուջեից», — ասում է Գիորգի Բոլքվաձեն։

Նրա խոսքով, աղբի տեսակավորումը հնարավոր է էժան ճանապարհով իրականացնել, եթե բնակիչներն իրենք եւս ընդառաջեն։

«Ամենաարդյունավետ փորձն աղբի տեսակավորման, դա այն է, երբ բնակիչներն իրենք են իրենց իսկ աղբը տեսակավորում։ Օրինակ՝ տանը, ամեն թափոն հավաքում են առանձին պարկի մեջ։ Բայց դրսի գործոնն այստեղ եւս կա, որ ամեն թափոնի համար տեղադրված լինի հատուկ աղբաման եւ բնակիչը նորմերը պահելով հանձնի։ Սա ամենաարդյունավետ եւ էժան աղբի տեսակավորում է։

Քանի, որ այս մեթոդը դեռեւս մեր երկրում չի գործում, միջամտության է գալիս մասնավոր սեկտորը։ Բայց ավելի քիչ համայքներում է դա տեղի ունենում եւ վերամշակման համար ավելի թանկ տեխնիկա են օգտագործում։ Եթե պետությունը մասնավոր սեկտորի օրինակով տեսակավորի աղբը, ավելի ծախսատար կլինի»,- ասում է Վրաստանում թափոնների տեսակավորման փորձագետ Գիորգի Բոլքվաձեն։

Նա ընդգծում է, որ պետությունն իր օգուտը կունենա աղբի վերամշակումից։

«Եվրոպական շատ երկրներում աղբը վերամշակվում եւ հենց տեղական շուկայում է վաճառվում։ Մեր երկրում մասնավոր ընկերությունները հենց եկամտի համար են վերամշակում, եւ համոզված եմ պետության մակարդակով, որ աղբի տեսակավորում եւ վերամշակում իրականացվի պետությունը ֆինանսապես օգուտ կունենա։ Նոր աշխատուժի բարձրացում կլինի, շուկայում կառաջանա նոր իրեր, որոնց ներկրման կարիքը չի լինի եւ ավելի էժան կնստի։

Վրաստանը ոչ թե բարի ցանկությունով է սկսելու աղբի տեսակավորման եւ վերամշակման հարցը, այլ ինչպես բոլոր պետությունները նույն կերպ էլ մեր երկիրը պարտավոր է։ Աղբի խնդիրը մի գյուղի, քաղաքի հարց չի, դա միջազգային հարց է, հողի, ջրի, օդի աղտոտվածության համար պետությունները պարտավոր են հոգալ եւ ճիշտ վերամշակել այն։ Բնապահպանական տեսանկյունից ռիսկեր կառաջանան, եթե սխալ տեսակավորվի աղբը։ Ուսումնական հաստատություններում պետության կողմից ներառվելու է աղբի տեսակավորման հետ կապված նյութեր», — ասում է փորձագետը։

Հիշեցնենք, որ Ախալքալաքում նախատեսվում էր 2023 թվականից ներառել աղբի տեսակավորման համակարգ, բայց քանի որ լայնամասշտաբ է ծրագիրը, դեռեւս գործնական փուլ չի մտել։ Այնուամենայնիվ, Գիորգիի խոսքով, քաղաքապետարանն այս ուղղությամբ աշխատանքներ ունի կատարելու։

«Մունիցիպալիտետում, եթե արդեն սկսել են աղբի վերամշակման համակարգի ներառումը, մինչեւ սկսելը զուգահեռ բնակչության իրազեկման հարցով պետք է զբաղվեն, որպեսզի քաղաքապետարանը ժամանակին չկանգնի մեկ այլ խնդրի առջեւ։

Մունիցիպալիտետի մակարդակով խորհուրդս հետեւյալն է, քիչ թափոն արտադրելուց խուսափելու համար գործող ընկերությունները պետք վերահսկվեն, տեղեկատվական արշավներ կազմակերպվեն համայնքներում, որ խուսափեն շատ թափոն առաջացնող նյութերից։ Թափոնների նվազեցումն ինքնին աղբի վերամշակման մի քայլ է», — ընդգծում է Բոլքվաձեն։

Որքանով, որ դժվար է թվում աղբի տեսակավորումը մեր տարածաշրջանում, սակայն դրական փորձեր արդեն եղել են։ Երկու տարի առաջ Ախալքալաքի մունիցիպալիտետի Կուլիկամ գյուղում կամավորների նախաձեռնությամբ իրականացվել էր աղբի տեսակավորման ծրագիր։ Թեև տեսակավորված թափոնների քանակը փոքր էր, այն այնուամենայնիվ ուշադրություն էր գրավել։ Քաղաքապետարանը նույնիսկ պատրաստակամություն էր հայտնել հատկացնել տրանսպորտ, որպեսզի տեսակավորված աղբը տեղափոխվի մայրաքաղաք՝ վերամշակման գործարան։

«Umbrella ծրագրի շրջանակում ենք ներկայացրել ծրագիրը եւ իրագործել։ Սկզբից տեղեկատվական հանդիպումներ անցկացրեցինք մասնագետների հետ եւ ծանոթացանք թափոնների տեսակների հետ։ Երկրորդ փուլն արդեն աղբամանների հարցն էր։ Մեզ միացան մեր գյուղացիները՝ դպրոցը, հանդեսիսությունների սրահը, եւ մի շրջան բավականին ակտիվ կերպով թափոններ հավաքեցինք», — ասաց Կուլիկամ գյուղում աղբի տեսակավորման կազմակերպիչներից Մելսիդա Մարաբյանը։

Նրա խոսքով, ամենաբարդ փուլը հավաքած թափոնների հանձնումն էր, քանի որ տարածաշրջանում չկա վերամշակման գործարան։

«Գործարանից թափոներ տանելու համար այն ժամանակ կարող էին գալ, եթե մեծ քանակով աղբ լիներ հավաքած՝ մի տոննա պլաստմաս, մի տոննա թուղթ, բայց մեր գյուղում հնարավորություն չկար մի տոննա պլաստմաս հավաքելու եւ պահելու։ Ծրագրի ղեկավարները որոշակի ֆինանսակա աջակցություն կարող էր տրամադրել մեքենա գտնելու եւ մեր միջոցով թափոնները գործարան հանձնելու։ Քանի, որ մեր ծրագիրը հեռանկարային էր դիմեցինք քաղաքապետարան աջակցության համար, ինչը ողջունեցին եւ պատրաստակամություն հայտնեցին աջակցության համար։ Քաղաքապետարանը կարող էր տրանսպորտ հատկացնել հավաքված թափոնների գործարան տեղափոխելու համար»,- պատմում է նա։

Կամավորական այս նախաձեռնությունը մոտավորապես մի տարի շարունակվել է Կուլիկամ գյուղում։

«Իրականում շատ քիչ բան կար անելու, որ այս ծրագիրն իր հունով ընթանար։ Մտածում էինք կողքի գյուղերը եւս ներառել, որից հետո մեծ քանակով աղբ կհավաքվեր եւ գործարանից կգային տանելու։ Բայց ստացվեց այնպես բոլորս դուրս եկանք գյուղից եւ ընդհատվեց գործունեությունը», — ասում է Մելսիդան։

Այս նախաձեռնության դրական ազդեցությունը մինչեւ հմիա նկատելի է Կուլիկամ գյուղում։

«Մեր գյուղացիները շատ հեշտ ընկալեցին ինչպես են տեսակավորելու, մյուսների հետ աշխատելը դժվար չի լինի։ Հիմա էլ որ հարցնեք մեր գյուղացիներին, բոլորը բավականին լավ տեղեկացված են թափոնների մասին։ Գյուղում շուտ-շուտ հավաքվում եւ մաքրության ակցիա էինք իրականացնում՝ տեսակավորելով այն։ Աղբամանները որակով չէին, մենք էինք սարքել մեր իսկ հնարավորություններից ելնելով։ Շարունակություն եթե լիներ, կարծում եմ աղբամանի համար դրամաշնորհի կդիմեինք եւ կստանայինք», — եզրափակում է Մելսիդա Մարաբյանը։

Վրաստանում գործում են թղթի վերամշակման ընկերություններ, շուկայում կա պլաստմաս վերամշակող մեկ ձեռնարկություն, ինչպես նաև ապակու, անվադողերի և օգտագործված ձեթի վերամշակմամբ զբաղվող ընկերություններ։ Բացի այդ, մեկ ընկերություն, որը թիթեղ ու պլաստմաս է արտահանում։ Wasteless-ը մեկն է այն ընկերություններից, որ ամբողջ երկրի մասշտաբով հավաքում եւ վերամշակում է վտանգավոր թափոններ՝ սիմվոլիկ գումարի դիմաց։

Ընդգծենք, որ

մի ալյումինե տարայի վերամշակմամբ խնայվող էլեկտրաէներգիան բավարար է, որպեսզի հեռուստացույցն աշխատի մոտ երեք ժամ։

Վերամշակելով մեկ տոննա թուղթ՝ կարելի է պահպանել 17 ծառ, խնայել մինչև 27,000 լիտր ջուր և 4,100 կՎտ էլեկտրաէներգիա։

Ապակին այնպիսի նյութ է, որը հնարավոր է ամբողջությամբ և բազմակի անգամ վերամշակել։ Մեկ ապակյա շշի վերամշակմամբ խնայվող էներգիան բավարար է համակարգիչը մոտ 25 րոպե աշխատեցնելու համար։

Պլաստիկի վերամշակումը կարևոր դեր ունի ջերմոցային գազերի արտանետումների կրճատման գործում։ Պլաստիկ թափոնների հավաքումն ու վերամշակումը պաշտպանում են էկոհամակարգն ու կենդանական աշխարհը։

Կարդացեք նաեւ՝

Աղբի տեսակավորման հարցը Ախալքալաքում

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝