2026 թվականի հունվարից Վրաստանում նախատեսում է կենսաթոշակների բարձրացում։ Ջավախքը, որպես բարձրլեռնային շրջան, դասվում է արտոնյալ կատեգորիայի շարքին, ուստի այնտեղ կենսաթոշակները մի փոքր ավելի բարձր են, քան ցածրադիր վայրերում։ Սակայն, ընդհանուր թանկացումների և ջեռուցման սեզոնի ֆոնին, որը Ջավախքում տևում է ութից ինը ամիս, այս աճն ընկալվում է աննշան։
Վրաստանի 2026 թվականի բյուջեի նախագծի համաձայն, 70 տարեկանից փոքր քաղաքացիների կենսաթոշակները կավելանան 20 լարիով, իսկ 70 տարեկանից բարձր անձանց կենսաթոշակները՝ 45 լարիով՝ համապատասխանաբար հասնելով 370 և 495 լարիի։ Ջավախքը բարձրլեռնային շրջան է, ուստի տեղի թոշակառուները մի փոքր ավելի շատ են ստանում, քան հարթավայրային շրջաններում ապրողները։ 70 տարեկանից փոքր քաղաքացիների կենսաթոշակը կկազմի 444 լարի, մինչդեռ 70 տարեկանից բարձր անձանց կենսաթոշակը 594 լարի է։
Սակայն, ըստ տեղի բնակիչների, կենսաթոշակների ինդեքսավորումը չի հասցնում կենսապայմանների թանկացման հետևից։
Կենսաթոշակառուներին դժվար է հատկապես ձմռանը։ Ջավախքում տները ջեռուցվում են տարեկան ութից ինը ամիս, իսկ մեկ խորանարդ մետր բնական գազի արժեքը կազմում է 0.5238 լարի։ Ջեռուցման ամսական վճարները մեծ բեռ են, հատկապես միայնակ ապրող տարեց մարդկանց համար։ Սեփական տան ջեռուցումը միջինն արժե ամսական 300-400 լարի, մինչդեռ մեկ սենյականոց բնակարանի համար այն կազմում է 100-120 լարի։ Ախալքալաքի և 64 գյուղի բնակիչները հիմնականում ապրում են սեփական տներում, ինչը ջեռուցման ծախսերը դարձնում է նկատելի։ Ամսական ջեռուցման վճարները լուրջ բեռ են դառնում, հատկապես միայնակ ապրող տարեց մարդկանց համար։
Մեկ այլ լուրջ խնդիր է այն, որ ոչ բոլոր գյուղեր են գազիֆիկացված։ Նույնիսկ այնտեղ, որտեղ գազ կա, ոչ բոլոր ընտանիքներն են կարողանում իրենց թույլ տալ ջեռուցման համակարգ տեղադրել։ Արդյունքում, շատերը ստիպված են իրենց տները տաքացնել վառելափայտով, ինչը նույնիսկ ավելի թանկ է և պահանջում է զգալի ֆիզիկական ջանք։
Գյուղերի թոշակառուները բախվում են նաև մեկ այլ լուրջ խնդրի՝ շարժունակության սահմանափակության։ Գյուղերում հասարակական տրանսպորտ չկա, թոշակառուները ստիպված են բժշկի գնալու, դեղորայք գնելու կամ սննդամթերք գնելու համար օգտվել տաքսի ծառայությունից։ Սակայն, Ախալքալաքի մունիցիպալիտետում տաքսիների վճարները բավականին բարձր են, ու ոչ բոլոր տարեցներն են կարողանում իրենց թույլ տալ օգտվել այդ ծառայությունից։
Թոշակառուների համար դժվար է նաև առողջապահության ոլորտում: Ոչ բոլոր գյուղերն ունեն ամբուլատորիա: Եվ նույնիսկ գործողները հաճախ չունեն ջեռուցում, ինչը թույլ չի տալիս թոշակառուներին տեղում ստանալ բժշկական օգնություն:
Տարեց մարդիկ չեն կարող իրենց թույլ տալ հավելյալ ծախսեր։ Նրանց սննդակարգը վիտամիններով հարուստ չէ, սննդակարգում հաճախ բացակայում է բանջարեղենը, միրգը և միսը: Էլեկտրաէներգիայի, մթերքի և անհրաժեշտ ծառայությունների վարձերը վճարելուց հետո թոշակառուները մնում են գրեթե «դատարկ»:
Աշխատող թոշակառու, դերձակ Անուշ Մելքոնյանն ասում է, որ իր կենսաթոշակը չի հասցնում սննդի և կոմունալ ծառայությունների գների աճի հետևից։ Չնայած նրան, որ նա շարունակում է աշխատել, նա ավելի ու ավելի դժվարանում է ծայրը ծայրին հասցնել, հատկապես վերջին ամիսներին։
«Վերջին հինգ ամիսների ընթացքում գրեթե պատվերներ չեմ ստացել։ Անհնար է ապրել միայն թոշակով, իսկ առջևում ձմեռ է, չգիտեմ ինչպես եմ հաղթահարելու։ Արդեն 350 լարի պարտք ունեմ, կստանամ թոշակս, կմարեմ պարտքս, հետո նորից կմնամ առանց փողի։ Մեզ ուտել է պետք, ինձ՝ երկարաճիտ կոշիկներ, էլ չեմ խոսում դեղորայքի մասին։ Ես միայնակ եմ, ոչ ոք չկա, որ ինձ օգնի։ Դուստրս առանձին է ապրում, նա էլ իր խնդիրներն ունի։ Ես ամսական 120-150 լարի եմ վճարում ջեռուցման համար՝ կախված եղանակից։ Իսկ իմ թոշակը ընդամենը 420 լարի է», — պատմում է Անուշը։
«Կենսաթոշակները տարեկան մեկ անգամ են բարձրացվում, այն էլ՝ չնչին, իսկ կյանքն ամեն օր թանկանում է։ Ամեն ամիս մեզ համար ավելի ու ավելի դժվար է դառնում վճարել նույնիսկ ամենաանհրաժեշտ կարիքների համար, հատկապես ջեռուցման սեզոնի ընթացքում», — ասում է Ախալքալաքից մեկ այլ միայնակ թոշակառու։
Տարեց մարդու կյանքը դա միայն սնունդն ու դեղորայքը չէ, այլև արժանապատվորեն և նվազագույն հարմարավետությամբ ապրելու հնարավորությունը, և ներկայիս պայմաններում այդ հնարավորությունները խիստ սահմանափակ են։
Տեղի բնակիչները կարծում են, որ պետությունը պետք է հաշվի առնի լեռնային շրջանների իրական կենսապայմանները և ինդեքսավորի կենսաթոշակները՝ հիմնվելով տարածաշրջանային առանձնահատկությունների և գնաճի վրա։



