նորություններ 10 Նոյեմբերի, 2025 • Սուլդա գյուղի թանկարժեք և անկանոն ջրամատակարարումը

Սուլդա գյուղը խմելու ջրով ապահովելու համար, երեք տարվա ընթացքում, ծախսվել է ավելի քան 2.5 միլիոն լարի։ Չնայած աշխատանքների ավարտին և 2024 թվականի վերջին նոր ջրատարի գործարկմանը, գյուղի ջրամատակարարումը շարունակում է իրականացվել խափանումներով։ Jnews-ը փորձել է պարզել պատճառները։

2024 թվականի վերջին շահագործման հանձնված նոր ջրամատակարարման համակարգը բնակիչներին ջուր մատակարարում է էլեկտրական պոմպի միջոցով: Էլեկտրաէներգիայի ծախսերը հոգալու համար գյուղում որոշել են ամսական մեկ անձի համար հավաքել 5 լարի: Թեև սա փոքր գումար է թվում, սակայն մեծ ընտանիքների համար այն կազմում է ամսական 25-30 լարի: Մեր տեղեկությունների համաձայն, սկզբում ոչ բոլոր բնակիչներն են համաձայնել այս որոշմանը:

Ամռանը, երբ հին գծից ջուրը դարձավ ավելի մաքուր և այն բավարար էր, բնակիչների որոշմամբ նոր գիծը ժամանակավորապես անջատեցին։ Այս ընթացքում ջուրը մատակարարվում էր հին խողովակաշարով, իսկ նոր գիծը, ըստ գյուղացիների, վերագործարկվեց միայն սեպտեմբերի 1-ին։

«Մենք գոհ ենք, այսպես ավելի լավ է, քան Վաչիանից ջուր բերելը։ Ես ամսական 25 լարի եմ վճարում։ Գարնանը հին գծում ջուրն ավելի էր շատացել, ուստի նոր գիծն անջատել էին, իսկ հիմա կրկին միացվել է Դիլիֆի ջուրը, քանի որ սարերի ջուրն այլևս չի բավարարում», — ասաց գյուղի բնակիչ Սաղաթել Ափոյանը։

Երբ մենք հոկտեմբերի 17-ին Սուլդայում էինք, պարզվեց, որ պոմպը խափանված էր, և բնակիչները ջուրը ստանում էին հին գծով՝ սարերից, ըստ գրաֆիկի։

«Չգիտեմ, թե ինչ խնդիր կար, բայց Դիլիֆի ջուրն անջատել էին, ջուրը տալիս են ըստ գրաֆիկի։ Բոլորը վճարում են ամսական 5 լարի։ Այո, սկզբում դժգոհներ կային, բայց ոչ բոլորը։ Նոր գիծը որոշ ժամանակով անջատել էին», — ասաց Սուլդայի բնակիչներից մեկը։

«Մեր հիմնական ջուրը գալիս է սարերից և Դիլիֆից։ Երկու գծի ջուրն էլ թափվում է ընդհանուր ջրամբար։ Ամռանը, ծախսերը կրճատելու համար Դիլիֆի ջուրն անջատել էին և միացրել էին սարերի գիծը։ Սեպտեմբերի 1-ին նրանք վերամիացրին «Դիլիֆը»։ Գարնանը գլխավոր գծի ջուրը կեղտոտ էր, բայց ամռանն այն ավելի մաքուր էր», — բացատրեց Սարգիս Հովհաննիսյանը։

«Երեք օր ջուր չկար, հետո միացրին։ Մենք վճարում ենք ջրի համար։ Ամռանը, երբ սարերի ջուրն ավելի շատ էր, նրանք ժամանակավորապես անջատեցին Դիլիֆի ջուրը։ Մաքուր ջուրը սահմանափակ քանակով է, ու մենք տեղադրել ենք ֆիլտր։ Ջուրը մատակարարվում է առավոտյան ժամը 8-ից մինչև 2-ը կամ 3-ը, մեկ ժամվա ընթացքում տակառները լցվում են, հետո օգտագործում ենք։ Կաթնատուի գիծը կեղտոտ էր, չգիտեմ՝ անջատել են, թե ոչ։ Հիմնական ջուրը գալիս է սարերի տարբեր աղբյուրներից», — նշեց Արթուր Խաչատրյանը։

Նոյեմբերի 7-ին, մենք իմացանք, որ պոմպն արդեն մեկ շաբաթ է աշխատում է, և գյուղի բոլոր բնակիչները վճարում են իրենց ջրի վարձը։

«Մենք ինչքան մեզ պետք է, այդքան էլ պոմպով ստանում ենք, որպեսզի շատ չվճարենք և անիմաստ չօգտագործենք։ Ջուրը բոլորին հասնում է։ Գյուղի 99.9%-ը վճարում է ջրի համար, միայն երեք մարդ՝ միայնակ ապրողները, չեն վճարում։ Ես ցուցակ ունեմ։ Հավաքված գումարով վճարում ենք հավաքողի և աշխատակցի աշխատավարձերը», — բացատրեց գյուղում քաղաքապետի լիազոր Զարզանդ Կուջոյանը։

Նրա խոսքով, ջուրը պոմպով գալիս է առավոտյան ժամը 8:00-ից մինչև երեկոյան 16:00-ը, իսկ ժամը 14:00-ից մինչև երեկոյան 16:00-ը հավաքված ջուրը պահվում է հաջորդ օրվա համար՝ որպես պահեստային։ Սուլդա գյուղն օրական օգտագործում է 250 տոննա ջուր։

Ինչպես նշում է լիազորը, այն բանից հետո, երբ գյուղացիների տներում ջուրը կանոնավոր կերպով հասանելի դարձավ, նրանք սկսեցին ավելի շատ օգտագործել այն, մասնավորապես՝ օգտագործելով լվացքի մեքենաներ և տաք ջուր։

Նա հաստատեց, որ նոր ջրամատակարարման գիծը իսկապես ժամանակավորապես անջատվել էր ամռանը, քանի որ հին համակարգն այդ ժամանակ բնական մաքրման փուլում էր։ Լիազորի խոսքով, որոշ բնակիչների կողմից ջրի դիմաց վճարելուց հրաժարվելը պարզապես թյուրիմացություն էր։

«Աշխատակցի մոտ անճշտություն էր եղել, ինչի հետևանքով բնակիչների մոտ դժգոհություն էր առաջացրել։ Հիմա ամեն ինչ լուծվել և կարգավորվել է», — ընդգծեց Զարզանդ Կուջոյանը։

Պետք է նշել, որ տարիներ շարունակ Սուլդա գյուղը խմելու ջուր չի ունեցել, բնակիչները ջուրը տարաներով բերել են հարևան գյուղերից։

1993 թվականին Խորհրդային Միության փլուզումից հետո Սուլդա գյուղին ջուր մատակարարող գլխավոր ջրատարը, որը հայտնի էր որպես «Սուլդայի ջրատար», խափանվեց: Սուլդայի բնակիչները սեփական միջոցներով կառուցեցին սարերից եկող, նոր 8 կիլոմետրանոց ջրատար, որի կեսը՝ մոտ 4 կիլոմետրը, անցնում է սահմանամերձ տարածքներով: Խողովակաշարի այս հատված մուտք գործելու համար անհրաժեշտ էր սահմանապահների թույլտվությունը: Այդ ոչ արտեզյան ջուրը լեռներից հոսում էր ինքնահոս եղանակով, բաց վիճակով և, հետևաբար, խմելու համար պիտանի չէր: Սակայն բնակիչները այս պղտոր ջուրը ևս ստանում էին գրաֆիկով: Ձմռանը ջուրը սառչում էր, իսկ գարնանն ու աշնանը այն կեղտոտ էր, հատկապես, երբ ձյունը հալվում էր կամ սկսվում էին անձրևներ: Ջուրը խմելու համար պիտանի չէր, բնակիչներն այն օգտագործում էին կենցաղային նպատակներով:

Այնուհետև, 2022 թվականին, սկսվեց Դադեշ-Սուլդա ջրատարի՝ հին ջրամատակարարման համակարգի վերականգնման նախագիծը, որը պետք է գյուղը ջրով մատակարարեր Դիլիֆից։ Երկամյա նախագիծն իրականացվեց երեք տարում, աշխատանքներն ավարտվեցին 2024 թվականին։ Սակայն այս գիծը նույնպես գործում է ընդհատումներով և գրաֆիկով։

Մունիցիպալիտետը Սուլդա գյուղը խմելու ջրով ապահովելու համար ծախսել է ավելի քան 2.5 միլիոն լարի։

2015 թվականին նոր ջրամատակարարման համակարգի կառուցման վրա ծախսվել է 26,190 լարի։

2022–2023 թվականներին Դադեշ-Սուլդա ջրատարի վերականգնման համար տեղական բյուջեից հատկացվել է 1 291 195 լարի։

Բացի այդ, 2023 թվականին Տարածաշրջանային հիմնադրամը ջրամբարի և խողովակաշարերի կառուցման համար հատկացրել է 1 212 895 լարի։

Նաև Օգնություն գյուղին ծրագրի (ՕԳԾ) շրջանակներում 2023 թվականին Սուլդայի միջոցներից նույն նպատակով ծախսվել է 13 559 լարի։

Սուլդացիները խմելու ջուր կունենան. տեղական իշխանությունը կլուծի խնդիրը

Տակառները մեքենաների մեջ՝ հավերժ խմելու ջրի սպասումով

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝