Ախալքալաքում դեռևս 2023 թվականից նախատեսված էր աղբի տեսակավորման համակարգի ներդրում, սակայն այդ ուղղությամբ գործնական քայլեր մինչ այժմ չեն իրականացվել։
Jnews-ը փորձեց պարզել, թե ինչո՞վ է պայմանավորված աշխատանքների ձգձգումը և արդյոք ծրագիրը, որի իրականացումը նախատեսված է մինչև 2027 թվականը, կմտնի գործնական փուլ։
Ախալքալաքի քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռամազ Խուցիշվիլիի խոսքով՝ ծրագիրը լայնամասշտաբ է, քանի որ աղբի վերամշակումը համատեղ իրականացվելու է Ախալքալաքի, Ախալցիխեի, Ասփինձայի, Ադիգենի, Նինոծմինդայի մունիցիպալիտետների համար։ Սա պահանջում է ինչպես մեծ ֆինանսական ծախսեր, այնպես էլ երկարատև նախապատրաստական աշխատանքներ։
«Ներկայում հարցը քննարկվում է պետական մակարդակով՝ աղբի հիմնական հավաքման վայրի որոշման նպատակով։ Սկզբում նախատեսվում էր այն Ռուսթավի տեղափոխել, սակայն այժմ առավել հավանական է, որ աղբի հիմնական հավաքումն ու տեսակավորումը իրականացվի Ախալցիխեում՝ հարևան շրջաններից աղբի միասնական հավաքագրմամբ»։
Ախալքալաքի մունիցիպալիտետի աղբի տեսակավորման պլանը մշակվել է Վրաստանի աղբի տեսակավորման կոդեքսի, թափոնների կառավարման 2016-2030 թթ․ ազգային ռազմավարության և 2016-2020 թթ․ ազգային գործող պլանի համաձայն և ներառում է 2023-2027 թվականները։
«Աղբի տեսակավորման մեկնարկից առաջ անհրաժեշտ է մի շարք ուղղություններով աշխատանքների իրականացում։ Այդ գործընթացների կարգավորումից հետո հնարավոր կլինի սկսել կայուն և համակարգված տեսակավորումը։ Քանի դեռ տեխնիկայի և տարածքի հարցերը հստակեցված չեն, աշխատանքները չեն սկսվի։ Սակայն, քանի որ խնդիրը հիմնավոր լուծում է ստանալու, աշխատանքները մեծ մասշտաբով են կազմակերպվում, և դա է պատճառը, որ գործընթացը դեռ չի մեկնարկել։ Անկախ բոլոր դժվարություններից՝ գործն արվելու է», — նշեց Խուցիշվիլին։
Նրա խոսքով՝ տեսակավորումն իրականացվելու է եվրոպական չափանիշներին համապատասխան։
«Ախալքալաքի մունիցիպալիտետի տարածքում առկա է ավելի քան 500 աղբաման։ Այս տարի տեղադրվել է 5 նոր կոնտենյեր՝ յուրաքանչյուրը 5 տոննա տարողությամբ։ Դրանք հիմնականում տեղադրվել են այն գյուղերում, որտեղ նախկինում աղբամաններ չեն եղել։ Այսքան ժամանակ աղբամանների բացակայության պատճառն էլ այն է, որ ասֆալտապատ ճանապարհներ չկային, սակայն ճանապարհների կառուցումից հետո հնարավոր է դարձել նաև աղբամանների տեղադրումը», — ասաց Խուցիշվիլին։
Աղբահանությունը քաղաքում կազմակերպվում է Ախալքալաքի Սերվիս կենտրոնի կողմից։ Քաղաքի կենտրոնական փողոցներում տեղադրված աղբարկղերը դատարկվում են ամեն օր։ Աղբահանման ծառայությունն ընդգրկում է քաղաքի բնակչության 100 տոկոսը։ Գյուղական բնակավայրերում աղբահանությունն իրականացվում է շաբաթական երեք անգամ։
Ամբողջ շրջանից հավաքվող աղբը տեղափոխվում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի աղբավայր, որի ընդհանուր տարածքը կազմում է շուրջ 2000 քմ։ Տարածքի զգալի մասը արդեն զբաղված է կուտակված թափոններով։
Խուցիշվիլին նաև վստահեցրեց, որ մինչև 2027 թվականը ծրագրով նախատեսված աշխատանքները կիրականացվեն։
Նշենք, որ թափոնների կառավարումը Վրաստանի համար լուրջ մարտահրավեր է։ Մեր երկրում տարեկան առաջանում է մոտ 900,000-ից մինչև 1.1 միլիոն տոննա թափոն։ Սպառվող ռեսուրսների մակարդակով Վրաստանը մոտենում է Եվրամիության երկրներին։ Այնուամենայնիվ, Վրաստանի շրջանառության ցուցանիշը կազմում է միայն 1.48%, մինչդեռ Եվրամիության միջին ցուցանիշը՝ 11.5% է։ Սա նշանակում է, որ Եվրամիությունում առաջացած թափոնների ավելի քան 11%-ը վերամշակված ձևով կրկին օգտագործվում է, մինչդեռ Վրաստանում՝ 1.5%-ից պակասը։
Այս իրավիճակի հիմնական պատճառներն են՝ թափոնների կառավարման անբավարար ենթակառուցվածքը, հասարակության թերի տեղեկացվածությունը, և ներդրումների պակասը թափոնների վերամշակման ոլորտում։ [աղբյուր։ Circularity Gap Report 2023]
Վրաստանի Սահմանադրության 37-րդ հոդվածի համաձայն «Յուրաքանչյուր քաղաքացի ունի առողջության համար անվնաս միջավայրում ապրելու և բնական ու մշակութային միջավայրից օգտվելու իրավունք։ Բոլորը պարտավոր են խնամքով վերաբերվել բնական և մշակութային միջավայրին»։



