նորություններ 10 Նոյեմբերի, 2025 • Ախալքալաքում չեն դադարում երկլեզու կրթության շուրջ քննարկումները

Երկլեզու կրթության մասին քննարկումները Ախալքալաքում չեն ավարտվում։ Որոշ ծնողների մոտ անհանգստություն կա կապված երեխայի ծանրաբեռնված լինելու հետ, որոշների մոտ՝ մայրենի լեզվի մոռացության հետ։

Jnews-ը անցկացրել է առցանց հարցում՝ հասկանալու համար, թե որքանով են այդ մտահոգությունները համապատասխանում իրականությանը։ Հարցմանը մասնակցել է 164 ծնող, և ստացված պատասխանները ցույց են տալիս բավական բազմաշերտ պատկեր։

Հարցվածների 48 տոկոսը նշել է, որ երեխաները ծանրաբեռնված են երկլեզու առարկաներով։

Ծնողների 30 տոկոսի կարծիքով, ամենադժվար առարկան երեխաների համար «Մեր հասարակությունն» է։

Երկլեզու առարկաներից տրված տնային աշխատանքը միջինում պահանջում է ավելի քան 2 ժամ, այս կարծիքին են հարցմանը մասնակցած ծնողների 40 տոկոսը։

Ծնողների 64 տոկոսը մտածում է , որ երեխաները հոգնում կամ կորցնում են հետաքրքրությունն այս առարկաների նկատմամբ։

Ինչ վերաբերում է առաջադրանքների ծավալին՝ 45 տոկոսը կարծում է, որ դրանք մասամբ են համապատասխան երեխայի տարիքին։

Միևնույն ժամանակ, երեխաների պետական լեզվի իմացության տեսանկյունից 49 տոկոսը նշել է, որ նկատում են դրական արդյունք։

Ծնողները նշել են, որ երկլեզու առարկաները հատկապես նպաստել են հետևյալ հմտությունների զարգացմանը․

  • 36%՝ լսողական հմտություններ,

  • 26%՝ գրավոր արտահայտման,

  • 26%՝ բանավոր խոսքի,

  • 12%՝ կարդալու ընկալման։

Հարցին՝ արդյոք կցանկանան, որ երկլեզու ծրագիրը շարունակվի այս ձևաչափով, ծնողների 47 տոկոսը պատասխանել է «ոչ», 32 տոկոսը՝ «այո», իսկ 21 տոկոսը՝ դժվարացել է պատասխանել։

Ախալքալաքի շրջանի գյուղերից մեկի դպրոցում ժողով է անցկացվել բիլինգվալ կրթության հարցով՝ ծնողների կողմից բարձրաձայնվել է այն հարցը, որ երեխաները, որոնք երեք-չորս երկլեզու առարկա ունեն ամբողջ օրվա ընթացքում զբաղված են դասերով, դա և ծանրաբեռնում է երեխաներին, և հիասթափություն առաջացնում՝ այդ առարկաները սովորելու նկատմամբ։

«Միշտ ուշադրություն պետք է դարձնեմ դասերը սովորելուն, երկլեզու առարկաները համեմատած դժվար է, երեխայից բավականին երկար ժամանակ է պահանջվում։ Առարկա կա, որ հին գրքերն էլ տանում են դպրոց, երկու գիրքը նույնպես բարդացնում է իրավիճակը»,  — ասաց ծնողներից մեկը։

Jnews-ը հեռախոսազրույց է ունեցել մի քանի գյուղի երկլեզու ուսուցիչների հետ (հատուկ չենք հրապարակում անուն ազգանուները)։ Ինչպես նրանք հավաստիացրեցին՝ բոլոր հին գրքերը հավաքվելու են, որպեսզի միայն նոր բիլինգվալ գրքերով անցկացնեն դասերը։

Կան ուսուցիչներ, որ դեռևս հին գրքերով օգտվում են, որպես հավելյալ ռեսուրս՝ դասն արդյունավետ ներկայացնելու համար։ Հին գրքերից հիմնականում ուսուցիչներն են օգտվում և առաջադրանքներ չեն տալիս երեխաներին։

«Մեր մոտ միայն «Մեր հասարակությունն» է, որ հայերեն գրքերից էլ են երբեմն ուսուցիչները օգտվում՝ որպես օգնող ռեսուրս, բայց դրանք հավաքելու են, և ամբողջությամբ նոր գրքերով են դասավանդելու», — ասաց ուսուցիչներից մեկը։

Ծնողների համոզմամբ երկլեզու ուսուցիչներն էլ պահանջում են տնային, որը երեխայից ժամանակ է պահանջում։

«Չորս երկլեզու առարկա ունենալու դեպքում գրեթե ութ առարկա է դառնում․ երեխային պետք է ոչ միայն սովորել հայերենով, այլև վրացերեն բառապաշար՝ ինչը դժվարացնում է ուսումը»։

Ուսուցիչների խոսքերով՝ դասի բովանդակությունը բաշխված է 70% մայրենի լեզվով, և 30% պետական լեզվով, և հիմնական մասը բացատրվում է հենց դասի ընթացքում։

«Ընդհակառակը դասի նյութն այնպես է բաշխված, որ մեծ մասը դասարանում է բացատրվում։ Երեխաներին մանրամասն բացատրվում է վրացերեն մասը, և տանը համեմատած շատ քիչ բան է մնում կատարելու», — վստահեցնում են ուսուցիչները։

Երկլեզու կրթության մասնագետն իր հերթին ընդգծում է, որ դժվարություն ընդհանրապես լեզվի չիմացությունից է առաջանում։

«Շատ երկրներում երկլեզու կրթական ծրագիր է գործում, ու սա միջազգային փորձ է։ Ծրագիրը հեշտ ու օգտակար է, երբ ցածր դասարանի երեխաների համար է կազմված․ ավելի մեծ տարիքում միգուցե ավելի բարդ լինի։ Միանշանակ մեթոդաբանությունը և մոտեցումն իր հերթին շատ կարևոր է», — վստահեցնում է երկլեզու կրթության ուսուցչուհին։

Ծնողներից որոշների համոզմամբ՝ առարկան ամբողջությամբ մեկ լեզվով դասավանդելն ավելի արդյունավետ կարող է լինել։

«Ամբողջ իմաստը հենց երկլեզու հասկացողության մեջ է, նպատակը նաև քաղաքացու ինտեգրումն է, հնարավոր չէ այն ամբողջությամբ մեկ լեզվով անցկացնել, ուրեմն ամբողջ ծրագիրը պետք է չեղարկվի», — եզրափակեց երկլեզու  ուսուցչուհին։

Հարկ է նշել, որ այս՝ երկլեզու կրթության նախագիծը ներառված է Վրաստանի կրթության և գիտության նախարարության 2022-2032 թվականների ռազմավարական ծրագրում, որը ներառում է հետևյալ առանկաները՝ Մեր Վրաստանը՝ 5-6 րդ դասարաններ, Բնություն՝ 3-4-րդ դասարաններ, Մաթեմատիկա՝ 2-4-րդ դասարաններ, Արվեստ՝ 2-4-րդ դասարաններ, Ես և հասարակությունը՝ 3-4-րդ դասարաններ։

«Երեխաների ընդունակությունը տարբեր է, կարող է մի երեխայից ավելի երկար ժամանակ պահանջվի դասը սովորելու համար, մյուսից ավելի քիչ, այստեղ կարևոր դեր ունի հենց ծնողի ուշադրությունը», — ասում է երկլեզու ուսուցիչը։

Ուսուցիչների խոսքերով, երկլեզու կրթության արդյունքը տեսանելի է, իրենք ողջունում են այս ծրագիրը, չնայած նրան, որ իրենք ևս ավելի շատ ջանք են թափում լեզուն սովորեցնելու համար, որն էլ իրենց առաքելությունն է։

Կարդացեք նաև՝

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝