նորություններ 4 Նոյեմբերի, 2025 • Երևանում Telegram-դրամաշորթողները շարունակում են իրենց «որսն» արտասահմանյան համարանիշներով մեքենաների նկատմամբ

Երևանում արտասահմանյան պետհամարանիշներով մեքենաներից ավտոմասերի և համարանիշների գողությունները շարունակվում են արդեն մի քանի տարի։ Հանցագործները գործում են նույն սխեմայով. գիշերը հանում են մասերը կամ համարանիշները, մեքենայի վրա թողնում Telegram-ի օգտատիրոջ անունով թղթի կտոր, իսկ ավելի ուշ պահանջում են փրկագին՝ սովորաբար կրիպտոարժույթով։ Այս խարդախությունների զոհ հաճախ դառնում են վրացական պետհամարանիշներով մեքենաները։

Զոհերը հիմնականում օտարերկրյա համարանիշներով մեքենաների տերեր են, քանի որ նրանց համար Հայաստանում գողացվածը փոխարինելը շատ ավելի դժվար է։

«Դա արդեն վաղուց համակարգ է դարձել», — պատմում է Գրիգորը (անունը փոխված է), ով ավելի քան հինգ տարի ապրում է Երևանում։

Նա ունի ռուսական համարանիշներով մեքենա, և վերջին մեկ տարվա ընթացքում նրան երկու անգամ կողոպտել են։ Առաջին անգամ գողերը հանել են համարանիշները, իսկ երկրորդ անգամ՝ կողային ապակիները։

«Երբ ես գրեցի թողած օգտատիրոջ նիկին, նրանք պահանջեցին ինձից մեծ գումար։ Երկար բանակցություններից հետո նրանք համաձայնեցին ավելի փոքր գումարի։ Գումարն ընդունվում էր միայն DASH կրիպտոարժույթով։ Երբ ես վերցրի ապակիները, պարզվեց դրանք վնասված էին», — հիշում է Գրիգորը։

perepiska_s_moshennikom_1 

perepiska_s_moshennikom_2

Երևանի բնակիչ Դավիթը (անունը փոխված է), որի մեքենան վրացական համարանիշներով է, նույնպես նմանատիպ իրավիճակի է բախվել։ Երբ նա քաղաքից դուրս էր գտնվում՝ մասնակցելու մի միջոցառման, նկատել էր, որ կողային ապակիները բացակայում են։ Ռեստորանի տարածքում տեղադրված տեսախցիկներն օգնել էին նույնականացնել գողին։ Դավիթի խոսքով՝ ռեստորանի տերն ինքն է ստիպել գողին վերադարձնել գողոնը։

Մեկ այլ զոհ էլ Նարեկն (անունը փոխված է) է, որը տասը տարուց ավելի է ապրում է Երևանում։ Նա նույնպես ունի վրացական համարանիշներով մեքենա։ Նրանից գողացել են մի քանի ավտոմասեր, սակայն Telegram-ի հասցեներ չեն թողել, ուստի նա պարզապես նոր ավտոմասերը գնել է իր սեփական միջոցներով։

Հարցվածներից ոչ մեկը չի դիմել ոստիկանություն: Ըստ նրանց՝ շատերը, ովքեր դիմել են իրավապահ մարմիններին, այդպես էլ որևէ արդյունքի չեն հասել:

«Բոլորը գիտեն, որ գործերը չեն հասնում մինչ ավարտ, ուստի մարդիկ իրենք են լուծում իրենց խնդիրը», — ասում է Գրիգորը:

Միևնույն ժամանակ, Երևանի ոստիկանությունը վերջերս հայտնել է 16-ամյա տղայի և 23-ամյա տղամարդու ձերբակալության մասին, որոնք կասկածվում են նմանատիպ մի շարք գողությունների մեջ: Ըստ վարչության՝ հոկտեմբերի 13-ի գիշերը՝ ժամը 4:40-ի սահմաններում, պարեկային ծառայության աշխատակիցները Հունան Ավետիսյանի անվան փողոցում նկատել են երկու երիտասարդի: Նրանցից մեկը, տեսնելով ոստիկաններին, փորձել է ինչ-որ բան թաքցնել իր պայուսակում: Նրանց տարել են Նոր Նորքի ոստիկանության բաժին:

Պարզվել է, որ ձերբակալվածները՝ մեկը Երևանի բնակիչ և մյուսը Արարատի մարզի Նորաբաց գյուղի բնակիչ, գողացել են մայրաքաղաքի տարբեր հատվածներում կայանված մոտ 40 մեքենաների ավտոպահեստամասեր։ Այնուհետև նրանք մեքենաների վրա թողել են Telegram ալիքների հասցեներով թերթիկներ և պահանջել են փրկագին՝ գողացված իրերի գտնվելու վայրի մասին տեղեկատվության դիմաց։ Անձնական խուզարկության ժամանակ ձերբակալվածներից մեկի մոտ հայտնաբերվել է 15 թերթիկ՝ Telegram-ի նիկերով։

Կասկածյալների ձերբակալությունից անկախ, մայրաքաղաքի բնակիչները կարծում են, որ խնդիրը մնում է չլուծված։ Արտասահմանյան համարանիշներով մեքենաների սեփականատերերը շարունակում են վախենալ գիշերային գողություններից, իսկ Telegram-ը մնում է դրամաշորթողների հիմնական գործիքը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝