Վրաստանում դպրոցական օլիմպիադաները դառնում են ոչ միայն գիտելիքների ստուգման գործիք, այլև աշակերտների համար լրացուցիչ կրթական հնարավորություններ, մոտիվացիա և նույնիսկ ապագայում ակադեմիական հաջողությունների հնարավորություն ստանալու միջոց: Այնուամենայնիվ, շրջաններում, այդ թվում՝ Ջավախքում, դպրոցականները բախվում են մի շարք դժվարությունների՝ պետական լեզվի չիմացություն, տեղեկատվության պակաս, վատ պատրաստվածություն և համակարգային աջակցության բացակայություն:
Վերջին տարիներին Վրաստանում կրթական օլիմպիադաների ցանցը զգալիորեն ընդլայնվել է։ Մի մասը կազմակերպվում է պետական մարմինների, իսկ մյուս մասը՝ մասնավոր կրթական կենտրոնների կողմից։ Մենք ուսումնասիրել ենք Վրաստանի ամենահայտնի օլիմպիադաները և զրուցել Ախալքալաքի դպրոցների ուսուցիչների և աշակերտների հետ այն մասին, թե ինչպես է այս համակարգը գործնականում աշխատում։
Մայա Զազաձեն առաջին անգամ է մասնակցում http://kings.ge-ի կողմից կազմակերպված անգլերենի և մաթեմատիկայի օլիմպիադային։ Նա արդեն անցել է անգլերենից առաջին փուլը և անհամբեր սպասում է մաթեմատիկայի օլիմպիադայի մեկնարկին։
Ըստ Մայայի՝ անգլերենի օլիմպիադային մասնակցելը շատ դրական փորձառություն էր. առաջադրանքները հետաքրքիր էին և հետաքրքրաշարժ։
Նա օլիմպիադաների մասին իմանում է ուսուցիչներից կամ առցանց։ Օրինակ՝ Մայան տեղեկություններ է գտել GELI օլիմպիադայի մասին, բայց տարիքային սահմանափակումների պատճառով դեռ չի կարող մասնակցել։ Նա սպասում է մինչև 10-րդ դասարան հասնելը, որպեսզի հայտը ներկայացնի։
«Նախկինում ես վախենում էի մասնակցել, քանի որ ինքս իմ մեջ վստահ չէի։ Հիմա ինքս եմ պարապում, թեստեր եմ անում, ինչպես նաև հաճախում եմ մաթեմատիկայի անհատական դասերի. իմ դասուսույցն օգնում է ինձ պատրաստվել օլիմպիադային։
Ինձ շատ է դուր գալիս, որ նոր գիտելիքներ եմ ձեռք բերում՝ սա ինձ համար արժեքավոր փորձ է։ Խորհուրդ եմ տալիս բոլորին վստահ լինել սեփական ուժերում և չվախենալ մասնակցել։ Դա ընդհանրապես վախենալու չէ, ընդհակառակը, շատ հետաքրքիր և գրավիչ է։ Գլխավորը նախապատրաստվելն է, գործընթացից հաճույք ստանալը և հիշելը, որ յուրաքանչյուր փորձ կարևոր է»։
Վրաց լեզվի ավագ ուսուցչուհի Շորենա Թեթվաձեն նշում է, որ օլիմպիադաները հարմարեցված են աշակերտների առկա գիտելիքների մակարդակին։ Նրա խոսքով՝ առաջին փուլը սովորաբար միջին դժվարության է, երկրորդը՝ մի փոքր ավելի դժվար, իսկ եզրափակիչ փուլում հանդիպում են բարդ առաջադրանքներ։
«Մենք անհատական դասեր չենք անցկացնում հատուկ օլիմպիադայի համար, բայց կրկնում և ընդհանրացնում ենք նյութը։ Թեմաները տարբեր են լինում, և երբեք նախապես չգիտես, թե ինչի կհանդիպես, ուստի մենք հիմնականում աշխատում ենք գրավոր խոսքի և թարգմանության վրա, այլ կերպ ասած՝ ընդհանուր հմտությունների, այլ ոչ թե կոնկրետ նեղ թեմաների», — մեկնաբանում է Շորենան։
Ախալքալաքի օլիմպիադայի մասնակիցների համար սովորական է անցնել հաջորդ փուլ, բայց չկարողանալ մասնակցել, քանի որ այն անցկացվում է մեկ այլ քաղաքում: Սուսաննա Վարդեւանյանը նման աշակերտուհիներից մեկն է: Երկու տարի առաջ նա մասնակցել է ռուսաց լեցվից անցկացված Ազգային կրթական օլիմպիադային։
«Առաջադրանքները բազմազան էին՝ որոշները հեշտ էին, մյուսները՝ ավելի դժվար: Ես կարողացա անցնել երկրորդ փուլ, որը պետք է անցկացվեր Ախալցիխեում, բայց, ցավոք, չկարողացա այնտեղ գնալ: Եթե երկրորդ և երրորդ փուլերը անցկացվեին Ախալքալաքում, ես ավելի մեծ ոգևորությամբ կմասնակցեի», — պատմում է նա:
Սուսաննան օլիմպիադայի մասին դպրոցից է իմացել։
«Երկու տարի է, ինչ որևէ տեղեկություն չեմ ստանում, ուստի չեմ մասնակցում։ Խորհուրդ եմ տալիս բոլորին մասնակցել. սա իսկապես անգնահատելի փորձառություն է»։
Ավագ ուսուցչուհի Շորենա Թեթվաձեն հաստատում է, որ Ախալքալաքից մասնակիցների թիվն ավելի մեծ է, երբ օլիմպիադաներն անցկացվում են տեղում։
«Անցկացման վայրը շատ կարևոր է։ Եթե առաջին փուլերն անցկացվում են այստեղ՝ Ախալքալաքում, մասնակիցները զգալիորեն ավելի շատ են։ Բայց երբ փուլերն անցկացվում են այլ քաղաքներում, մասնակիցների թիվը նվազում է. շատերը չունեն ֆինանսական կամ տրանսպորտային միջոցներ»։
Նա հավելում է, որ օլիմպիադաների մասին իմանում է Կրթության նախարարության կայքից, Facebook-ից և տարբեր առցանց հարթակներից: Դպրոցները նույնպես ստանում են պաշտոնական ծանուցումներ, իսկ տնօրենները, իրենց հերթին, տեղեկացնում են ուսուցիչներին։
Շորենայի խոսքով՝ վրացերենի չիմացությունը լուրջ խոչընդոտ է օլիմպիադաներին մասնակցելու համար։
«Սա հիմնական գործոններից մեկն է: Առաջադրանքները հասկանալու համար անհրաժեշտ է գոնե փոքր-ինչ տիրապետել վրացերենին: Լեզվի չիմացությունը լուրջ խոչընդոտ է դառնում և հաճախ դեմոտիվացնում է աշակերտներին»։
Մեր հետազոտության մեջ մենք դիտարկել ենք վեց տարբեր օլիմպիադաներ, որոնք անցկացվել են և՛ պետական, և՛ մասնավոր մակարդակներում: Լինում են առցանց և առկա, լինում են վճարովի և անվճար: Օրինակ՝ Ազգային կրթական օլիմպիադան Վրաստանում ամենահեղինակավորներից մեկն է: Այն պետական մրցույթ է, և մասնակցությունն անվճար է: Մասնակիցների գրանցումը նախատեսվում է նոյեմբերի սկզբին, որից հետո մանրամասները տեղադրվում են պորտալումnaec.ge, և դպրոցները տեղեկացվում են պաշտոնական գրությամբ։
Մնացած հինգ օլիմպիադաները մասնավոր են։ Դրանք ներառում են՝
- «Էվերեստ» օլիմպիադա մաթեմատիկայից՝ 2-6-րդ դասարանների համար։ Առկա մասնակցության դեպքում առաջին և երկրորդ փուլերին մասնակցությունն արժե 25 լարի, իսկ եզրափակիչ փուլին մասնակցությունն անվճար է։
- PEC համակցված օլիմպիադա՝ տարբեր առարկաներից՝ 2-6-րդ դասարանների համար։ Մասնակցությունն օլիմպիադայի առաջին փուլին անվճար է։
- «Քինգս» օլիմպիադային վրացերենից և անգլերենից, ինչպես նաև մաթեմատիկայից՝ 1-12-րդ դասարանների համար։ Նախընտրական փուլին մասնակցությունն անվճար է, իսկ եզրափակիչ փուլին՝ 29 լարի։
- «Էրուդիտ» օլիմպիադա տարբեր առարկաներից՝ կախված դասարանից։ Մեկ առարկայի առաջին փուլին մասնակցությունն արժե 15 լարի, երկրորդ փուլին՝ 20 լարի, երրորդ և եզրափակիչ փուլին՝ անվճար։
- «Լինգոսթար» օլիմպիադա անգլերենից՝ 3-12-րդ դասարանների համար։
Ի՞նչ տարբերություն կա պետական և մասնավոր օլիմպիադաների միջև։ Շորենա Թեթվաձեն նշում է, որ դրանք տարբերվում են թե՛ բովանդակությամբ, թե՛ բարդության մակարդակով, չնայած բոլորը պահպանում են ընդհանուր չափանիշներ. «Կան, օրինակ, brains.ge-ի նման օլիմպիադաներ, որտեղ առաջադրանքներն ավելի հանրաճանաչողական բնույթի են»։
Ինչ վերաբերում է առցանց օլիմպիադաներին, Շորենան ասում է, որ տեղի դպրոցականները հազվադեպ են մասնակցում դրանց, բայց նա խրախուսում է հակառակը։
«Յուրաքանչյուր օլիմպիադա մեծ պլյուս է։ Նույնիսկ եթե սխալներ ես թույլ տալիս, սկսում ես ավելի շատ կարդալ, փնտրել պատասխաններ և զարգանալ։ Սա մեծացնում է հետաքրքրությունը և կատարելագործվելու ցանկությունը»։
Վճարովի օլիմպիադաները նույնպես ժողովրդականություն չեն վայելում Ախալքալաքի աշակերտների շրջանում, քանի որ ոչ բոլոր ընտանիքներն ունեն դրա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները։
Շորենան նշում է, որ իր կարծիքով, համակարգը պետք է փոխվի՝ օլիմպիադաներին ավելի շատ մարդկանց մասնակցելուն խրախուսելու և դրանք ավելի օգտակար դարձնելու համար։
«Նախ, ես կցանկանայի, որ օլիմպիադաներն ավելի ճանաչողական լինեն։ Երկրորդ, ես կցանկանայի, որ դրանք անցկացվեն ոչ միայն խոշոր քաղաքներում, այլև մեզ մոտ՝ մարզերում։ Երրորդ, մենք պետք է բարձրացնենք այս միջոցառումների մասին իրազեկվածությունը և ավելի ակտիվորեն խթանենք դրանք։ Եվ, իհարկե, մասնակիցներին պարգևատրել ոչ միայն վկայականներով, այլև արժեքավոր մրցանակներով, ինչը զգալիորեն կբարձրացնի մոտիվացիան», — եզրափակում է նա։



