Ախալքալաքի շրջանի Կումուրդո գյուղի խմելու ջուրը աղոտված է։ 2500 բնակիչ ունեցող գյուղի հիմնական խնդիրն այսօր խմելու ջուրն է։ Գյուղացիների կարծիքով` ջուրը, որն իրենք ամեն օր խմում են, աղտոտված է, իսկ պատկան մարմիննրեը վստահեցնում են, որ այն պարբերաբար ստուգվում է, և անվտանգ է օգտագործման համար։
Գյուղի ջուրը 1995 թվականից սկսած հոսում է Դիլիֆից։ Այնտեղից չորս ակունք միավորվում է մեկ ջրամբարի մեջ, որտեղից ջուրը բաշխվում է Կումուրդո և Ղուլալիս գյուղերին։ Գյուղացիների խոսքերով՝ Դիլիֆ գյուղի բնակիչները տեղափոխել են սկզբնական կառուցված ջրամբարը, որը հիմա ցանկապատված չէ։ Մնացած ակունքները միասին միանում են ընդհանուր ջրամբարին, որտեղից էլ ջուրը բաշխվում է գյուղերին։ Անուշադրության հետևանքով կենդանիները հաճախ այնտեղից են ջուր խմում, ինչի հետևանքով գլխավոր ջրամբարը կեղտոտված է։
«Անտանելի է տեսնել, թե ինչ վիճակում է ջրամբարը։ Ամեն կենդանի այնտեղից ջուր է խմում։ Կումուրդոյից բացի՝ Ղուլալիս գյուղն էլ նույն ջրից է օգտվում», — ասում է Կումուրդոյի բնակիչ Մերուժան Վարդանյանը։
«Այնպես չէ, որ ջուրը հիմա է կեղտոտվել, 30 տարի կա այս խնդիրը, ժողովուրդն անտարբեր է, չի մտահոգվում։ Եթե որոշների համար նորմալ է այդ ջուրը խմելը ինձ համար նորմալ չէ», — ասում է գյուղի մեկ այլ բնակիչ Կարեն Վարդանյանը։
«Կարող եք գալ գյուղի կենտրոն ինքներդ տեսնել, ջուրը արժի խմե՞լ։ Միայն իմ ասել կամ չասելով չի։ Հիմա այսպես խոսենք ինչ-որ մեկն ասելու է մաքուր է ջուրը գործ չունեք, ես էլ տեսնում եմ մաքուր չի, դրա համար մասնագետ թող գա ու գնահատի ընդհանուր իրավիճակը, որպեսզի լուծում տրվի», — ավելացնում է Կարենը։
Հատկանշական է, որ գյուղի մանկապարտեզում արգելված է գյուղի խմելու ջուրն օգտագործել։ Բանն այն է, որ մասնագետ է եկել և ջուրը ստուգելուց հետո արգել են երեխաներին տալ։ Յուրաքանչյուր երեխա իր խմելու ջուրը տնից է բերում շշով, փաստացի նույն արգելված ջուրն են խմում։
Կումուրդո գյուղի բնակիչները հիշում են, որ 2000-ական թվականների սկզբներին մասնագետ են կանչել, ով առաջարկել է կտրել գյուղի ընդհանուր ջուը, քանի որ խմելու համար այն վտանգավոր է, բայց գյուղացինները հազիվ ջուր էին ունեցել, և հրաժարվել են կտրել այն, քանի որ մեծ վեճ կառաջանար գյուղացիների միջև։
Դավիթ Շահինյանը տանը ֆիլտր է օգտագործում։ Նրա խոսքով գյուղում շատերն օգտագործում են ֆիլտրման սարք։
«Շաբաթը մեկ անգամ փոխում ենք սարքը, կեղտը բռնում է, եթե ավազ լիներ կմաքրվեր և էլի կօգտագործվեր, բայց սա ինչի է նման ասելու չի։ Գյուղում շատերը լեղապարկի հետ խնդիր ունեն, պարզ է, որ ջրից է», — ասում է Դավիթը։
Գյուղացիները, գուցե, լիովին չեն պատկերացնում իրական վիճակը, քանի որ սեփական աչքով չեն տեսել ջրի ակունքը, որտեղից գյուղը ջուր է ստանում։
«Մոտ մեկ ամիս առաջ գյուղապետին ասելուց հետո, մարդիկ գնացին, ցանկապատեցին ջրամբարը, սակայն հիմա այդ ցանկապատը կրկին քանդված է, իսկ կենդանիները շարունակում են այնտեղից ջուր խմել։ Ջուրը պղտորված չէ, գույնը նորմալ է, սակայն ծորակը բացելիս մեջը նկատվում են սև, ավազանման մասնիկներ։ Մեր տանը տեղադրված է ջրամղիչ պոմպ, և երբ այն միացնում ենք, ջուրը հոսում է ավելի արագ, ինչի արդյունքում այդ ավազանման մասնիկները ավելի շատ են երևում», — ասում է գյուղի բնակիչ Արտաշես Վարդանյանը։
Կումուրդո գյուղի բնակիչ Մերուժան Վարդանյանը հիշում է ինչ դժվարությունների միջով են անցել, որպեսզի ջուրը հասնի գյուղացիներին։ «Աննկարագրելի է, թե ինչ դժվարությամբ է ջուրը գյուղ բերվել», — նշում է նա։
Սկզբում հաշվարկվել է 17 կմ ընդհանուր ճանապարհ, սակայն հետագայում պարզվել է, որ այն հասնում է մինչև 25 կմ-ի։ Գյուղի արտագաղթը, Մերուժանի խոսքով, մեծ մասամբ պայմանավորված է եղել խմելու ջրի բացակայությամբ։ Քարցեփ, Հոկամ և Չամդուրա գյուղերում այսօր ապրում են Կումուրդոյից գաղթած տասնյակ ընտանիքներ։
1992 թվականին բնակիչները միավորվել են և սեփական ուժերով սկսել աշխատանքները։ Ֆինանսապես առաջինը գյուղացի հացթուխ Քոթոն է աջակցել։ Հետագայում «Հայաստան» հիմնադրամը տրամադրել է 35 տոննա վառելիք, 500 կգ էլեկտրոդ, և 3000 դոլլար դրամական օգնություն։ Պետությունն աջակցել է ոչ նյութապես, տրամադրել է 1300 հատ խողովակ։ Աշխատանքները տևել են չորս տարի։
«Այն ժամանակ գյուղում այսքան ծառ չկար։ Կանաչապատումը հետո արվեց, օդն էլ հիմա թթվածնով հարստացել է, ջուր ունենալուց հետո գյուղը գեղեցկացավ», — նշում է նա։
Վերջինս առաջարկում է ցանկապատել Դիլիֆ գյուղում գտնվող ջրամբարը։
«Աբլարի ջրամբարը ինչքան լավ են ցանկապատել, նման կերպ էլ պետք է Դիլիֆ գյուղի ջրամբարները ցանկապատել։ Դիլիֆցիներ ջան, դուք լավ ջուր ունեք, օգտակար նյութերով հարուստ։ Մենք էլ ենք մարդ, խնդրում ենք, պատասխանատվություն ունեցեք, ջրի ակունքներին ձեռք մի տվեք», — ասում է Մերուժան Վարդանյանը։
Կումուրդոյի գյուղապետ Շավարշ Մղդեսյանը վստահեցնում է , որ ջուրը մաքուր է։
«Սուտ տեղեկություն է։ Ջուրը երբեք կեղտոտ չի եղել։ Ես համարյա ամեն շաբաթ այնտեղ եմ լինում։ Գյուղի ջուրը չորս ակունքից է գալիս, և միայն մեկի վրա է բաց։ Դա էլ աշխատանքներ է տարվում՝ ծածկելու համար», — ասում է Շավարշ Մղդեսյանը։
Նրա խոսքով՝ այս տարի գյուղին հատկացված գումարն օգտագործվել է լուսավորության ծրագրի համար, քանի որ հենց դա են պահանջել բնակիչները։ Մի մասն էլ հատկացվել է ջրաբաշխիչների համար շենք կառուցելուն։
Արտաշես Վարդանյանը հավատացնում է, որ տարիներ շարունակ ջուրը խմելու առաջ զտում է։
«Ես անձամբ տեսել եմ, որ ջրամբարի մեջ սատկած կենդանի կար։ Կենդանիներն էլ, մարդիկ էլ ազատ մոտենում են ջրամբարին։ Խոսել եմ՝ թե՛ բնակիչների, թե՛ պաշտոնյաների հետ, բայց մինչ այժմ որևէ լուծում չկա», — ասում է Արտաշեսը, ով նաև լուսանկար ունի, որ սատկած կենդանի է եղել ջրում։
Կումուրդոցիները համոզված են՝ ջրի խնդիրը պահանջում է պետական միջամտություն և վերահսկողություն։
«Այս խնդիրը միայն ինձ չի վերաբերում, սա բոլորիս խնդիրն է։ Յուրաքանչյուրն իր իմացածն առաջարկում է ու կողքի քաշվում, թե դա է ճիշտ ձևը։ Պետական միջամտություն է հարկավոր, որ մի լուծում առաջարկվի, որ բոլորը համաձայնվեն։ 30 տարի մենք չենք կարողացել լուծել, ոչ էլ կկարողանանք։ Բայց խնդիր կա, եթե մենք չենք կարող ուրիշը պետք է գա ու լուծի, թող գան, ամենակարևորն այն է, որ ջուրը մաքուր լինի»։
Գյուղացիները եզրափակում են․ «Ջրի մեջ ցանկացած վտանգավոր նյութ հայտնվելու ռիսկը բարձր է, և վտանգում է այսքան մարդու կյանքը»։
Բնակիչների կարծիքով, չնայած աշխարհը շարժվում է դեպի զարգացում և նոր ստանդարտներ, իրենց գյուղի բնակիչները շարունակում են բախվել տարրական խնդիրների՝ անվտանգ խմելու ջրի բացակայության հետ։




