ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Քոսը Եվրախորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի անդամներին կներկայացնի Եվրամիության 2025 թվականի ընդլայնման փաթեթը։
Ըստ Եվրախորհրդարանի՝ քննարկում կանցկացվի հիմնականում ԵՄ անդամակցության ուղղությամբ թեկնածու և պոտենցիալ թեկնածու երկրների արձանագրած առաջընթացի շուրջ։
Համապատասխան երկրներում ԵՄ-ին վերաբերող բարեփոխումների գնահատումից հետո հանձնաժողովի զեկուցողները կմշակեն բանաձևեր՝ յուրաքանչյուր երկրի համար խորհրդարանի եզրակացություններով և առաջարկություններով։
Հիշեցնենք, որ Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին մի քանի օր առաջ հայտարարել էր, որ Վրաստանի ընդլայնման վերաբերյալ զեկույցը կհրապարակվի նոյեմբերի 4-ին. «Եվրահանձնաժողովը կներկայացնի շատ երկար և բովանդակալից փաստաթուղթ, որը մանրամասն կնկարագրի, թե ինչ է տեղի ունեցել Վրաստանում վերջին մեկ տարվա ընթացքում, և ինչպես է դա առնչվում Վրաստանի Եվրամիության անդամ դառնալու ձգտմանը։ Նոյեմբերի 4-ը շատ կարևոր ամսաթիվ է, այդ օրը Բրյուսելում կկայանա մամուլի ասուլիս, որը կվարեն Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Քոսը։ Նույն օրը՝ նոյեմբերի 4-ին, նաև ես մամուլի ասուլիս կանցկացնեմ Թբիլիսիում՝ մանրամասն պատասխանելու համար այն հարցերին, թե որքան լավ կամ վատ է աշխատում Վրաստանն այս ուղղությամբ », — նշել է դեսպանը։



