Գործող օրենսդրությամբ՝ գույքահարկի տարեկան հայտարարագրի ներկայացման կամ վարչարարության մասով որևէ փոփոխություն չի կատարվել։ Համապատասխանաբար, անհատ ձեռնարկատերերն ու ֆիզիկական անձինք պարտավոր են ներկայացնել հայտարարագիրը նախորդ հարկային տարվա տվյալներով՝ հարկման ենթակա գույքի վերաբերյալ, իսկ հողի վերաբերյալ՝ ընթացիկ հարկային տարվա ապրիլի 1-ի դրությամբ։ Այս մասին նշվում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հայտարարության մեջ։
Բացի այդ, հայտարարագիրը ներկայացնելու պարտավորություն չկա այն անձանց համար, որոնք նախորդ հարկային տարում արդեն ներկայացրել են հայտարարագիր կամ ունեցել են հաշվարկված հարկ, իսկ տվյալները չեն փոխվել (համակարգը ավտոմատ կգրանցի նախորդ տարվա տեղեկատվությունը)։
«Հարկ վճարողների շահերից ելնելով՝ եկամուտների ծառայությունը մանրամասնորեն պարզաբանում է այն անձանց կատեգորիան, որոնք պարտավոր են մինչև նոյեմբերի 1-ը ներկայացնել գույքահարկի տարեկան հայտարարագիր։
Հայտարարագիրը պարտավոր են ներկայացնել ֆիզիկական անձինք, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերը, եթե իրենց և ընտանիքի անդամների նախորդ տարվա (2024) եկամուտը գերազանցում է 40 000 լարին, և նրանք ունեն հարկման ենթակա գույք (անշարժ գույք, այդ թվում՝ չավարտված շինարարություն, շինություններ կամ դրանց մասը, զբոսանավ, ուղղաթիռ, ինքնաթիռ և թեթև մարդատար ավտոմեքենաներ՝ բացառությամբ մոտոցիկլետների և մոպեդների)։ Տնտեսական գործունեության իրականացման դեպքում՝ հարկման ենթակա են նաև հաշվեկշռում հիմնական միջոցների տեսքով գրանցված ակտիվները, սարքավորումները և այլն»,- ասվում է հայտարարության մեջ։
 
        				
				
				


