նորություններ 31 Հոկտեմբերի, 2025 • Ախալքալաքում կայացավ նորընտիր Սակրեբուլոյի առաջին նիստը

Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, Ախալքալաքի նորընտիր Սակրեբուլոն անցկացրեց իր առաջին նիստը։ Պատգամավորները ընտրեցին նախագահ, փոխնախագահներ, խմբակցությունների ղեկավարներ և մշտական հանձնաժողովների նախագահներ։ Քվեարկության արդյունքում նոր նախագահ ընտրվեց Ռուբեն Պալյանը։

Նիստին ներկա էին Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, քաղաքապետարանի աշխատակիցներ և շրջանային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներ։

Ընտրական օրենսգրքի համաձայն, Սակրեբուլոյի առաջին նիստը բացեց թիվ 40 շրջանային ընտրական հանձնաժողովի նախագահ Հասմիկ Մառանգոզյանը։ Այն սկսվեց Վրաստանի հիմնի կատարմամբ։

Իր ելույթում Մառանգոզյանը շնորհավորեց նորընտիր քաղաքապետ Մելքոն Մակարյանին և պատգամավորներին՝ մաղթելով նրանց արգասաբեր աշխատանք: Այնուհետև նա նախագահությունը հանձնեց խորհրդարանի ամենատարեց անդամ Գայոզ Լոմսաձեին: Պատգամավորները շնորհակալություն հայտնեցին Հասմիկ Մառանգոզյանին և ծաղիկներ նվիրեցին նրան:

Լոմսաձեն առաջարկեց անցնել Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահի ընտրությանը։ Պատգամավորների կողմից ներկայացվեց մեկ թեկնածու՝ Ռուբեն Պալյանը։ Քվեարկությունն անցկացնելու համար ընտրվեց երեք հոգուց բաղկացած ժամանակավոր հանձնաժողով։

38 պատգամավորներից երեսունյոթը քվեարկեցին Ռուբեն Պալյանի օգտին։ Մեկ պատգամավոր՝ Հակոբ Չախմախչյանը, բացակայում էր հարգելի պատճառով։

Ընտրվելուց հետո Ռուբեն Պալյանը շնորհակալություն հայտնեց իր գործընկերներին վստահության համար.

«Նախևառաջ ողջունում եմ բոլորին, ինչպես նաև պատգամավորներին և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Շնորհակալություն մեր թիմի և Ախալքալաքի ողջ բնակչությանը ձեր վստահության համար: Ես շնորհակալ եմ մեր ողջ ժողովրդին մեր թիմի օգտին քվեարկելու համար, և վստահ եմ, որ չորս տարվա ընթացքում մենք կապացուցենք, որ նրանք չեն սխալվել», — ասաց Պալյանը:

Այնուհետև, որպես Սակրեբուլոյի նախագահ, նա առաջադրեց Նաիր Իրիցյանի թեկնածությունը նախագահի առաջին տեղակալի պաշտոնում։ Առաջարկը ստացավ մեծամասնության աջակցությունը. 38 պատգամավորներից 37-ը քվեարկեցին կողմ։

Վոլոդյա Յայլոյանն ու Արմեն Մառանգոզյանն առաջադրվեցին նախագահի երկրորդ և երրորդ տեղակալների պաշտոններում։

Յայլոյանի օգտին քվեարկեց 36 պատգամավոր, մեկը չէր նշել նրա թեկնածությունը, և մեկ պատգամավոր չէր մասնակցել։

38 պատգամավորներից 31-ը քվեարկեցին Արմեն Մառանգոզյանի օգտին, հինգ քվեաթերթիկ անվավեր ճանաչվեց, մեկը՝ դեմ, իսկ մեկը՝ բացակա էր։

38 պատգամավորներից նիստին մասնակցում էր 37-ը։ Նրանցից 15-ը ընտրվել էին համամասնական ընտրակարգով, իսկ 23-ը՝ մեծամասնական։ Նորընտիր պատգամավորներից 11-ը նոր դեմքեր էին, իսկ մնացածը՝ նախորդ գումարման խորհրդարանի ներկայացուցիչներ։

Նիստի ժամանակ պատգամավոր Համլետ Մովսեսյանը հայտարարեց, որ ինքը՝ Հովիկ Մուրադյանի և Էդգար Լագզյանի հետ միասին, լքում է «Վրացական երազանք» կուսակցությունը և միանում «Ժողովրդի ուժը» կուսակցությանը՝ Ախալքալաքի Սակրեբուլոյում ստեղծելով համանուն խմբակցություն։

Այսպիսով, Սակրեբուլոյում ձևավորվեցին երկու խմբակցություն՝

«Վրացական երազանք» (նախագահ՝ Գիա Մելիքիձե);
«Ժողովրդի ուժը» (նախագահ՝ Համլետ Մովսեսյան):

Կազմավորվեցին նաև մշտական հանձնաժողովները և հաստատվեցին նրանց նախագահները:

sakrebulo deputat

Մունիցիպալ սեփականության, բնական պաշարների և գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովը նախագահում է Գրիգոր Կարագեբակյանը:

Մանդատների, ընթացակարգային, իրավական և էթիկայի հարցերի հանձնաժողովը նախագահում է Սիփան Շիպակցյանը։

Ֆինանսաբյուջետային հանձնաժողովը նախագահում է Գայոզ Լոմսաձեն։

Տարածքային-տրիտորիալ պլանավորման և ենթակառուցվածքների հանձնաժողովը նախագահում է Գենադի Էլիզբարյանը։

Սոցիալական հարցերի, մշակույթի, կրթության, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովը նախագահում է Սողոմոն Ասլանյանը։

Բոլոր ընտրությունները տեղի ունեցան գաղտնի քվեարկության ճանապարհով։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝