Հասարակություննորություններ 5 Նոյեմբերի, 2025 • «Մեկ ամսում արդեն վեց հատ լամպ եմ փոխել»

Քաղաքի բնակիչները նշում են, որ վերջին շրջանում հաճախակի հոսանքի անջատումներն ու լարման տատանումները հանգեցնում են էլեկտրական տեխնիկայի շուտ փչացմանը։

«Ամսվա ընթացքում արդեն վեց հատ լամպ եմ փոխել, ջեռուցման կաթսան փչացավ՝ նոր էի գնել։ Լվացքի մեքենաս էլ շուտ-շուտ էր փչանում, միշտ արհեստավորի էի կանչում։ Հիմա նոր եմ գնել, բայց էլի լույսը երբեմն անջատվում է լվացքը չավարտած, վախենում եմ նորից չվնասվի», — ասում է քաղաքի բնակիչ տիկին Հայկանուշ Դարբինյանը։

Jnews-ը փորձեց պարզել, արդյոք էլեկտրական հոսանքի անկայունությունը՝ հաճախակի անջատումները և լարման տատանումները կարող են վնասել տնային տեխնիկան։

Մասնագետների խոսքերով՝ հոսանքի պարզ անջատումը չի փչացնում սարքը։ Դա նման է հեռուստացույցը սովորական եղանակով անջատելուն։

Էլեկտրագործները լամպերի շուտ փչացումը հիմնականում կապում են որակի և տաքացման ռեժիմների հետ։ Ավելի էժան լամպերը հաճախ չունեն պաշտպանիչ շերտեր և տաքանալիս արագ այրվում են։ Հոսանքի կտրուկ բարձրացման դեպքում լամպը կարող է պայթել կամ կարճ միացում առաջացնել, սակայն թույլ տատանումները վնաս չեն հասցնում։

«Լամպի փչացումը ավելի շատ կապված է արտադրողի որակի հետ։ Թանկ լամպերն ավելի երկար են ծառայում իրենց նպատակին և հոսանքի տատանումների նկատմամբ ավելի դիմացկուն են», — նշում են վաճառողները։

Սակայն եթե հոսանքի ընթացքում լինում են կտրուկ լարման բարձրացումներ կամ հոսանքի հաճախակի տատանումներ, դրանք կարող են վնասել սարքի էլեկտրոնային համակարգը։

«Վերջին տարիներին շուկա են մտնում և լայնորեն գործածվում ոչ օրիգինալ, ցածրորակ չինական սարքեր։ Արդյունքում՝ նման սարքերը չեն դիմանում անգամ թույլ տատանումներին և շուտ են վնասվում», — ասում է էլեկտրագործը, ով խուսափեց նշել անուն ազգանունը։ Հավելելով, որ հատկապես խոցելի են՝ սառնարանների կոմպրեսորները, գազի կաթսաների կառավարման պլատաները, լվացքի մեքենաների ծրագրային մոդուլները։ Խորհուրդ է տրվում օգտագործել լարման կայունացուցիչ (stabilizer) կամ UPS համակարգ՝ հոսանքի բարձրացումները չեզոքացնելու համար։

Կարևոր է նաև հասկանալ՝ արդյո՞ք դրսից ներմուծվող տեխնիկան համապատասխանո՞ւմ է տեղական հոսանքի չափանիշներին և դա կարո՞ղ է պատճառ դառնալ սարքերի շուտ այրման։

Տեղի տեխնիկա վաճառողները նշում են, որ աշխարհում ընդունված լարումը 220 Վոլտ է, և որ ապրանքների վրա հենց այս նշումն է՝ Input: 220–240V, 50Hz։

«Միայն ամերիկյան տեխնիկաներն են նախատեսված 60Hz հաճախականության համար, բայց նման ապրանքներ մեր շուկայում չեն վաճառվում։ Բարձրորակ ապրանքներն ունեն նաև ներկառուցված լարման կարգավորիչ (built-in stabilizer), որը պաշտպանում է սարքը հոսանքի անկայունությունից», — հավելում է վաճառողներից մեկը։

Ախալքալաքի տներում էլեկտրական հոսանքը հիմնականում համապատասխանում է սահմանված նորմերին։ Թեև հզոր սարքեր միացնելու ժամանակ հոսանքը որոշ չափով թուլանում է, օգտագործման վրա սահմանափակումներ կամ արգելքներ չկան․ յուրաքանչյուր բնակիչ կարող է ազատորեն օգտվել հոսանքից և միացնել ցանկացած սարք՝ ըստ անհրաժեշտության։ Երբեմն հարևանների եռակցման կամ հզոր էլեկտրասարքերի աշխատանքի ընթացքում հոսանքի լարումը տատանվում է, սակայն ընդհանուր առմամբ հոսանքի մատակարարման հարցում սահմանափակումներ չեն կիրառվում։

«Ամեն տան համար նախատեսված է մոտավորապես 220 վոլտ հոսանք՝ թույլատրելի ±10–15% տատանումով։ Այսինքն՝ 190-ից մինչև 240 վոլտ միջակայքը համարվում է նորմալ։ Եթե նման լարումը չափվի քաղաքի տարբեր տներում, գրեթե բոլորը կլինեն այդ սահմաններում։ Տնային տեխնիկան նախագծված է աշխատելու հենց այդ միջակայքում, ու փոքր տատանումներից չի փչանում։ Երբ միաժամանակ միացվում են մի քանի բարձր հզորությամբ սարքեր՝ օրինակ ջեռուցիչ, ջրատաքացուցիչ, լվացքի մեքենա, հոսանքը կարող է մինչև 10% թուլանալ, բայց դա սովորաբար չի վնասում սարքերին»- բացատրում է էլեկտրագործներից մեկը։

Ախալքալաքի այն գյուղերում, որտեղ դեռևս գազիֆիկացում չկա, նկատվում է, որ հոսանքը բավականին թույլ է։ Դա պայմանավորված է էլեկտրական տաքացուցիչների լայն օգտագործմամբ։ Energo-Pro Georgia ընկերության աշխատակիցներից մեկը վստահեցրեց, որ խնդիրը շուտով կարգավորվի․ մոտ ժամանակում նախատեսվում է մի քանի գյուղում տեղադրել ավելի հզոր էլեկտրագծեր՝ կայուն լարում ապահովելու համար։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝
Հրդեհ «Տավշանկայում»

02 Նոյեմբերի, 2025