նորություններ 30 Հոկտեմբերի, 2025 • «Իմ սրտի քաղաք» ֆիլմը լավագույնն է ճանաչվել

Ախալքալաքի Ապագայի տունը օրերս Թբիլիսիում մասնակցել է «Թբիլիսիի արևածագը» միջազգային կինոփառատոնին և հայտնվել է լավագույն 10 ֆիլմերի շարքում։ Փառատոնին ներկայացված թվով 900 ֆիլմից ընտրվել է լավագույն տասնյակ, որտեղ «Իմ սրտի քաղաք» ֆիլմը լավագույնն է ճանաչվել հայրենի քաղաքը լավագույնս ներկայացնելու համար։

«Իմ սրտի քաղաք» ֆիլմը 9 րոպեանոց փաստագրական պատում է քաղաք Ախալքալաքի մասին։ Ֆիլմում ներկայացված են քաղաքի տեսարժան վայրերը, այդ թվում հայկական ու վրացական եկեղեցիները, պետական ու մասնավոր կառուցները, հուշարձաններն ու փողոցները։ Ֆիլմը նկարահանվել է Ապագայի տան տնօրեն Սաթենիկ Մահտեսյանի և նրա սաների համատեղ ջանքերով։

742e18a6-7d58-4f47-9560-708cb13eabc1

Տարբեր անվանակարգներում 10 լավագույն ֆիլմ պարգևատվել է։

«Մեր ներկայացրած ֆիլմն էր՝ «Իմ սրտի քաղաք», որտեղ ներկայացրել էինք Ախալքալաքը, հետագայում այդ ֆիլմը համացանցում կհայտնվի։ Երկու ֆիլմ էինք ներկայացրել, երկրորդը՝ «Տունդարձ» էր կոչվում, նորից Ախալքալաքի մասին էր, բայց շեշտադրումն արված էր նրա վրա, թե ինչպես է մարդը, ով տարիներ առաջ թողել գնացել էր, նորից վերադառնում է հայրենի բնօրրան, գալիս է շրջելու և որոշում մնալ», — ասաց Ապագայի տան տնօրեն Սաթենիկ Մահտեսյանը։

Ֆիլմերի դիտումներից բացի, փառատոնի ժամանակ անցկացվել են նաև վարպետաց դասեր, որտեղ երեխաներին ուսուցանել են ինչպես ֆիլմ նկարահանել, էքսկուրսիաներ են կազմակերպել և այլն։

Ախալքալաքի Ապագայի տունը «Թբիլիսիի արևածագը» միջազգային կինոփառատոնին մասնակցում էր 8 հոգանոց անձնակազմով՝ երկու ուսուցիչ և 6 երեխա։ Այն երեխաները, որոնք մասնակցել են «Իմ սրտի քաղաք» և «Տունդարձ» ֆիլմերի ստեղծմանը։

2038c2c3-9ce3-4054-b8e1-24ea670130a2

Ապագայի տան տնօրենը կարևորում է նմանատիպ ծրագրերին մասնակցությունը և ֆինանսական աջակցության համար շնորհակալություն հայտնում Ախալքալաքի քաղաքապետարանին։

«Շատ կարևոր է նման փառատոններին մասնակցելը, որտեղ մեր երեխաները ոչ միայն սովորում են, այլև զարգանում։ Երեխաները մեծ ոգևորությամբ էին մասնակցում, դուք մենակ նրանց դեմքերը տեսնեիք, երբ մեր անունը կարդացին մրցանակակիրների շարքում։ Փակման արարողությանը ելույթ ունեցան նաև մեր երեխաները՝ հայկական ու վրացական երգեր երգեցին», — Սաթենիկ Մահտեսյանը։

Հոկտեմբերի 20-ից 25-ը Թբիլիսիում կայացած «Թբիլիսիի արևածագը» միջազգային կինոփառատոնը կազմակերպել էր Ազգային պալատը։ Փառատոնին մասնակցում էին Վրաստանի տարբեր քաղաքներից, այնպես էլ տարբեր երկրներից՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Մալազիա, Խորվաթիա, Լեհաստան, Ռումինիա, Ավստրալիա և այլն։ Ընդհանուր 900 ֆիլմ էր մասնակցում փառատոնին, երկրորդ փուլ են անցել մոտավոր 60 ֆիլմ, այդ թվում՝ Ապագայի տան կողմից ներկայացրած երկու ֆիլմերը՝ «Իմ սրտի քաղաք» և «Տունդարձ»։ Իսկ «Իմ սրտի քաղաք» ֆիլմը հայտնվել է լավագույն տասնյակում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝