նորություններ 31 Հոկտեմբերի, 2025 • «Ջավախքի մարդկանց առողջության ուղին իմ առաքելությունն է, տրված վերևից»։

Արդեն երկու տարի է, ինչ Ախալքալաքի փակ լողավազանում անցկացվում են յոգայի պարապմունքներ։ Նախաձեռնողն ու ուսուցիչը Գոման գյուղից Հակոբյան Սարգիսն է։ Նա այս գործը սկսել է անհատույց հիմունքներով, քանի որ իր առաքելությունն է համարում օգնել իր ծննդավայրի ժողովրդին, ինքնաճանաչման միջոցով ձեռք բերել ֆիզիկական առողջություն և ներքին ներդաշնակություն։

Սենսեյը, ինչպես նրան անվանում են իր աշակերտները, հանգիստ, ոչ սովորական մարդ է, և ինչպես ասում են ծանոթները՝ «լավ իմաստով տարօրինակ»։

Երբ Ախալքալաքում հայտնի դարձավ, որ քաղաքում բնաբուժական մարմնակրթության պարապմունքներ են անցկացվելու, շատերը զարմանքով ընդունեցին այդ լուրը․ ոմանք՝ անվստահությամբ, ոմանք էլ՝ հեգնանքով։ Սակայն, այսօր Ջավախքում այդ պարապմունքները մեծ տարածում ունեն, հատկապես՝ կանանց շրջանում։

«Երբ որոշեցի գալ Ջավախք, ես ավելի շատ մտադրված էի աշխատել երիտասարդների հետ։ Բայց անսպասելիորեն առողջ կենսակերպով ավելի շատ հետաքրքրվեցին կանայք։ Ինձ համար դա անակնկալ էր, ի սկզբանե ես այդպիսի պլաններ չունեի։ Նրանց մոտ ավելի մեծ ցանկություն կար առողջանալու և փոխվելու։ Թող Ջավախքի ընտանիքների առողջության ճանապարհը սկսվի կանանցից», — ասում է Հակոբյան Սարգիսը։

Յոգան անվճար ուսուցանելու որոշումը Հակոբյանի մոտ ծնվեց երկու տարի առաջ, երբ նա եկել էր իր ծննդավայր Գոման գյուղ՝ վերանորոգված եկեղեցու բացմանը մասնակցելու։

yoga1

«Այն ժամանակ հասկացա, որ այստեղ՝ Ջավախքում, բնաբուժական արվեստ ուղակի չկա։ Նրանք չունեն հնարավորություն և գիտություն, որպեսզի կարողանան պահպանել իենց առողջությունը։ Իրենք շատ են կախված բժիշկներից։ Դրա համար ես որոշեցի կիսվել իմ փորձով, օգնել մարդկանց գտնել ներդաշնակություն, իմ ժողովուրդը չպիտի մնա «մութ»։ Սա իմ պարտքն է այն ժողովրդի նկատմամբ, որտեղ ես ծնվել եմ», — պատմում է նա։

Սարգիսի խոսքով, սկզբում դժվար էր համոզել տեղական իշխանություններին, որ իր նպատակը իսկապես անշահախնդիր է։ Սկզբում տարօրինակ էին ընդունում, բայց հետո հավատացին։

Սարգիս Հակոբյանը ծնվել է Ախալքալաքում 1972 թվականին, սակայն երբ երեք տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Երևան։ Նրա ծնողները Գոման գյուղից են։

Փոքր տարիքից իրեն տանջել է այն հարցը, թե ինչու է մարդը թույլ և ինչպես կարելի է հասնել կատարելության։ Նա սկսել է ուսումնասիրել մարտարվեստը, կոփել է մարմինը և ոգին, որպեսզի հասնի կատարելության։ Ծնողները, այնուամենայնիվ, համարում էին, որ առաջնահերթը կրթությունն է, որ մարտ արվեստը երկրորդական է, իսկ գլխավորը բարձրագույն կրթություն ստանալն է։ Սարգիսն ընդունվում և ավարտում է Մոսկվայի գեոդեզիայի և քարտեզագրության ինստիտուտը։ Ինստիտուտից հետո որոշ ժամանակ աշխատում է մասնագիտությամբ, սակայն միշտ ուզեցել է զբաղվել «մարդ արվեստով»՝ ուսումնասիրել իր մարմինը։ Նրան միշտ ձգել է մարդուն ճանաչելը, մարմնի ու ոգու զարգացումը, ու այդ պատճառով նա հետաքրքրվում է յոգայով։

«Յոգան արվեստ է՝ հասկանալու, թե ինչպես կերտել մարդուն, ինչպես ընկալել նրա էությունը։ Սա արվեստ է, որն իր մեջ պարունակում է անատոմիա, ինքնաճանաչում, ինքնաիրականացում։ Ով է մարդը, ինչու է ծնվել, երիտասարդ տարիքում բոլոր այս հարցերի փնտրտուքը ինձ բերեց նրան, որ ես զբաղվեմ ինքնագիտակցմամբ, ինքնահաստատմամբ և ի վերջո «մարդ արվեստով», որով ես զբաղվում եմ»- ասում է Սենսեն։

Մարդու մարմինը ճանաչելու ձգտումն ու այդ ուսումնասիրությունների արդյունքում ձեռք բերած գիտելիքները Սարգիսին օգնում են ձևավորել սեփական ինքնապաշտպանական ոճը, հատկապես առաջին Արցախյան պատերազմի տարիներին։

«Պատերազմը հաստատեց այն միտքը, որ մարմնի և հոգու տիրապետումը կենսական անհրաժեշտություն է։ Ճանաչելով իմ մարմինը, իմ թերություններն ու առավելությունները մարտական արվեստի մեջ, ինձ բերեց նրան, որ մարդ համակարգը պետք է ուսումնասիրել ավելի խորը։ Խորը ուսումնասիրելով մարդ համակարգը ես այսօր ունեմ առողջ կենսակերպ վարելու իմ ոճը, ինչպես կանխարգելել, ախտորոշել, հասկանալ թե ինչ հիվանդություններ ունի։ Այս հարցում ինձ շատ օգնեց մարդաբանությունը», — ասում է նա։

Յոգայի նկատմամբ վերաբերմունքը տարբեր է․ շատերը կարծում են, թե այն հակասում է քրիստոնեությանը, մանավանդ որ որոշ հոգևորականներ հորդորում են քրիստոնյաներին չզբաղվել յոգայով։ Ախալքալաքում, նույնպես, հաճախ են քննարկում յոգայի և քրիստոնեության համատեղության մասին։ Սենսեն ինքը քրիստոնյա է և, իր խոսքով, իր գիտելիքները տարածելով, նա կատարում է Աստծուց տրված առաքելությունը։

«Անշուշտ, կան տեսություններ, որոնք յոգան համատեղում են իրենց կրոնի հետ, բայց ես իմ ուղն ու ծուծով քրիստոնյա եմ։ Իմ կրոնը քրիստոնեությունն է, Հայ Առաքելական Եկեղեցին։ Մարդը չի կարող երջանիկ լինել, քանի դեռ չի հասկացել, թե ինչու է ծնվել ու որն է նրա առաքելությունը։ Ես գիտեմ իմ առաքելությունը՝ մարդկանց լույս և գիտելիք փոխանցել։ Ես անում եմ ամեն ինչ Աստծո օրհնությամբ։ Եթե չլիներ Նրա նախախնամությունը, ես այստեղ չէի գա», — համոզված է Սարգիս Հակոբյանը։

Սարգիս Հակոբյանն ընտանիք ունի՝ կին, երկու որդի և մեկ թոռ, ու նրանք բոլորը ըմբռնումով են մոտենում նրա Ջավախքում աշխատելու որոշմանը։

Յոգա դասավանդելուց բացի, Ռուսաստանում նա 1995 թվականից զբաղվում է բիզնեսով։ Սարգիսը օրգանական արտադրանքի արտադրության հիմնադիրն է և առաջինը Ռուսաստանում ստացել է բիոհացի սերտիֆիկատ։ Ներկայում նա ապրում է Գորյաչի Կլյուչ քաղաքում։

«Իմ կյանքում հինգ անգամ ես զրոյից բիզնես եմ սկսել։ Բայց երբ գիտես քո կոչումը, ամեն ինչ դառնում է հնարավոր», — ասում է նա։

Սարգիս Հակոբյանը պարզապես շարունակում է իր առաքելությունը Աստծո, հայրենիքի և իր ժողվրդի առջև՝ կիսվել գիտելիքով, օգնել մարդկանց և հիշեցնել, որ առողջության և լույսի ճանապարհը սկսվում է մարդու ներսից։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝