նորություններ 4 Նոյեմբերի, 2025 • Ճանապարհային ի՞նչ աշխատանքներ են ընթանում Ախալքալաքում

Ախալքալաքում արդեն սկսվել են ցրտերը, և դրսի աշխատանքները կամաց-կամաց դադարեցվում են։ Թեև տարեվերջին մնացել է ընդամենը երկու ամիս, քաղաքի մի շարք փողոցներ գտնվում են անմխիթար վիճակում։

Jnews-ը ուսումնասիրել, թե որ փողոցներում դեռ կան փոսեր, որոնք այս տարվա ընթացքում վերանորոգման կարիք ունեն։ Ամենախնդրահարույց փողոցների շարքում են Նալբանդյան–Ճավճավաձե խաչմերուկը, Աղմաշենեբելիի առաջին նրբանցքը, Նազարեթյան–Երևանյան խաչմերուկը, ինչպես նաև Նազարեթյան, Շառլ Ազնավուրի, Թամար Թագուհու և Աղամալյան փողոցները։ Այս հատվածներում տեղ-տեղ առաջացել են խորը փոսեր, իսկ տեղում հավաքվող ջուրը անձրևներից հետո ավելի է դժվարացնում անցանելիությունը։

Կարևոր է հասկանալ՝ տարին արդյո՞ք այսպես է ավարտվելու, թե նախատեսված փոսալցման աշխատանքներն ի վերջո անցկացվելու են։

20251028_133139

Jnews-ի հետ զրույցում Ախալքալաքի Ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանը նշեց, որ այս պահին տեղական բյուջեից այլ փողոցների փոսալցման աշխատանքներ չեն ընթանում։

«Աշխատանք չի ընթանում, սակայն եթե եղանակային պայմանները բարենպաստ լինեն, ապա առաջիկա 15-20 օրերի ընթացքում հնարավոր է սկսել նոր աշխատանքներ», — ասաց նա։

Ախալքալաքի մի շարք փողոցներ շարունակում են մնալ անմխիթար վիճակում։

Բնակիչների խոսքով՝ հատկապես Թբիլիսյան փողոցը գտնվում է վատ վիճակում։ Ճանապարհի ողջ երկայնքով առկա են խորը և մեծ փոսեր։

«Հույս կար, որ այս տարի կսկսեին ճանապարհի ամբողջական վերանորոգումը, քանի որ միայն փոսերի նորոգումը խնդիրը չի լուծի», — նշեց Թբիլիսյան փողոցի բնակիչներից մեկը։

IMG_3233

Արա Մովսիսյանի տեղեկացմամբ՝ այս տարի տեղական բյուջեից 450 000 լարի է հատկացվել քաղաքի և շրջանի գյուղերի ճանապարհների բարեկարգման համար։

«Տարին դեռ չի ավարտվել, բայց կարելի է ասել՝ նախատեսված գումարից ավելի շատ աշխատանքներ են կատարվել», — ընդգծեց նա։

Աշխատանքներն իրականացվում են «ՋավախԱվտոԳզա» ընկերության կողմից, որը տարվա սկզբին հաղթել էր 1,350,000 լարի արժեքով մրցույթը։ Մրցույթը հայտարարված է երկու տարվա՝ 450,000 լարի՝ 2025 թվականի, և 900,000 լարի՝ 2026 թվականի համար։ Ըստ պայմանագրի՝ բոլոր աշխատանքները պետք է ավարտվեն մինչև 2026 թվականի նոյեմբերի 30-ը։

IMG_3217

Նշենք, որ անցած շաբաթ քաղաքի Ջավախեթյան փողոցում իրականացվել են փոսային վերանորոգման աշխատանքներ, որոնք ֆինանսավորվել են կենտրոնական բյուջեից և իրականացվել նույն ընկերության՝ «ՋավախԱվտոԳզա»-ի կողմից։

Կարդացեք նաև

Լուսանկարները արված են հոկտեմբերի 29-ին։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝