նորություններ 28 Հոկտեմբերի, 2025 • Ֆիննախի քննչական ծառայության աշխատակիցները ձերբակալել են Վրաստանի մունիցիպալ զարգացման հիմնադրամի նախկին տնօրենին

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները ձերբակալել են Վրաստանի մունիցիպալ զարգացման հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Դավիթ Տաբիձեին՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։

Այս մասին հայտարարվել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունում կայացած ճեպազրույցի ժամանակ։

Գերատեսչության տվյալներով՝ այս գործով ձերբակալվել են նաև ծրագրի մենեջերը և նույն ծառայության հիմնադրամի նախագծի մենեջերը, որոնք համագործակցել են քննության հետ։ Դատարանը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է գրավը։

«Ինչպես հանրությունն արդեն գիտի, «Լաղի Կապիտալի» ՍՊԸ-ի ղեկավարները ձերբակալվել են 30 մանկապարտեզների վերականգնման համար Մունիցիպալ զարգացման հիմնադրամից հատկացված 9 365 801 լարիի խարդախությամբ յուրացման և 1,211,000 լարիի անօրինական եկամուտների լեգալիզացման համար»։

Հետաքննությունը պարզել է, որ նրանք տեղեկություններ են տիրապետել, որ «Լաղի Կապիտալի» ՍՊԸ-ի 2023 թվականի հուլիսից մինչև 2024 թվականի մայիսը ներկայացված կանխավճարի պահանջները անհիմն էին և միայն մասամբ ապահովված։ Այս անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը և առավելություն տալու նպատակով, չնայած այն հանգամանքին, որ ընկերության կողմից 2023 թվականի հուլիսին ստացված կանխավճարը չի օգտագործվել իր նպատակային նշանակությամբ, այնուամենայնիվ, 2023-2024 թվականներին «Լաղի Կապիտալի» ՍՊԸ-ին տրամադրել են 11,218,380 լարիի անհիմն կանխավճար՝ մանկապարտեզների վերանորոգման համար, որից «Լաղի Կապիտալի» ՍՊԸ-ի ղեկավարությունը խարդախ ճանապարհով յուրացրել է 9 365 801 լարի։

Հետաքննությունը տարվում է Վրաստանի ՔՕ 332-րդ հոդվածի 1-ին մասով, 180-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 194-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, ինչպես նաև 362-րդ հոդվածի 2-րդ մասով, որոնք նախատեսում են 9-ից 12 տարի ազատազրկում։

Հետաքննությունը շարունակվում է ինտենսիվորեն՝ հանցագործությանը մասնակից այլ անձանց բացահայտելու և համապատասխան արձագանք տալու համար», — նշել է գերատեսչությունը։

Ախալքալաքի երեխաները նույնպես այս հանցագործության զոհն են դարձել, քանի որ Ախալքալաքի թիվ 3 մանկապարտեզն այն մանկապարտեզների շարքում է, որոնք չեն վերանորոգվել: «Լաղի Կապիտալի» ընկերությունը, որի ներկայացուցիչները ձերբակալվել են, 2023 թվականին շահել է Ախալքալաքի թիվ 3 մանկապարտեզի վերանորոգման մրցույթը, բայց այդպես էլ չի ավարտել աշխատանքները: Այս մանկապարտեզը, ինչպես նաև քաղաքի երկու այլ նախադպրոցական հաստատություններ, մեկ տարուց ավելի է, ինչ փակ է վերանորոգման և շինարարության պատճառով, ինչի հետևանքով Ախալքալաքի շատ երեխաներ մնացել են առանց նախադպրոցական կրթության:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝