Հոկամ գյուղի բնակիչները վերջին ամիսներին լուրջ անհանգստություն են հայտնում գյուղում թափառող շների թվի աճի պատճառով։ Նրանց խոսքով՝ թափառող շները ոչ միայն հարձակվում են ընտանի կենդանիների վրա, այլև սպառնում են մարդկանց անվտանգությանը։
Գյուղի բնակիչները միաբերան նշում են, որ գրեթե բոլորն արդեն որոշակի վնասներ են կրել։
«Ամեն տնից հավեր են գողացել ու կերել։ Մի քանի անգամ խոսել եմ գյուղապետի հետ, բայց ինքն էլ չգիտի ինչ անի։ Մեր մոտ կացարան չկա, որ թափառող շներին հավաքեն», — Jnews-ին ասաց Հոկամ գյուղի բնակիչ Նաթելա Պակսաձեն։
Գյուղացիները վստահ են, որ թափառող շներին հարևան գյուղերից են բերել ու բաց թողել իրենց գյուղում։ Թափառող շները, սոված լինելով, հարձակվում են ընտանի կենդանիների վրա։
«Հորթերի վրա են հարձակվել, կծել են, արդեն վտանգավոր են դարձել», — հավելում է Նաթելան։
Հոկամում վախենում են, որ ընտանի կենդանիներից բացի, շները կարող են հարձակվել նաև երեխաների վրա։ Գյուղացիները, մոտավոր 20 անօթևան շուն են հաշվել իրենց գյուղում։ Մարդիկ վախենում են երեխաներին միայնակ դպրոց ուղարկել կամ երեկոյան ժամերին միայնակ քայլել գյուղում։
«Դպրոց գնալուց երեխաները վախենում են։ Երկրորդ հերթափոխի երեխաները ուշ են ավարտում դասերը՝ երեկոյան ժամերին, և ճանապարհին շների թիրախում կարող է հայտնվեն։ Ուշադրություն է պետք դարձնել», — ասում է դպրոցահասակ երեխաների ծնողներից մեկը։
Գյուղացիները հույս ունեն, որ համապատասխան մարմինները կարձագանքեն իրենց հուզող խնդրին և կգտնեն արդյունավետ լուծում՝ թե կենդանիների, թե մարդկանց անվտանգությունն ապահովելու համար։
Ախալքալաքի քաղաքապետարանն այս տարի 26 000 լարի է հատկացրել անօթևան շների բռնման, ստերջացման, ամորձատման, պատվաստման, նույնականացման և վերադարձի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ էֆթանազիայի ծառայությունների համար։ Նախորդ տարի նախատեսված էր բռնել 142 շուն, սակայն աշխատանքները չեն ավարտվել և այս տարի պետք է հասցվեն ավարտին։
Սակայն, նույնիսկ այդ աշխատանքների ավարտից հետո խնդիրը չի վերանա, քանի որ վերջին տարիների ընթացքում Ախալքալաքի մունիցիպալիտետում թափառող շների թիվը նկատելիորեն աճել է։ Վառ օրինակներից է հենց Հոկամ գյուղը, որտեղ ներկայումս մոտ 20 անօթևան շուն կա։
Կարդացեք նաև
Գլխավոր լուսակնարը՝ Jnews-ի արխիվից



