Վերջին շաբաթների ընթացքում Jnews-ը բազմաթիվ բողոքներ է ստանում Ախալքալաքի բնակիչներից, քաղաքի որոշակի հատվածներում և մարդաշատ վայրերում, փողոցային լուսավորության բացակայության վերաբերյալ։ Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, քաղաքի որոշ հատվածներում վերականգնվեց փողոցային լուսավորությունը։
Առափնյա (Սանապիռո) փողոցի բնակիչները հայտնում են, որ փողոցային լուսավորությունն երկու ամիս է, ինչ անջատված է։
«Արդեն երկու ամիս է, ինչ դրսում մութ է։ Երեկոյան տնից դուրս գալը շատ անհարմար է՝ շուրջբոլորը մութ է, ու անօթևան շները շատ են», — գրում է բնակիչներից մեկը։
Քաղաքի սպորտային համալիրի այցելուները նույնպես բողոքում են լուսավորության բացակայությունից։
«Դուրս ես գալիս՝ մութ է ու վախենալու, շուրջբոլորդ շներ են», — պատմում է այցելուներից մեկը։
Ախալքալաքի և գյուղերի փողոցային լուսավորության պատշաճ աշխատանքի ապահովման համար պատասխանատու է Ախալքալաքի սպասարկման կենտրոնը: 2023 թվականի տվյալներով, Սպասարկման կենտրոնը սպասարկում է մոտ 5200 էլեկտրասյուն։
Հոկտեմբերի 24-ին կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանը Jnews-ին ասել էր, որ լամպերի փոխարինման աշխատանքները սկսվել են երեք օր առաջ, և որ նա մոտ օրերս կզբաղվի նշված տարածքների լուսավորության հարցով։
«Մենք սկսել ենք քաղաքի և գյուղերի անսարք լամպերի փոխումը։ Աստիճանաբար կհասնենք նաև «Քաղաք 2» թաղամաս։ Լողավազանի շրջակայքի լուսավորությունը միացված է նրա ներքին ցանցին, բայց երկուշաբթի օրը մենք այն կմիացնենք քաղաքային գծին», — ասաց Ռստակյանը։
Նրա խոսքով, լողավազանի մոտ գտնվող լուսային սյուները միացված են լողավազանի էլեկտրական ցանցին։
Մինչդեռ, լողավազանի տնօրեն Մարտին Գաբրիելյանը պնդում է, որ էլեկտրաէներգիան լողավազանի տարածքից մատակարարվում է, բայց լամպերը չեն վառվում։
«Էլեկտրաէներգիան մատակարարվում է, լուսավորումը միացված է, սակայն լամպերը չեն աշխատում։ Սպասարկման կենտրոնն է պատասխանատու դրանց փոխարինման համար։ Այս իրավիճակը տևական ժամանակ է ինչ շարունակվում է», — նշում է նա։
Երեկ՝ երկուշաբթի, հոկտեմբերի 27-ին, Jnews-ը կրկին կապ հաստատեց Սպասարկման կենտրոնի հետ՝ պարզելու համար, թե ինչպես են ընթանում աշխատանքները: Մխիթար Ռստակյանը հայտնեց, որ իրենց անձնակազմը ներկայումս աշխատում է քաղաքի հարավարևմտյան մասում, որտեղից ամենաշատ բողոքներն են ստացվել։
«Մենք արդեն փոխում ենք լամպերն այս տարածքում՝ հին հիվանդանոցի շրջակայքում: Այս ամսվա ընթացքում երկրորդ անգամն է, որ մենք փոխում ենք լամպերը այս թաղամասում: Եթե հասցնենք, այսօր կզբաղվենք լողավազանի տարածքի լուսավորությամբ, եթե ոչ՝ վաղը», — ասաց Մխիթար Ռստակյանը:
Հոկտեմբերի 27-ի երեկոյան դրությամբ Ախալքալաքի սպորտհամալիրում և Առափնյա փողոցում լուսավորությունը վերականգնվել էր։ Սակայն հայտնի չէ, թե քաղաքում և հարակից տարածքներում քանի անսարք էլեկտրասյուն է մնում։



