նորություններ 27 Հոկտեմբերի, 2025 • Աղունիկ Ոսկանյան՝ Ախալքալաքի ամենատարեց ուսուցչուհին

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, Վրաստանում նշվում է «Ուսուցչի ազգային օրը»։ Մեր շրջանի ամենատարեց՝ 81-ամյա ուսուցչուհին՝ տիկին Աղունիկ Ոսկանյանը, այս օրվա խորհրդի լավագույն օրինակն է։

Jnews-ը շնորհավորում է բոլոր նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրում են ամենանվիրական գործին՝ սերունդների կրթությանը։

Ախալքալաքի մունիցիպալիտետի Աբուլ գյուղի հանրային դպրոցի առաջին ոսկեմեդալակիրը եղել է տիկին Աղունիկի աշակերտը։ Տարիներ անց նա ունեցել է ևս բազմաթիվ մեդալակիրներ, սակայն, ինչպես ինքն է ասում, ամեն աշակերտ իր հպարտությունն է։

«Երկրորդ դասարանից երազել եմ ուսուցիչ դառնալ։ Հիշում եմ իմ ուսուցչուհուն՝ նրա վերաբերմունքը, նրա բարությունը։ Միշտ երանի էի տալիս, որ ես էլ մի օր ուսուցիչ լինեմ, նրա նման տետրեր ստուգեմ։ Ահա անցել է արդեն 63 տարի, բայց իմ գործից չեմ հոգնել․ թվում է՝ հենց երեկ եմ առաջին անգամ դպրոց եկել դաս տալու», — ասում է տարրական դասարանի ուսուցչուհի Աղունիկ Ոսկանյանը։

Նրա ուսուցչական ճանապարհը հեշտ չի եղել։ Դժվարությունների առաջին իսկ օրերից նա բախվել է ամենատարբեր խնդիրների։ Գյուղում սկզբնական շրջանում դպրոցական շենք չեն ունեցել, և տիկին Աղունիկը այցելել է աշակերտների տներ՝ դասավանդելու համար։ 50 տարի դասավանդել է գերմաներեն։

«Այդ ժամանակ իմ աշակերտները ինձանից ընդամենը երկու տարով էին փոքր։ Տանը երբեմն ասում էին՝ ի՞նչ գիտեմ ես գերմաներեն, որ հիմա ուրիշների երեխաներին սովորեցնեմ։ Բայց ժամանակն ապացուցեց՝ ամեն ինչ հնարավոր է, եթե սիրում ես քո գործը», — պատմում է նա ժպտալով։

Տիկին Աղունիկը սիրելի է ոչ միայն իր աշակերտների, այլև նրանց ծնողների կողմից։ Տասնյակ տարիներ անց նույնիսկ նրա նախկին աշակերտները չեն մոռանում իրենց ուսուցչուհուն․ հաճախ զանգում են, հետաքրքրվում, շնորհակալություն հայտնում։

«Երեսուն-քառասուն տարի է անցել, բայց երբ աշակերտներս հիշում ու զանգում են, դա ամենամեծ պարգևն է ինձ համար։ Անտարբերություն երբեք չեմ զգացել նրանց կողմից», — ասում է նա։

Ուսուցչի գործը հեշտ չէ․ այն պահանջում է ոչ միայն գիտելիք, այլև մեծ համբերություն։ Նոր ուսուցիչներին տիկին Աղունիկը հորդորում է՝ լավ վերաբերվել աշակերտներին, լսել նրանց և հավատալ նրանց կարողություններին։ Յուրաքանչյուր խրախուսական խոսք կարող է փոխել երեխայի կյանքը։

Ուսուցչի օրը հատուկ առիթ է շնորհակալություն հայտնելու բոլոր նրանց, ովքեր սերունդներ են կրթել նվիրվածությամբ, սիրով և համբերությամբ։ Տիկին Աղունիկ Ոսկանյանը այդ նվիրվածության կենդանի խորհրդանիշն է․ մի մարդ, ով իր ամբողջ կյանքով ապացուցել է, որ ուսուցչի գործը պարզապես աշխատանք չէ, այլ կոչում։

Ընդգծենք, որ այսօր՝ հոկտեմբերի 27-ի երեկոյան Ախալքալաքի վաստակաշատ մանկավարժ Աղունիկ Ոսկանյանը հրավիրված է Թբիլիսի, մասնակցելու Թբիլիսիի օպերայի և բալետի թատրոնում անցկացվող Վրաստանի կրթության և գիտության նախարարության կազմակերպած «Ուսուցչի ազգային մրցանակ»-ի հանձնման արարողությանը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝