Ոստիկանությունը առգրավել է 250 կգ հերոին, որը մաքսանենգ ճանապարհով Վրաստան է մտել՝ քողարկված որպես խոնավ անձեռոցիկներ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն։
Քննությունը պարզել է, որ թմրանյութ տեղափոխող բեռնատարը երկիր է մտել Ադրբեջանի հետ սահմանին գտնվող «Կարմիր կամրջի» մաքսային անցակետով։
Թմրանյութերը հայտնաբերվել են Բաթումիի մաքսային տնտեսական գոտում ստուգման ժամանակ։ Ոստիկանությունը առգրավել է Սաուդյան Արաբիայի ապրանքանիշի հիգիենիկ միջոցների տուփերի մեջ թաքցված 2907 փաթեթ հերոին։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ թմրանյութի սև շուկայի արժեքը կազմում է մոտ 80 միլիոն լարի (մոտավորապես 29,7 միլիոն դոլար)։
Չնայած Ներքին գործերի նախարարությունը չի հստակեցնում, բեռը, հավանաբար, ուղղվում էր դեպի Թուրքիա։
Ձերբակալվել է երկու տղամարդ՝ առանձնապես մեծ քանակությամբ թմրանյութեր անօրինական ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև դրանք Վրաստանից ներմուծելու և արտահանելու մեղադրանքով։ Երկուսն էլ Վրաստանի քաղաքացիներ են և նախկինում դատապարտված են եղել թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար։ Նրանց այժմ սպառնում է մինչև 20 տարի կամ անժամկետ ազատազրկում։



