Ախալքալաքում էլեկտրական մեքենաների տարածումը ներկայումս սահմանափակ է, ընդամենը մի քանի հոգի ունեն էլեկտրամեքենաներ։ Շրջանի ենթակառուցվածքը դեռևս թույլ է․ այս պահին չկան լիցքավորման կայաններ։
Jnews-ը զրուցել է Ախալքալաքում էլեկտրամեքենա ունեցող երկու անձի հետ, հասկանալու համար՝ որքանով է մեր շրջանում արդարացված դրանց օգտագործումը։
«Լիցքավորման կայան չլինելը քաղաքում մեզ համար խոչընդոտ չէ․ լիցքավորում ենք տան պայմաններում։ Ունենք հատուկ վարդակ և լիցքավորիչ, որը հիմնականում միացնում ենք երեկոյան ժամերին։ Թեև հնարավոր է լիցքավորել նաև սովորական վարդակից, սակայն դա ավելի երկար է տևում։ Ես օգտագործում եմ հատուկ մարտկոց, և ամբողջական լիցքավորման համար պահանջվում է շուրջ 8 ժամ։ Մի օրվա լիցքավորմամբ կարող եմ անցնել մոտ 80-100 կմ ճանապարհ։ Երբեք չի եղել, որ մարտկոցը լրիվ նստի և մեքենան կանգ առնի», — պատմում է մեր զրուցակիցներից մեկը։
Մեր մյուս զրուցակցի խոսքով, քաղաքում էլեկտրամեքենաների լիցքավորման կայանների բացակայությունը լուրջ խնդիր է դրսից եկող մեքենաների վարորդների համար։
«Լիցքավորման կայանների բացակայությունը հիմնականում խնդիր է դրսից եկող վարորդների համար։ Տանը լիցքավորելը դանդաղ է, բայց հարմար։ Հանրային կայաններում լիցքավորումը կատարվում է ավելի հզոր հոսանքով, և մեքենան ամբողջությամբ լիցքավորվում է 15-30 րոպեում։ Սակայն նման կայաններից լիցքավորումը, ամենայն հավանականությամբ, ավելի թանկ կարժենա»։
Էլեկտրամեքենաների դեպքում կարևոր գործոն է նաև մեր շրջանի ցուրտ կլիման։ Ցուրտ եղանակը կարող է նվազեցնել մարտկոցի արդյունավետությունը՝ 20–30 տոկոսով։ Լիցքավորումն էլ դանդաղում է ցածր ջերմաստիճաններում։ Այնուամենայնիվ, նոր սերնդի մեքենաները՝ Tesla, Hyundai Ioniq, Nissan Leaf և այլք, ունեն մարտկոցի ջեռուցման համակարգեր, որոնք մեղմում են այս ազդեցությունը։
«Այո, ձմռանը նկատվում է փոքր տարբերություն, բայց շատ չնչին՝ մոտավորապես 15 տոկոս», — նշում է մեր զրուցակիցը։
Տեղային կլիման չի արգելում դրանց օգտագործումը․ պարզապես անհրաժեշտ է ավելի լավ պլանավորում՝ գիշերային լիցքավորում տանը կամ երկար ճանապարհներից առաջ լրացուցիչ կանգառներ։
Էլեկտրամեքենաների թիվը աշխարհում շարունակ աճում է։ Փոքր քաղաքների և լեռնային շրջանների համար, ինչպիսին Ախալքալաքն է, դրանք առանձնապես կարևոր են․ չեն արտանետում ածխաթթու գազ, ազոտի օքսիդներ կամ այլ վնասակար նյութեր, ինչն ապահովում է մաքուր օդ։ Չնայած մեր քաղաքում բացակայում են լիցքավորաման կայանները, միևնույն է վարորդները խորհուրդ են տալիս էլեկտրական մեքենաներ գնել և վարել, քանի որ դրանց օգտագործումը էկոլոգիապես մաքուր է և ավելի էժան։
Լիցքավորման կայանի ստեղծումը մեր քաղաքում կարող է միաժամանակ լուծել ենթակառուցվածքային խնդիր և դառնալ նոր բիզնես հնարավորություն։
Կարդացեք նաև՝



