Հոկտեմբերի 30-ին, Ախալքալաքում, կկայանա հոկտեմբերի 4-ին կայացած մունիցիպալ ընտրություններից հետո ընտրված նոր Սակրեբուլոյի առաջին նիստը։ Նոր կազմը կազմված կլինի բացառապես «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչներից։ Սակրեբուլոյի կազմում կավելանա ևս հինգ վարձատրվող պաշտոն։
2025 թվականի հոկտեմբերի 4-ի ընտրությունների արդյունքում ընտրված Սակրեբուլոյի առաջին նիստը Վրաստանի ողջ տարածքում տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, ժամը 11:00-ին, այդ թվում՝ Ախալքալաքում: Նորընտիր քաղաքապետերի և մունիցիպալ խորհուրդների անդամների լիազորություններն ուժի մեջ կմտնեն հոկտեմբերի 29-ից:
Ընտրական օրենսգրքի 151-րդ հոդվածի համաձայն, Սակրեբուլոյի առաջին նիստը պետք է գումարի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո 30 օրվա ընթացքում։
Նորընտիր Սակրեբուլոյի նիստը բացվում է, եթե գրանցվում է նրա անդամների կեսից ավելին։ Առաջին նիստը բացում է համապատասխան շրջանային ընտրական հանձնաժողովի նախագահը։
Ախալքալաքի մունիցիպալիտետում նիստը կբացի թիվ 41 շրջանային ընտրական հանձնաժողովի նախագահ Հասմիկ Մառանգոզյանը: Մինչև սակրեբուլոյի նախագահի ընտրությունը, նիստը կվարի Գայոզ Լոմսաձեն՝ որպես մունիցիպալ ժողովի ամենատարեց անդամ:
Առաջին նիստը համարվում է կայացած, եթե ճանաչվում են սակրեբուլոյի անդամների առնվազն երկու երրորդի լիազորությունները: Այդ պահից նախորդ գումարման պատգամավորների լիազորությունները դադարում են:
Եթե ճանաչված են պատգամավորների երկու երրորդից պակասի լիազորությունները, նիստը ընդհատվում է։ Նման դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաջորդ նիստը գումարում է 10 օրվա ընթացքում։ Եթե անհրաժեշտ թվով պատգամավորների լիազորությունները դրանից հետո էլ չհաջողվի ճանաչել, կնշանակվեն վերընտրություններ։
Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի անդամների ընդհանուր թիվը 38 է, որից 23 պատգամավոր ընտրվել է միամանդատ ընտրատարածքներում, իսկ 15-ը՝ կուսակցական ցուցակներով։ Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի նոր կազմը կլինի միակուսակցական, կազմված բացառապես «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչներից։
Ախալքալաքում, «Վրացական երազանք»-ից բացի, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցել է ևս երեք կուսակցություն՝ «Վրաստանի հայրենասերների դաշինքը» (8 թեկնածու), «Ուժեղ Վրաստան — Լելո»-ն (9 թեկնածու) և «Գախարիան հանուն Վրաստանի» (7 թեկնածու): Սակայն դրանցից ոչ մեկը չի հաղթահարել 4%-ոց ընտրաշեմը:
Յուրաքանչյուր մունիցիպալիտետում սակրեբուլոն ներկայացված է հինգ հանձնաժողովներով, որոնցից յուրաքանչյուրը գլխավորում է նախագահը: Նոր օրենքի համաձայն, յուրաքանչյուր սակրեբուլոն լրացուցիչ կունենա հինգ պաշտոնատար անձից բաղկացած աշխատակազմ, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր հանձնաժողով կունենա նաև տեղակալ: Նախկինում «Տեղական ինքնակառավարման օրենսգիրքը» չէր նախատեսում հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը:
Իշխող կուսակցությունը վստահ է, որ այս փոփոխությունները կամրապնդեն Սակրեբուլոյի և նրա հանձնաժողովների աշխատանքը։