Վերջին շրջանում հասարակության շրջանում ակտիվ քննարկման թեմա է դարձել կրթության ոլորտում իրականացվելիք փոփոխությունները։ Մեկ տարվա կրճատում դպրոցական կրթությունից, մեկ տարվա կրճատում բակալավրից, և ևս մեկ տարի՝ մագիստրատուրայից։
Այն, որ դպրցներում կրթությունը դառնալու է 11 տարի, երկար տարիներ է քննարկվում էր, բայց այս անգամ այն ստացավ պաշտոնական բնույթ, քանի որ ծրագիրը ներկայացրեց վարչապետը։
Շատերի համար 12-ամյա կրթությունից անցումը 11-ամյա կրթության, ճիշտ և սպասելի որոշում էր, քանի որ հնարավոր է 12-րդ դասարանի ծրագրի յուրացումը այլ դասարաններում և այդ վերջին տարին ավելորդ է։ Շատերն էլ կարծում են, որ դա սխալ որոշում է, քանի որ այն կհանգեցնի երեխաների ավելի ծանրաբեռնվածությանը և կհակասի կրթություն ստանալու Եվրոպական մեթոդին։
Այս երկու կարծիքները են շրջանառվում ծնողների և ուսուցիչների շրջանում։
Jnews-ը զրուցել է երիտասարդ ուսուցչուհի Անժելա Ղազարյանի հետ, ով Նինոծմինդայի շրջանի գյուղերից մեկում դասավանդում է վրացերենը, որպես երկրորդ լեզու առարկան։
«Իմ կարծիքով, այն, որ կրթական համակարգում հարկավոր են բարեփոխումներ, դա անքննելի է, սակայն այն չակերտավոր բարեփոխումը, որը վերաբերվում է դպրոցական 12-ամյա կրթության վերափոխմանը 11-ամյայի, ըստ իս, այդքան էլ շահեկան չէ։ 12-ամյա կրթությունը Վրաստանում ներառել են հենց այն նպատակով, որ համապատասխանեցնեն Եվրոպական ստանդարտներին և բարձրացնեն կրթության որակը»։
Այս փոփոխությունը քննարկվում է ոչ միայն կրթության ոլորտի աշխատողների մեջ, այլ նաև կրթություն ստացողների՝ աշակերտների և ուսանողների։ Այս թեմայով Անժելան ասաց․
«Ինչ վեաբերվում է աշակերտների կարծիքին, ես վստահաբար կարող եմ ասել, որ ոչ միայն աշակերտության մեծամասնությունը, այլև ծնողները մտածում են, որ սա դրական փոփոխություն է, բայց, ցավոք սրտի, սխալ կարծիք է, նրանցից շատերը 12-րդ տարին կորցրած են համարում ու այս փոփոխությունը դրական են անվանում, չգիտակցելով շատ ու շատ հանգամանքներ, որոնց մասին տեղեկացված չեն»։
Անժելան նշեց, որ 11-ամյա կրթությունը կզրկի երիտասարդներին Եվրոպայում կրթություն ստանալուց։
«Ցանկացած փոփոխություն ունի իր և՛ դրական, և՛ բացասական կողմերը։ Սակայն այս դեպքում, եթե վերափոխումն անխուսափելի է, և ծրագիրը պետք է ամբողջականությամբ իրականացվի 11 տարում, ապա պարտադիր կերպով գոնե պետք է տեղի ունենա այս ամենի միջազգային ճանաչողականություն, և, իհարկե ուղեկցվի ճիշտ մեթոդաբանությամբ։ Սա նվազագույնն է, որ ասում եմ, բայց եթե խորությամբ աշխատեն այս հարցի շուրջ, միգուցե կրճատումն ունենա իր դրական կողմը, և վերջիվերջո ամենակարևորն ուսուցման որակն է, ոչ թե ուսման տևողությունը»։
Վերջինս ընդգծեց, եթե ծրագիրը խորապես չուսումնասիրվի և հաշվի չառնվեն ռիսկերը, ապա վտանգը մեծ է, որ համագործակցությունը միջազգային կրթական ոլորտների հետ թուլանա։ Պարտադիր պետք է ապահովվի, որ աշակերտները կարողանան օգտվել ցանկացած միջազգային հնարավորությունից։
Մեր զրուցակիցը դասավանդում է վրաց լեզու, իսկ վրաց լեզվի տիրապետումը մեր տարածաշրջանում իրենից բավականին մեծ խնդիր է ներկայանցնում, քանի որ այստեղ հնարավորություն չկա շփման միջոցով զարգացնել լեզվի տիրապետման մակարդակը և լեզվի ուսուցումը մնում է դպրոցի շրջանակներում։
«Չնայած, որ վրաց լեզվի ուսուցումը էթնիկ փոքրամասնությունների համար շարունակական բնույթ է կրում՝ միևնույն է, ինչպես արդեն նշեցի ուսման որակը որոշվում է բովանդակությամբ և մեթոդաբանությամբ, եթե պետք է տեղի ունենա ուսման տևողության կրճատում, ապա պետք է տեղի ունենա նաև ծրագրի հստակեցում, ուսման ինտենսիվություն և կոնկրետ աշխատանք տարվի այդ ուղղությամբ»։
Այն թե ինչ են մտածում աշակերտները վերոնշյալ փոփոխության հետ կապված, ուսուցիչը ասաց.
«Հոգեբանորեն եթե նայենք այս հարցին, աշակերտները նույնիսկ տարիքային առումով պատրաստ չեն մտնել նոր կյանք և կայացնել մասնագիտական լուրջ որոշումներ։ Ըստ այդմ, աշակերտների պատրաստակամությունը պետք է գնահատվի ոչ միայն նրանց գիտելիքներով, այլև հոգեբանական հասունությամբ։ Եվ իհարկե, այս առումով բավականին մեծ պետք է լինի ուսուցիչներիս դերը, պետք է աջակցենք, օգնենք մեր աշակերտներին, որպեսզի կայացնեն ճիշտ որոշումներ»։
Մեր հաջորդ զրուցակիցը 3 երեխայի մայր է, որոնցից 2-ը՝ դպրոցական են: Նա ասաց, որ ըստ իրեն այս փոփոխությունը երեխաների վրա կունենա՝ և դրական, և բացասական ազդեցություն։
Նրա երեխաներից մեկը 7-րդ դասարանում է սովորում, իսկ մյուսը՝ 4-րդ։
«Դրական ազդեցությունների մեջ կարելի է նշել այն, որ երեխաները մի տարի ավելի շուտ կավարտեն դպրոցը և կկարողանան բարձրագույն կրթություն ստանալուն տրամադրել ավելի շատ ժամանակ։ Կարծում եմ, 12-րդ դասարանի հասանելիք ժամանակահատվածը երեխաները կկարողանան տրամադրել լեզուներ սովորելուն։ Եթե 1+4 ծրագիրն էլ չեղարկվի, կարող են այդ մի տարին էլ վրացերեն սովորեն, որ հետո հեշտ ընդունվեն համալսարան»,- ասաց ծնողը։
Իսկ բասասական կողմը, ըստ իրեն այն է, որ հնարավոր է երեխաների համար դժվար և ծանրաբեռնված դառնա դպրոցական ծրագիրը։
2005 թվականին խորհրդարանն ընդունեց «Ընդհանուր կրթության մասին» օրենքը, որը սահմանեց 12-ամյա կրթություն և նաև սահմանեց այս համակարգին անցման ժամկետները: 2008-09 ուսումնական տարում Վրաստանի հանրակրթական դպրոցների աշակերտները անցան 12-ամյա կրթության:



