Հայաստանի և Ադրբեջանի վարչապետները առավոտից գտնվում են Թբիլիսիում՝ մասնակցելով Վրաստանի կողմից կազմակերպվող «Մետաքսի ճանապարհ» ֆորումին։ Այս ֆորումն առաջին խոշոր միջազգային հանդիպումն է Երևանի և Բաքվի միջև երկարատև հակամարտության ավարտից և Թրամփի երթուղու վերաբերյալ քննարկումների մեկնարկից ի վեր։ Այն հատկանշական է նաև հայ-վրացական հարաբերությունների ամրապնդման գործում, որոնք լի են ինչպես ձեռքբերումներով, այնպես էլ մարտահրավերներով և նկատելի խնդիրներով:
Գագաթնաժողովը համարվում է տարածաշրջանի ամենամեծ հարթակը՝ առևտրի, տրանսպորտի և ներդրումային հարցերի քննարկման համար։ Այս տարի այն հավաքել է մինչև 2300 մասնակից՝ ավելի քան 70 երկրներից։ Սա մի նախագիծ է, որը կստեղծի նոր տարանցիկ և տնտեսական իրականություն Հարավային Կովկասում։
Բացման լիագումար նիստին ելույթ են ունեցել Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի վարչապետներ՝ Իրակլի Կոբախիձեն, Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը։
Ֆորումի և երկկողմ հարաբերությունների մասին Jnews-ը զրույց է ունեցել միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան Անդրանիկ Հովհաննիսյանի հետ, ում կարծիքով ֆորումն անկասկած խորհրդանշական բաղադրիչ ունի:
«Այն ցուցափեղկ է, որի միջոցով երկրները ցուցադրում են իրենց բացությունը աշխարհի նկատմամբ, իրենց տարանցիկ ներուժը և համագործակցության նկատմամբ իրենց հանձնառությունը: Հարավային Կովկասի բարդ աշխարհաքաղաքականության մեջ, երբ վերանայվում են ավանդական դաշինքները, նման միջոցառումները դառնում են զգուշավոր, բայց գործնական երկխոսության հարթակ: Օրինակ, Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների մասնակցությունը ֆորումին ինքնին երկխոսության հնարավորություն է հարաբերությունների կարգավորման շրջանակներում: Վրաստանը նույնպես զգալի դեր է խաղում այս հարցում՝ հարթակ տրամադրելով քննարկումների համար», — իր խոսքում նշեց Հովհաննիսյանը:
Խոսելով հայ-վրացական ներկայիս հարաբերությունների մասին, նա դրանք բնութագրում է որպես կայուն, բայց զուսպ հարաբերություններ: Պատմականորեն դրանք չեն ծանրաբեռնվել սուր հակամարտություններով, և ներկայիս փուլում Երևանի և Թբիլիսիի միջև թշնամություն կամ ուղղակի մրցակցություն չկա։
Ավելին, վերջին տարիներին երկխոսությունն աստիճանաբար ակտիվացել է։ Մասնավորապես, բարձր մակարդակի այցելությունները դարձել են ավելի հաճախակի, և ակտիվորեն քննարկվում են առևտրի, տրանսպորտի և էներգետիկայի հարցերը: Այնուամենայնիվ, մնում են մի շարք գործոններ, որոնք կարող են խոչընդոտել ավելի սերտ և ռազմավարական գործընկերության զարգացմանը։
«Վրաստանը պաշտոնապես շարունակում է իր ուղին դեպի ՆԱՏՕ և ԵՄ ինտեգրում, սակայն վերջին տարիների ներքաղաքական զարգացումները արդյունավետորեն դանդաղեցրել են այս գործընթացը՝ հանգեցնելով ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սառեցմանը: Միաժամանակ, Հայաստանը վերաուղղորդում է իր արտաքին քաղաքականությունը և ձգտում է խորացնել կապերը արևմտյան երկրների հետ: Սա ստեղծում է որոշակի ասիմետրիա սպառնալիքի ընկալման և արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մեջ։ Այնուամենայնիվ, երկու երկրներն էլ գիտակցում են փոխադարձ համագործակցության արժեքը: Հայաստանը մեծապես կախված է Վրաստանով անցնող տրանսպորտային միջանցքից, մինչդեռ Թբիլիսին հետաքրքրված է իր հարավային հարևանի կայունությամբ: Երկու կողմերն էլ մեծ նշանակություն են տալիս բարիդրացիական հարաբերությունների պահպանմանը, հատկապես նոր ենթակառուցվածքային նախագծերի և տարածաշրջանային շարունակական վերափոխումների համատեքստում», — նկատում է նա։
Վրաստանի՝ Եվրամիության հետ վատթարացող հարաբերությունների և Չինաստանի, և որոշ չափով նաև Ռուսաստանի հետ մերձեցման ֆոնին, Հայաստանը նույնպես պատմական շրջադարձային պահ է ապրում։ 2020 թվականի, և հատկապես 2023-ի իրադարձություններից հետո, Երևանը սկսել է բացահայտորեն հեռանալ ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից՝ շեշտը դնելով ԵՄ-ի, ԱՄՆ-ի և մի շարք ասիական երկրների հետ կապերի ամրապնդման վրա։
Քաղաքագետը նկատում է, որ երկու երկրներն էլ վերանայում են իրենց արտաքին քաղաքականության ուղեգծերը, բայց շարժվում են տարբեր ուղղություններով։ Նրա կարծիքով, սա ստեղծում է հետաքրքիր պարադոքս. չնայած բազմավեկտոր քաղաքականության նկատմամբ նրանց նմանատիպ ցանկությանը, Հայաստանն ու Վրաստանը կարող են հայտնվել տարբեր «աշխարհաքաղաքական հոսանքներում»:
Հայաստանն ու Վրաստանը կիսում են փոխշահավետ տնտեսական տեսլական, որը հիմնված է աշխարհագրական և ենթակառուցվածքային փոխկախվածության վրա: Երևանի համար Թբիլիսին ծառայում է որպես համաշխարհային շուկաներ տանող հիմնական տարանցիկ միջանցք. հայկական արտահանման և ներմուծման մեծ մասն անցնում է Բաթումիի և Փոթիի նավահանգիստներով: Վրաստանի համար, իր հերթին, Հայաստանն է հարևան շուկա՝ կայուն պահանջարկով, ինչպես նաև պոտենցիալ գործընկեր տարածաշրջանային լոգիստիկ և էներգետիկ նախագծերի զարգացման գործում: Այս համատեքստում, «Մետաքսի ճանապարհ» ֆորումի և երկկողմ համագործակցության հանձնաժողովների նման ձևաչափերը ստեղծում են երկխոսության և փորձի փոխանակման հնարավորություն:
Ավելին, Վրաստանի որոշակի վերակողմնորոշումը դեպի Արևելք (Չինաստան, Հարավային Ասիա և Մերձավոր Արևելք) կարող է համընկնել Հայաստանի շահերի հետ, որը նույնպես փնտրում է նոր տնտեսական և քաղաքական կապեր ավանդական շրջանակներից դուրս:
Անդրանիկի խոսքով երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար կարևոր է ամրապնդել փոխգործակցության ինստիտուցիոնալ մեխանիզմները, պարզեցնել մաքսային և հարկային ընթացակարգերը, խթանել համատեղ ներդրումները և ստեղծել պայմաններ տնտեսական շահերի խաչմերուկում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման համար:
Չնայած տարբեր ոլորտներում գրանցած հաջողություններին և փոխշահավետ հարաբերությունների, այնուամենայնիվ, առկա են խնդիրներ ու մարտահրավերներ, որոնք նկատելի են տարբեր ոլորտներում:
Այդ խնդիրների մասին խոսելիս Հովհաննիսյանը նկատում է մի քանի ուղիներ՝ բեռնափոխադրումների հետ կապված խնդիրները, ներառյալ ծաղիկների և խմիչքների նման ապրանքների տեղափոխման ժամանակ ուշացումները և բյուրոկրատական նրբությունները։ Նրա կարծիքով, արտացոլում են սահմանային ծառայությունների միջև անբավարար համակարգումը և ոչ միշտ արդյունավետ փոխգործակցությունը: Սա նվազեցնում է փոխադրողների մրցունակությունը և դժգոհություն է առաջացնում ձեռնարկատերերի շրջանում: Իրավիճակը պահանջում է ինչպես ենթակառուցվածքների տեխնիկական բարելավումներ, այնպես էլ ընթացակարգերի պարզեցում, հնարավոր է՝ էլեկտրոնային փաստաթղթերի կառավարման և ստանդարտների փոխադարձ ճանաչման ներդրմամբ։
«Կրոնական և մշակութային հարցերը տասնամյակներ շարունակ հանդիսանում են որոշ չափով տաբու թեմա: Հայ Առաքելական Եկեղեցին պատմականորեն հավակնում է Վրաստանի տարածքում, մասնավորապես՝ Թբիլիսիիում որոշակի մշակութային վայրերի սեփականությանը, սակայն դրանց կարգավիճակի, կառավարման և վերականգնման հարցերը երբեմն վիճելի են մնում: Սա փաստ է, որը նշում են նաև Վրաստանից իմ գործընկերները: Չնայած նման հարցերը հազվադեպ են լայն հանրային քննարկման առարկա դառնում, դրանք պահանջում են հարգալից մոտեցում և փոխադարձ ճանաչում՝ ապահովելու համար, որ երկկողմ հարաբերությունները զերծ մնան ցանկացած «տաբուներից»», — ասում է նա, նշելով նաև, որ հարաբերությունների հետագա զարգացման համար կարևոր է ամրապնդել ինստիտուցիոնալ երկխոսությունը բոլոր մակարդակներում, ներդնել ժամանակակից տեխնոլոգիաներ մաքսային և տրանսպորտային գործընթացներում. ամրապնդել Հայաստանի և Վրաստանի միջև մշակութային և կրթական կապերը: Ըստ նրա, սա կդառնա կայուն համագործակցության իրական հիմք:



