Ախալքալաքի քաղաքապետարանի և սակրեբուլոյի աշխատակիցները հոկտեմբերի 22-ին միացան կրծքագեղձի դեմ պայքարի միամսյակին և իրենց համերաշխությունը հայտնեցին հիվանդներին։
Արդեն 30 տարի է, ինչ յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր ամիսը ամբողջ աշխարհում նվիրվում է կրծքագեղձի քաղցքեղի մասին տեղեկացվածության բարձրացմանը։ Սա այն ժամանակահատվածն է, երբ բժիշկներն ու առողջապահական կազմակերպությունները հիշեցնում են, որ կանոնավոր ստուգումները կարող են կյանքեր փրկել։
Պարբերական սքրինինգն օգնում է հայտնաբերել հիվանդությունը վաղ փուլում՝ նվազեցնելով մահացության ցուցանիշը մինչև 93%։ Սքրինինգը կատարվում է 40-ից 70 տարեկան կանանց մոտ՝ յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ, և ներառում է․
— մամոգրաֆիա,
— անհրաժեշտության դեպքում՝ կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտություն,
— բիոպսիա՝ ուլտրաձայնային հսկողությամբ,
— բիոպսիոն նյութի ցիտոլոգիական հետազոտություն։
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների՝ ամեն տարի աշխարհում գրանցվում է շուրջ 2,3 միլիոն նոր դեպք, և մոտ 650 հազար կին մահանում է այս հիվանդությունից։ Այս թվերը վկայում են, որ խնդիրը շարունակում է մնալ շատ արդիական։
Կրծքագեղձի քաղցկեղի առաջացումը կարելի է նվազեցնել՝ պահպանելով առողջ ապրելակերպ։ Թեև կան գործոններ, որոնք հնարավոր չէ փոխել՝ օրինակ տարիքը կամ գենետիկական նախատրամադրվածությունը, սակայն կան նաև այնպիսիք, որոնք մեր վերահսկողության տակ են․ առողջ սնունդ, քաշի վերահսկում, ֆիզիկական ակտիվություն։