Թբիլիսիում այսօր բացվել է «Մետաքսի ճանապարհի» հինգերորդ միջազգային ֆորումը։
Գագաթնաժողովը համարվում է տարածաշրջանի ամենամեծ հարթակը՝ առևտրի, տրանսպորտի և ներդրումային հարցերի քննարկման համար։ Այս տարի այն հավաքել է մինչև 2300 մասնակից՝ ավելի քան 70 երկրներից։
Բացման լիագումար նիստին ելույթ են ունեցել Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի վարչապետներ Իրակլի Կոբախիձեն, Նիկոլ Փաշինյանը և Ալի Ասադովը։
Կոբախիձեն իր ելույթում ընդգծել է Վրաստանի դերը որպես Եվրոպայի և Ասիայի միջև կապող օղակ՝ նշելով, որ երկիրն ակտիվորեն զարգացնում է ենթակառուցվածքային և թվային միջանցքները, ինչպես նաև իրականացնում է լայնածավալ ծրագրեր, այդ թվում՝ նոր նավահանգիստների կառուցում, երկաթուղիների արդիականացում և Սև ծովով ստորջրյա էներգետիկ մալուխի անցկացում, որը տարածաշրջանը կկապի եվրոպական շուկայի հետ։
«Մետաքսի ճանապարհ» ֆորումը Թբիլիսիում անցկացվում է 2015 թվականից՝ երկու տարին մեկ։ Այս տարի այն կտևի երկու օր և առաջին անգամ կներառի ֆինանսական գագաթնաժողով, որը, ըստ Կոբախիձեի, ընդգծում է Թբիլիսիի կարգավիճակը որպես «տարածաշրջանի ֆինանսական և նորարարական կենտրոն»։
Ֆորումի մասնակիցների թվում են կառավարությունների, միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՄԱԿ-ի, Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի, ինչպես նաև խոշոր ընկերությունների և փորձագետների ներկայացուցիչներ։ Քննարկումները կենտրոնացած են գլոբալ առևտրի ապագայի, Միջին միջանցքի զարգացման, էներգետիկ ինտեգրման և թվային փոխակերպման վրա։