նորություններ 21 Հոկտեմբերի, 2025 • Հոկտեմբերի 18-19-ը տեղի ունեցած ակցիաների արդյունքում ձերբակալվել է 14 մարդ

Վրաստանի Ներքին գործերի նախարարության աշխատակիցները վերջին երկու օրվա ընթացքում ձերբակալել են ևս 14 անձի՝ հավաքների և ցույցերի անցկացման կարգի խախտման համար։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի տնօրեն Վաժա Սիրաձեն։

Նրա խոսքով՝ 2024 թվականի հոկտեմբերի 17-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխություններով նշված խախտումների համար սահմանվել են խստացված կարգավորումներ։ Այս հիմքով, Վրաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքի համաձայն՝ վերջին երկու օրերին ձերբակալվել են 14 անձ՝ Ա.Գ., Ք.Ց., Թ.Թ., Դ.Ա., Ու.Գ., Դ.Ե., Ի.Ք., Ք.Մ., Բ.Ք., Բ.Ք., Ն.Բ., Ս.Ջ. և Թ.Ս.։

Ձերբակալվածներից մեկը տեղափոխվել է հոգեկան առողջության և թմրամոլության կանխարգելման կենտրոն՝ հարկադիր բուժման նպատակով, որի պատճառով նրա սկզբնատառերը չեն հրապարակվում։

Սիրաձեն նշել է, որ թեև Ռուսթավելիի պողոտայում խորհրդարանի մոտ հավաքված ցուցարարների թիվը մեծ չէ, նրանք արհեստականորեն փակել են ճանապարհի երթևեկելի մասը և խոչընդոտում են տրանսպորտի շարժը։ Բացի այդ, ցուցարարներից ոմանք փակել են իրենց դեմքերը, ինչը համարվում է վարչական իրավախախտում։

ՆԳՆ-ն նշել է, որ վերջին երեք օրերի ընթացքում արձանագրվել է հավաքների մասնակիցների կողմից օրինախախտման 53 դեպք, որոնցից 42-ը համարվել են իրավախախտներ։ Նրանց մի մասն արդեն ձերբակալված է, իսկ մնացածի վերաբերյալ ընթանում է վարչական վարույթ, և առաջիկա օրերին գործերը ներկայացվելու են դատարան։

Վերջում ՆԳՆ-ն կրկին կոչ է արել բողոքի ակցիայի կազմակերպիչներին և մասնակիցներին պահպանել օրենքի պահանջները։ Հակառակ դեպքում իրավապահները օրենքով սահմանված կարգով միջոցներ կձեռնարկեն բոլոր իրավախախտների նույնականացման և պատժի համար։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝