Աշնանը, երբ գյուղատնտեսական աշխատանքներն ավարտվում են, մեր շրջանի դաշտերը կրկին ծածկվում են ծխով։ Թվում է՝ այրումը դաշտը մաքրելու արագ միջոց է, բայց իրականում՝ դա մեր իսկ հողի, մեր եկամտի և մեր առողջության դեմ ուղղված գործողություն է։
Բույսի մնացորդների այրումից մեկ հեկտարի հաշվով ոչնչացվում է շուրջ չորս տոննա օրգանական նյութ, որը հողի բերրիության հիմնական աղբյուրն է։
Շատերը պարզապես չգիտեն, որ օրենքով պատժելի արարքից բացի այն վնասակար է սեփական հողատարածքի համար։ Վրաստանի Վարչական իրավախախտումների օրենսգրքի 177-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ հրդեհային անվտանգության կանոնների խախտումը հանգեցնում է 500 լարիի տուգանքի։
Ծղոտի հեռացումը՝ այրելով, շատերի կարծիքով օգնում է դաշտը պատրաստել նոր ցանքերի համար, սակայն իրականում այն վնասում է հողին և շրջակա միջավայրին․ այրման ընթացքում մթնոլորտ է արտանետվում մեծ քանակությամբ ածխաթթու գազ, որը նպաստում է գլոբալ տաքացմանը, այրված հողի վերականգնումը տարիներ է պահանջում, իսկ առաջացած մոխիրը պարարտանյութ չէ, քանի որ այրման հետևանքով ոչնչանում են նաև հողի օգտակար մանրէները։
Բնապահպան Ռամազ Խուցիչվիլին տեղեկացնում է, որ բացի բնապահպանական վնասից, դաշտերի այրումն արգելված է մթնոլորտային օդի պահպանության մասին օրենքով։
«Գոյություն ունեն նաև տեխնիկական լուծումներ․ այսօր կան հատուկ չոպերային (կտրատիչ) սարքեր, որոնք ամրացվում են կոմբայնին և մանրացնում են մնացած ծղոտը՝ փռելով ամբողջ դաշտով։ Ախալքալաքի շրջանում տեխնիկա կա, բայց քիչ են օգտվում։ Հաշվի առնենք որ մեր մոտ գարի ավելի քիչ են ցանում։ Գինը մոտ 20 լարի է, և երկարաժամկետ առումով՝ հողի համար լավագույն ներդրումն է։ Հողի բերրիության պահպանման համար մշակաբույսերի հերթափոխման մեթոդ եթե կիրառվի, բայց բույսի մնացորդները այրեն, դա ոչ մի արդյունք չի տա», — ասաց Ռամազ Խուցիշվիլին։
Բնական միջոցներով հարցի լուծում ամեն դեպքում Ռամազը տեսանելի է համարում։
«Բնակիչները հիմնվում են փորձի վրա, մշակաբույսերի հերթափոխման մեթոդը։ Եթե ամեն տարի մի բույս ցանեն, հողը հարստացնեն օրգանական սնունդով կտեսնեն արդյունքը ու միշտ կպաշտպանեն հաջորդականությունը։ Համեմատել է պետք ամեն տարի կարտոֆիլ ցանված արտի և կարտոֆիլի փոխարեն այլ բույս ցանված արտի բերքատվությունը։ Նույն կերպ էլ այրված արտերի դեպքում է։ Համեմատենք այրված և սովորական արտի բերքատվությունը և զգանք տարբերությունը», — ասաց Ռամազ Խուցիշվիլին։
Բույսերի մնացորդները կարելի է վերածել արժեքավոր օրգանական պարարտանյութի․ Կոմպոստավորում․ հավաքել տերևներն ու խոզանը մեկ վայրում՝ ստանալով բնական էկոլոգիական պարարտանյութ։ Բնական փտում․ թողնել տերևներն ու ծղոտը դաշտում, որպեսզի դրանք աստիճանաբար փտեն և հողին վերադարձնեն սննդարար նյութերը։
Jnews-ը խոսել է մունիցիպալիտետի որոշ գյուղերի բնակիչների հետ։ Սա լրացուցիչ ֆիզիկական աշխատանք է բնակիչների համար։
«Հավելյալ ֆիզիկական աշխատանք է կարտոֆիլի փրերի հավաքումը կամ տեղափոխումը, բայց հենց այդպես էլ դաշտի մեջ չենք կարող թողնել։ Վարելուն շատ է խանգարում և հնարավոր է տեխնիկան վնասվի», — ասում են բնակիչները։
Խնդիրը լուծելու համար տուգանքներից բացի, անհրաժեշտ է բնակչությանն իրազեկել։
Կարդացեք նաև՝
Ծղոտն այս տարի դաշտերում է մնում
Թափված տերևներն այրելը վտանգ է ներկայացնում բնության և գրպանի համար