Արդեն 13 օր է վերանորոգվում է Կարծախ գյուղի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու տանիքը։ Եկեղեցին ավելի քան երեք տարի փակ է եղել, պատճառը տանիքն էր, որը երկու վերանորոգումից հետո կրկին ջուր էր ներծծում։
Ախալքալաքի մունիցիպալիտետի Կուլիկամ գյուղից երկու արհեստավորներ ստանձնել են Կարծախ գյուղի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու տանիքի վերանորոգումը: Նրանք ասում են, որ տանիքը կփակվի մինչ անձրևային սեզոնի սկիզբը:
«Մենք սպասում ենք հավելյալ շինանյութի։ Մենք ունենք հենքի համար շինանյութը, սպասում ենք ծածկույթի համար շինանյութին։ Այս պահին մենք երկուսով ենք աշխատում, բայց երբ սկսենք այն ծածկել թիթեղյա ծածկով, ավելի շատ աշխատողներ կլինեն։ Բայց առայժմ մենք երկուսով կարողանում ենք աշխատել», — ասաց վարպետներից մեկը։
Ախալքալաքի մունիցիպալիտետի սահմանամերձ Կարծախ գյուղի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու դռները երեք տարուց ավելի է, ինչ փակ են ծխականների համար: Այս ամենի մեղքը տանիքն է, որը երկու վերանորոգումից հետո կրկին չեն կարողացել ծածկել այնպես, որ ջուրը ներս չլցվի: Մեկ տարի առաջ Կարծախի բնակիչները գումար էին հավաքել եկեղեցու տանիքը կրկին վերանորոգելու համար, բայց սպասում էին Կրոնական հարցերով գործակալության թույլտվությանը՝ վերանորոգումը սկսելու նպատակով, որը վերջերս է տրվել:
Կարծախի բնակիչները հույս ունեն, որ այս վերանորոգումից հետո տվյալ խնդրի մասին այլևս հարկավոր չի լինի մտահոգվել։ Գյուղացիներն իրենք են հետևում նախագծի իրականացմանը և առայժմ գոհ են իրականացվող աշխատանքներից, որոնք, վերջում, պետք է ընդունի Հայ Առաքելական Եկեղեցին։
Jnews-ը տարիներ շարունակ հետևել է Ախալքալաքի մունիցիպալիտետի ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկի՝ Սուրբ Հովհաննես Կարապետի ճակատագրին։ Առաջին հոդվածը հրապարակվել է 2017 թվականին, երբ եկեղեցու պատերը խոնավ էին նույնիսկ ամռանը, իսկ տանիքից ջուրը լիովին ներս էր լցվում։ Այս ճարտարապետական յուրօրինակ կառույցը վերանորոգվել է, բայց խնդիրը մնացել է։
2012 թվականին հին տանիքը փոխարինվեց նորով, սակայն այն չարդարացրեց սպասումները, և տանիքից ջուրը կրկին սկսեց ներահոսել։ Եկեղեցու շենքը մամուռի և բորբոսի իսկական թագավորություն էր։ Պատերը ծածկված էին մամուռով, սյուներից ջուր էր կաթում, իսկ սրբապատկերները «արտասվում էին»։
Jnews-ը 2020 թվականին երկրորդ անգամ անդրադարձավ Կարծախի եկեղեցուն։ Գործող եկեղեցու ներսում ջուր էր կանգնած։ Բնակիչները և Ջավախքի Հայ Առաքելական եկեղեցու փոխանորդությունը օգնություն էին խնդրել եկեղեցու համար, որը ջրի մեջ «խեղդվում» էր։ Ախալքալաքի մունիցիպալիտետի Կարծախ գյուղում գտնվող Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու վերականգնման համար բացվել էր հաշվեհամար։ Սակայն, ինչպես պարզվեց, այդ անգամ կատարված վերանորոգումից ժամանակ անց ջուրը կրկին սկսել էր ներհոսել։
2024 թվականին Կարծախի գյուղի բնակիչները կրկին սկսեցին Ռուսաստանում, Հայաստանում և գյուղում միջոցներ հավաքել եկեղեցու տանիքը վերանորոգելու համար։
Նշենք, որ Կարծախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցին վերաօծվել է 2012թ. հուլիսի 14-ին: Եկեղեցու տանիքն ամբողջությամբ քարե սալիկներով է պատված: Սոցիալիստական կարգերի ժամանակ Կարծախի եկեղեցին անցնում է պետության ձեռքը, 1929-ին եկեղեցին փակում են, իսկ 1933-ին այն վերածում պահեստի: 1992 թվին եկեղեցին խոնարհվում է, և միայն շուրջ 20 տարի անց եկեղեցին վերակառուցվում ու վերաբացվում է: Այսօր այն գործող եկեղեցի է, հիմնադրված XIX դարի 30-ական թվականներին, որը կրկին ժամանակավորապես փակ է: