նորություններ 22 Հոկտեմբերի, 2025 • Սուլդա գյուղում այս տարի ևս գազ չեն ունենա

Տարիներ շարունակ սպասելուց հետո, երբ վերջապես խոսք գնաց Սուլդա գյուղ գազ անցկացնելու մասին, գյուղացիները կանգնեցին նոր խնդրի առաջ․ գազը քաղաքից մինչև գյուղ հասցնելու համար յուրաքանչյուր ընտանիք պետք է վճարի մոտավոր 2900 լարի։

Այս գումարը գյուղացիների համար մեծ ծախս է, հատկապես աշնանը, երբ անհրաժեշտ է վառելիք գնել։ Բացի այդ, հստակ չէ, թե երբ կավարտվեն գազի անցկացման աշխատանքները, ինչն էլ ավելի է մեծացնում մարդկանց անվստահությունը։

Սուլդացիները նաև հարց են բարձրացնում՝ ինչո՞ւ մյուս գյուղերում գազի անցկացումն ավելի էժան է արժեցել, իսկ Սուլդայում՝ այսքան թանկ։

SJGC ընկերության տնօրեն Վրեժ Բերիկյանը բացատրում է, որ գինը պայմանավորված է ոչ թե պատահականորեն, այլ հեռավորությամբ և աշխատանքի մասշտաբով։

«Աբուլ գյուղում գազի անցկացման աշխատանքները արագ ընթացան․ գյուղը մոտ երեք կիլոմետր էր, իսկ գազի խողովակի գծի տրամագիծը՝ 75 մմ։ Իսկ Սուլդայի դեպքում գազատարը 16 կմ է, և 160 մմ տրամագծով։ Սա զգալիորեն ավելացնում է ծախսերը։ Անկախ նրանից՝ որ գյուղից կսկսվեն աշխատանքները, Դադեշի, Բոզալիի, Սուլդայի և Կարծախի բնակիչների համար գինը լինելու է նույնը՝ հաշվի առնելով հեռավորությունն ու խողովակի տրամագիծը», – նշեց նա։

Սակայն նույնիսկ գազի հիմնական գծի անցկացումը դեռ վերջնական լուծում չէ․ դրանից հետո անհրաժեշտ է նաև գազը տուն հասցնել և ներսում տեղադրել ջեռուցման համակարգ։

«Վստահ չենք, որ գազը կհասնի գյուղ։ Եթե սկզբնական աշխատանքները սկսեն, տեսնենք՝ գազը իրոք հասավ, նոր կվճարենք։ Բայց առանց համոզվելու՝ ոչ ոք փող չի տա։ Մարդիկ ամբողջ տարին աշխատում են, որ ձմռանը «յոլա» գնան։ Եթե այդ գումարը գազին տան, ձմռանը ոնց ապրեն։ Երբ պետությունը գազը հասցնի գյուղ, բոլորը կվճարեն տուն քաշելու համար, բայց միանգամից չենք կարող», – ասում է Սուլդայի բնակիչ Արտուշ Խաչատրյանը։

Մեկ այլ բնակիչ էլ հավելում է․

«Հիմա մարդկանց փող է պետք բերքահավաքի համար։ Մեր ընտանիքը, օրինակ՝ կարող է ինչ-որ ձևով գումար տալ, բայց մյուսները՝ ոչ։ Միայն վառելիքի համար արդեն 2000 լարի ենք վճարել»։

Վրեժ Բերիկյանի խոսքով՝ ընկերությունը գյուղացիներին առաջարկել է սկզբնական աջակցություն բնակիչներից 2500 լարի, իսկ մնացած 400–500 լարին՝ ավելի ուշ։

Գյուղացիներից ոմանք առաջարկում են, որ վճարումը կազմակերպվի երեք փուլով, որպեսզի մարդիկ կարողանան աստիճանաբար վճարեն։

«Երկու-երեք մարդ են նման տարբերակ առաջարկել։ Դա քննարկման հարց է, պետք է նստել ու հասկանալ՝ արդյոք բոլորը կհամաձայնեն։ Մենք պատրաստ ենք քննարկումների։ Թող բնակիչները ներկայացնեն իրենց առաջարկները, և մենք դա կքննարկենք»,– ընդգծեց Բերիկյանը։

Սուլդայի բնակիչները հույս ունեն, որ տեղական ինքնակառավարման մարմինները կօգնեն նվազեցնել ծախսերի բեռը։

«Եթե պետությունը մի փոքր աջակցի, բնակիչները կկարողանան վճարել։ Գազ ունենալը մեզ համար ոչ միայն հարմարություն է, այլ անհրաժեշտություն՝ հատկապես ձմռանը» — ավելացրեց Սուլդա գյուղի բնակիչ Գևորգ Ջանոյանը։

Ինչպես տեղեկացանք, Սուլդա գյուղի բնակիչներն արդեն գրավոր նամակով դիմել են Ախալքալաքի տեղական ինքնակառավարման մարմիններին աջակցություն ստանալու համար, սակայն դեռ պատասխան չեն ստացել։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝