նորություններ 18 Նոյեմբերի, 2025 • Օգտագործված ձեթ. եկամտի աղբյուր, թե՞ վտանգավոր թափոն

Հասարակական սննդի կետերում միշտ մեծ քանակությամբ օգտագործված ձեթ է կուտակվում։ Վրաստանում արգելվում է օգտագործված ձեթը լցնել կոյուղու, ծառերի տակ կամ հողի մեջ։ Jnews-ը հետաքրքրվել է, թե Ախալքալաքում գործող սննդի կետերը ի՞նչ են անում օգտագործած յուղերը։

Ըստ Վրաստանի թափոնների կառավարման օրենսդրության օգտագործված ձեթը խստիվ արգելվում է լցնել կոյուղու, ծառերի տակ կամ հողի մեջ, քանի որ այն համարվում է 4-րդ կարգի վտանգավորության թափոն և ենթակա է վերամշակման։

Անկախ այն հանգամանքից, որ Ախալքալաքում բացակայում են վերամշակաման գործարանները, սակայն օգտագործված ձեթը հնարավոր է հավաքել և պարբերաբար հանձնել մեծ ընկերությունների, որոնք իրականացնում են հավաքում՝ սեփական ուժերով։ Jnews-ը փորձեց հասկանալ, ինչպիսին է իրավիճակը մեր շրջանում, արդյո՞ք սննդի կետերը տեղեկացված են, և օգտագործած ձեթը հանձնում են վերամշակման ընկերություններ։

«Բիոդիզել Ջորջիա» ընկերությունը, որը զբաղվում է օգտագործված յուղի հավաքմամբ և վերամշակմամբ, տեղեկացրեց, որ Վրաստանի տարածքում սննդի և հանգստի օբյեկտները կարող են իրենց հետ կապ հաստատել՝ և հեռախոսազանգով և գրավոր ձևով՝ նշելով հավաքված ձեթի ծավալը։ Այդ տվյալների հիման վրա որոշվում է այցելությունների պարբերականությունը և գնման պայմանները, այն վերամշակում են ԵՄ չափանիշների համապատասխան։

Օրինակ՝ Ախալքալաքի եզակի ռեստորաններ և հյուրանոցներ արդեն համագործակցում են «Բիոդիզել Ջորջիա» ընկերության հետ։ Վերջի երկու շաբաթվա ընթացքում, միայն մեկ սննդի կետ հանձնել է շուրջ 90 լիտր օգտագործված ձեթ։ Ինչպես նշեց սննդի կետի ղեկավարությունը Jnews-ի հետ զրույցում, իրենք նույնիսկ գումար չեն վերցնում՝ բնապահպանական պատասխանատվությունը համարելով առաջնային։

Wasteless ընկերության հետ  հարցազրույցի ժամանակ, որը Վրաստանում զբաղվում է վտանգավոր թափոնների հավաքմամբ և վերամշակմամբ, Jnews-ը տեղեկացավ, որ ընկերությունն ամբողջ երկրի մակարդակով իրականացնում է օգտագործված յուղերի, մարտկոցների, անվադողերի, ինչպես նաև էլեկտրական ու էլեկտրոնային սարքավորումների հավաքագրում։

«Ինչ վերաբերում է գումարին և հանձնելու պարբերությանը, ապա դա պայմանավորված է ձեթի ծավալից։ Ցանկացած սննդի կետ հեռախոսազանգով կարող է կապնվել մեզ հետ և համագործակցել»,  — Jnews-ին հայտնեցին Wasteless ընկերությունից։

Ըստ Վրաստանի Թափոնների կառավարման օրենսդրության 36-րդ հոդվածի առաջին կետի, վտանգավոր թափոնների կառավարմանը վերաբերող պահանջների և պարտավորությունների չկատարման դեպքում, մասնավորապես՝ եթե վտանգավոր թափոնները թողարկվում են կոյուղային համակարգի մեջ կամ ստորերկրյա և/կամ մակերևութային ջրերի մեջ, սահմանվում է վարչական պատասխանատվություն՝ ֆիզիկական անձանց համար 5000 լարիի, իսկ իրավաբանական անձանց համար՝ 10 000 լարիի չափով տուգանքի ձևով։

Մեկ լիտր ձեթ լցնելը կոյուղու մեջ հնարավոր է խցանվի ընդհանուր կոյուղային համակարգը։ Բացի դրանից օգտագործված ձեթը ջրում չի լուծվում։ Երբ օգտագործված ձեթը հայտնվում է գետի մեջ, ջրի մակերևույթին առաջանում է յուղային թաղանթ, որը խոչընդոտում է ոչ միայն օդի, այլև արևի ճառագայթների անցումը ջրի խորք․ դրա հետևանքով ջրային բույսերը չեն կարողանում կատարել լուսասինթեզ, նվազում է թթվածնի քանակը, խաթարվում է ջրային էկոհամակարգը։

Ամեն տարի Վրաստանում սպառվում է մոտ 13 000 տոննա արդյունաբերական և ավտոմեքենայի յուղ, որից 30 տոկոսը վերածվում է թափոնների։

Օգտագործված ձեթը կարող է անվնաս թվալ, սակայն դրա հետևանքով կարող են առաջանալ սննդի անվտանգության, առողջապահական և բնապահպանական լուրջ խնդիրներ։

Խորհրդային միության ժամանակ արձանագրված է եղել օգտագործված ձեթը հանձնել անասնաֆերմաներ, սակայն չի կարող օգտագործված ձեթը օգտագործվել անասնակերի կամ թռչունների կերի արտադրության մեջ, եթե հայտնվի կենդանիների սննդում, պարունակող տոքսիններն ու կանցերոգեն նյութերը կուտակվում են կաթնամթերքի և մսամթերքի մեջ, որոնք հետագայում անցնում են մարդու օրգանիզմ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացնում է, որ կանցերոգեն նյութերը կարող են առաջացնել բջիջների մուտացիա, քաղցկեղային և գենետիկական հիվանդություններ։

Oգտագործված ձեթը կարելի է դիտարկել որպես ռեսուրս, որը հնարավորություն է տալիս սննդի կետերին հավելյալ եկամուտ ստանալ՝ այն հանձնելով վերամշակման։

2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Վրաստանի կառավարության N605 որոշումը, համաձայն որի՝ բիզնես օպերատորը պարտավոր է օգտագործված սննդային յուղերն ու կենդանական ճարպերը հանձնել միայն այն սերտիֆիկացված ընկերությանը (ձեռնարկությանը), որը դրանք կօգտագործի տեխնիկական նպատակներով՝ հիմնականում կենսավառելիք արտադրելու համար։ Նշված որոշման խախտումն առաջացնում է վարչական պատասխանատվություն։

 

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝