Ներքին գործերի նախարարությունը հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված ձերբակալել է ևս 16 անձի, ձերբակալվածների ընդհանուր թիվը հասցնելով 62-ի։
Այս մասին հայտարարել է ՆԳ նախարար Գեկա Գելաձեն հոկտեմբերի 17-ին կայացած ճեպազրույցում։
Նախարարի խոսքով՝ հետաքննություն է սկսվել նաև արտասահմանում գտնվող երկու անձի նկատմամբ, որոնցից մեկը՝ Իրակլի Շայշմելաշվիլին, մեղադրվում է Վրաստանի սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու և պետական իշխանությունը տապալելու կոչերի համար։
«Ինչպես հայտնի է հասարակությանը, ՆԳՆ-ի Կենտրոնական քրեական ոստիկանության դեպարտամենտում ընթանում է ակտիվ հետաքննություն այն անձանց հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու նպատակով, ովքեր հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում կատարել են ապօրինի, հանցավոր գործողություններ. մասնավորապես՝ փորձել են բռնի մեթոդով գրավել Վրաստանի նախագահի պալատը և տապալել սահմանադրական կարգը, որի հետևանքով տասնյակ ոստիկաններ են տուժել», – հայտարարել է Գելաձեն։
Նրա խոսքով՝ ձերբակալվածների մի մասին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի սահմանադրական կարգի բռնի փոփոխության կամ պետական իշխանության տապալման կոչերի, ռազմավարական կամ հատուկ նշանակության օբյեկտներ գրավելու կամ արգելափակելու փորձի, խմբային բռնության կազմակերպման և մասնակցության, ինչպես նաև ոստիկանների հանդեպ բռնության համար։