նորություններ 18 Հոկտեմբերի, 2025 • Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների բնակարանները խուզարկել են

Իրակլի Ղարիբաշվիլիի, Գրիգոլ Լիլուաշվիլիի, Օթար Փարձխալաձեի և նրանց հետ առնչություն ունեցող ևս ութ անձանց բնակարաններում կատարվել է խուզարկություն։ Այս մասին Վրաստանի գլխավոր դատախազությունում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է գլխավոր դատախազ Գիորգի Գվարամիձեն հոկտեմբերի 17-ին։

Նրա խոսքով՝ խուզարկության արդյունքում առգրավվել են տարբեր էլեկտրոնային սարքեր, փաստաթղթեր և խոշոր չափի կանխիկ գումար։

«Հաշվի առնելով բարձր հանրային հետաքրքրությունն ու քրեական գործերի կարևորությունը, ցանկանում եմ հանրությանը փոխանցել հետևյալ տեղեկությունը։ Վրաստանի գլխավոր դատախազության քննչական ստորաբաժանումում, Պետանվտանգության ծառայության հակակոռուպցիոն և պետական անվտանգության դեպարտամենտներում քննվող տարբեր քրեական գործերի շրջանակում այսօր առավոտյան ժամը 10:00-ից ողջ երկրի տարածքում միաժամանակ իրականացվել է խոշորածավալ գործողություն 22 տարբեր վայրերում։

Համատեղ գործողության շրջանակում խուզարկվել են Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, Պետանվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի, նախկին գլխավոր դատախազ Օթար Փարձխալաձեի և նրանց հետ առնչություն ունեցող ևս ութ անձանց բնակարաններն ու անձնական տարածքները։ Առգրավվել են տարբեր էլեկտրոնային սարքեր, փաստաթղթեր և մեծ քանակությամբ գումար։ Նշված գործերով ինտենսիվորեն իրականացվում են քննչական, դատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Քննության ընթացքի և արդյունքների վերաբերյալ հանրությունը պարբերաբար կտեղեկացվի», – հայտարարել է Գիորգի Գվարամիձեն։

Հարկ է նշել, որ դեռ այս գործով ձերբակալվածներ չկան։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝