Jnews-ը տարիներ շարունակ պատմում է այն մասին, թե ինչ կենսապայմաններում է ապրում Ախալքալաքում հայտնի Խաչոն (Խաչատուր Պետրոսյան): Ձմեռը մոտենում է, և ջեռուցված տան հարցը կրկին նրա համար արդիական է դառնում:
«Անցյալ ձմեռը հազիվ եմ անցկացրել։ Հագուստով էի քնում», — Jnews-ի լրագրողներին պատմել է Խաչոն։ Խաչատուր Պետրոսյանի կենսապայմանները սարսափելի են։ Նա պարբերաբար փոխում է իր բնակության վայրը՝ կացարան գտնելով նախկին թիվ 1 զինվորական ավանում, և ստիպված է լինում տեղափոխվել ամեն անգամ, երբ տերը խնդրում է նրան լքել տարածքը։ Սովորաբար այն տեղերում, որտեղ նա ապրում է՝ չկան պատուհաններ, հոսող ջուր, ջեռուցում և հոսանք։ Նա գրեթե ամեն ձմեռ իր գոյն է պահպանում՝ հրաշքով չցրտահարվելով։
Անցյալ տարվա նոյեմբերի 15-ին Jnews-ը, Ախալքալաքի մտահոգ բնակիչների խնդրանքով, հրապարակեց նյութ, որում մանրամասն նկարագրվում էին Խաչոյի ծանր կենսապայմանները՝ առանց ջրի, էլեկտրականության և ջեռուցման: Մեկ տարուց ավելի նա մնացել էր առանց փաստաթղթերի և սոցիալական նպաստների՝ դրանք կորցնելու պատճառով: Ախալքալաքի քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական օգնության վարչությունն օգնել է նրան վերականգնել իր փաստաթղթերը և ստանալ սոցիալական նպաստները:
Խաչատուր Պետրոսյանը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի։ Իրեն որդեգրող ծնողների մահից հետո նա մնացել է մենակ՝ փողոցում։ 2018 թվականին նա տեղափոխվել է հոգեբուժարան։ Դուրս գրվելուց հետո նա հյուծված և ուժասպառ էր և չէր ուզում վերադառնալ այնտեղ։ Մի ժամանակ նա ապրում էր լողավազանի մոտ գտնվող վագոնում։ Ավելի ուշ նա տեղ գտավ զինվորական ավանում։
Անցյալ տարի Խաչոյի ճակատագրով մտահոգված բնակիչները դիմել էին Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանին՝ օգնություն խնդրելով, որպեսզի Խաչոն ձմռանը չսառչի։ Նրանց խոսքով՝ քաղաքապետը տեղեկացրել էր, որ Խաչոն կարող է վերադառնալ այն վագոն, որտեղ նախկինում ապրում էր, որտեղ արդեն ջեռուցում է ացնկացվել։
Քաղաքային լողավազանի կողքին գտնվող վագոնի պատուհանները կոտրված էին, իսկ դուռը լավ չէր փակվում։ Ներսում կար մահճակալ և մեկ ռադիատոր, որը, հավանաբար, միացված էր լողավազանի ջեռուցման համակարգին։ Խաչոն կտրականապես հրաժարվում է այնտեղ ապրել, քանի որ հարմարվել է իր քաղաքի հարևաններին, որոնք օգնում են իրեն։ Սակայն տեղացիները պնդում են, որ նրա ներկայիս տունը զգալիորեն ավելի վատն է, քան վագոնը։
Խաչոն գրեթե ամեն օր դիմում է քաղաքապետարան՝ մտահոգություններ հայտնելով ձմեռային ուժեղ ցրտերի ժամանակ ցրտահարվելու վերաբերյալ: Քաղաքապետարանի սոցիալական ծառայությունների պետ Անահիտ Յորդանյանի խոսքով՝ նրանք դիմել են Ախալքալաքի սոցիալական գործակալությանը:
«Մենք սպասում ենք, որ Սոցիալական գործակալությունն այցելի նրան և մեզ ակտ ուղարկի։ Մենք նրանց ուղարկել ենք անձնագրային տվյալները, որպեսզի հնարավոր լիներ դիմում լրացնել, և նրանք պետք է տեղում ուսումնասիրեին պայմանները։ Բայց ես չգիտեմ՝ այցելե՞լ են նրան, թե՞ ոչ։ Խաչոն ինքը պարզ չի խոսում. մենք հարցնում ենք՝ եկե՞լ են, և նա պատասխանում է. այո, եկել են և լուսանկարել։ Գործակալությունը պետք է այցելեր նրան, զեկույց կազմեր և մեզ ակտ ուղարկեր նրա կենսապայմանների մասին։ Մենք դեռ նրանցից նամակ չենք ստացել, գուցե դեռ այնտեղ չեն եղել։ Ես չգիտեմ՝ այս տարածքը պաշտոնապես հատկացվե՞լ է նրան, թե՞ ոչ։ Ինչ վերաբերում է անձնական խնամակալին, ապա դեռևս չկա որևէ գործակալություն, որը պետք է զբաղվի այս խնդրով։ Քաղաքապետարանը միայն ֆինանսավորում է տրամադրում։ Մնացածը գործակալության գործն է՝ մասնագիտացված անձանց պատրաստելը՝ դրա կարիքն ունեցող մարդկանց անձամբ խնամելու համար։ Մինչև այժմ նախարարությունից որևէ տեղեկություն չկա, որ գործակալություն կա և աշխատանքը սկսվել է։ Մենք դեռևս որևէ տեղեկություն չունենք այդ մասին», — ասում է քաղաքապետարանի Սոցիալական ապահովության ծառայության պետ Անահիտ Յորդանյանը։
Ախալքալաքի մունիցիպալիտետի տնտեսական զարգացման և գույքի կառավարման ծառայության տվյալներով՝ Խաչատուր Պետրոսյանին ավանում բնակարան չի հատկացվել։
«Քաղաքապետարանը Խաչատուրին որևէ բնակարան չի հատկացրել։ Հավանաբար, նա ինչ-որ մեկի մոտ է մնում։ Եթե նա դիմեր, դա պետք է արվեր բնակարանների բաշխման ժամանակ։ Բայց ոչ։ Նրան ժամանակին հողատարածք են հատկացրել, բայց բնակարան՝ ոչ», — ասում է տնտեսական ծառայության պետ Մնացական Փամբուխչյանը։
Խաչոն կրկին մնում է Ախալքալաքի միակ բնակիչը, ով գրեթե ապրում է փողոցում։