Չնայած Ջավախքի գյուղերում պաշտոնապես հայտնվել են փողոցների անվանումները և տների համարները, բնակիչները դեռևս չեն կարող օգտագործել հասցեները տաքսի կամ առաքում պատվիրելիս, ինչպես նաեւ արտակարգ ծառայություններ զանգահարելիս։ Նոր տվյալները չեն ցուցադրվում տարածված նավիգացիոն հավելվածներում, ուստի քարտեզի վրա հասցե նշելը դեռևս անհնար է։
Գրեթե մեկ տարի առաջ՝ 2024 թվականի դեկտեմբերին, Jnews-ը հոդված էր հրապարակել մեր շրջանի բնակելի վայրերում հասցեագրման գործընթացի մեկնարկի մասին: Այդ ժամանակ ասվում էր, որ փողոցները ստանում են պաշտոնական անվանումներ, տները համարակալվում են, իսկ նախագիծը նախատեսված էր առաքման, տաքսիների և արտակարգ իրավիճակների ծառայությունների դյուրացման համար։
Այսօր կարելի է ասել, որ նախագծի պաշտոնական մասը կատարվել է. շրջանի բոլոր գյուղերն այժմ ունեն փողոցների անվանումներ, տները համարակալված են, և դրանց մասին տեղեկատվությունը մուտքագրվել է պետական maps.gov.ge պորտալում՝ սա հաստատվում է կայքում մեր տվյալների ստուգմամբ, որտեղ հասցեագրումը հասանելի է բոլոր բնակելի վայրերի համար։
Թեև, գործնականում այս տվյալներից օգտվելը չափազանց դժվար էր։ Կայքն անկայուն է աշխատում. էջերը հաճախ չեն բեռնվում, կամ քարտեզը անկանոն կերպով անցնում է մեկ վայրից մյուսը, հասցեների որոնումները կախում են կամ ընդհանրապես չեն կարողանում գտնել դրանք, իսկ ինտերֆեյսը մնում է անհասկանալի սովորական բնակիչների համար՝ լեզվի չիմացության պատճառով։ Ավելին, նոր հասցեները դեռևս չեն գործում նավիգացիոն հավելվածներում։ Մենք ստուգել ենք դրանց արտացոլումը Google Maps-ում, Apple Maps-ում, Yandex Maps-ում և Maps.me-ում. դրանցից ոչ մեկը չի գտնում նշված փողոցներն ու տների համարները, ինչը գործնականում անհնար է դարձնում պաշտոնական հասցեի օգտագործումը։
Արդյունքում, չնայած հասցեագրման բարեփոխման ֆորմալ ավարտին, շատ բնակիչներ շարունակում են դժվարությունների հանդիպել. առաքիչներն ու առաքման ծառայությունները զանգահարում են տան գտնվելու վայրը ճշտելու համար, տաքսիներն ու շտապօգնության ծառայություններն առաջնորդվում են «խանութի մոտ» կամ «դպրոցի կողքին» հնացած կողմնորոշիչներով։
Մասնագետները նշում են, որ այս խնդրի լուծումը կարող է լինել արդիական հասցեների քարտեզով բջջային նավիգացիոն հավելված ստեղծելը կամ տվյալները խոշոր քարտեզագրական ծառայություններին փոխանցելը, որպեսզի դրանք ավտոմատ կերպով հայտնվեն հայտնի նավիգացիոն հավելվածներում: Սա թույլ կտար առկա հասցեների տվյալների բազան շրջանի բնակիչների համար վերածել իրապես օգտակար գործիքի։
Սամցխե-Ջավախքի գյուղերի հասցեավորման նախագիծը ցույց է տալիս, որ թղթի վրայի տվյալները և դրանք առցանց հասանելի դարձնելը միայն գործի կեսն է: Որպեսզի բարեփոխումն արդյունավետ լինի, կարևոր է, որ տեղեկատվությունը հարմար և հասանելի լինի մարդկանց առօրյա կյանքում:
Jnews-ը պաշտոնական հարցում է ներկայացրել Ազգային հանրային ռեգիստր՝ պարզաբանելու հասցեների տվյալների նավիգացիոն համակարգերի հետ ինտեգրման բացակայության պատճառները և իմանալու, թե արդյոք նախատեսվու՞մ են նախագծի իրականացման հետագա փուլեր: Պատասխանը դեռևս չենք ստացվել: Տեղեկատվությունը տրամադրելուց հետո մենք այն կհրապարակենք առանձին նյությում: