Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) ձերբակալել է երեք անձի, որոնք մեղադրվում են կաշառքի դիմաց կեղծ հաշմանդամության վերաբերյալ տեղեկանքներ տրամադրելու մեջ։ Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության տվյալներով՝ ևս երեք անձ ձերբակալվել է Փոթիում՝ առևտրային կաշառակերության և կեղծ փաստաթղթերի պատրաստման մեղադրանքով։
Հաշմանդամության վերաբերյալ տեղեկանքներ
«Թբիլիսիի, Քութայիսիի և Բաթումիի տարբեր բժշկական հաստատությունների բժիշկներն ու նրանց օգնականներն որոշակի դրամական գումարների դիմաց պատրաստել են առողջական վիճակի վերաբերյալ կեղծ բժշկական փաստաթղթեր, որոնց հիմքով քաղաքացիներին հաշմանդամության կարգավիճակ է շնորհվում», — ճեպազրույցի ժամանակ հայտնել են Պետական անվտանգության ծառայությունից։
Առաջին դեպքում Թբիլիսիի բժշկական հաստատության բժիշկը հիվանդին տրամադրել է 3000 լարիի դիմաց կեղծ տեղեկանք՝ նշելով բրոնխիալ ասթմայի ախտորոշումը՝ «առանց որևէ բժշկական զննման կամ հետազոտության»։
Բաթումիում տեղի ունեցած երկրորդ դեպքում հիվանդանոցներից մեկի բժիշկների հետ կապված քաղաքացին 9500 լարիի դիմաց կեղծ տեղեկանք է տրամադրել հիվանդին՝ նրան նշելով որպես C հեպատիտի հետևանքով լյարդի հիվանդության պատճառով առաջին կարգի հաշմանդամություն ունեցող անձ։
Երրորդ դեպքում մեղադրյալը քաղաքացուն տրամադրել է էպիլեպսիայի ախտորոշման կեղծ տեղեկանք 3200 լարիի դիմաց՝ օգտվելով Քութայիսիի մի քանի կլինիկաների բժիշկների օգնությունից։
Հետաքննությունը շարունակվում է մի խումբ անձանց կողմից կատարված առևտրային կաշառակերության, առևտրային կաշառակերությանն օժանդակելու և կեղծ պաշտոնական փաստաթուղթ ձեռք բերելու և վաճառելու փաստերի առթիվ (Վրաստանի ՔՕ 221-րդ հոդվածի 4-րդ մաս, 221-25-րդ հոդվածի 4-րդ մաս և 326-րդ հոդվածի 1-ին մաս): Այս հանցագործության համար նախատեսված է 4-ից 6 տարի ազատազրկում:
Տրանսպորտային միջոցների տեխզննման տեղեկանքներ
Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության տվյալներով՝ Փոթի քաղաքում երեք անձ ձերբակալվել է առևտրային կաշառակերության և փաստաթղթերի կեղծման մեղադրանքով։
Գերատեսչության տվյալներով՝ ձերբակալվածներն աշխատել են տեխնիկական զննման կենտրոնում և պատասխանատու են եղել տրանսպորտային միջոցների տեխզննման համար։ Նրանք տեխզննման տեղեկանքն են տրամադրել անսարք տրանսպորտային միջոցներին՝ սեփականատերերից ստանալով սահմանված սպասարկման վճարից ավելի գումար։
Քննությունը պարզել է, որ այս կենտրոնը համակարգված կերպով ապօրինի կեղծ զննման վկայականներ է տրամադրել։ Հետաքննության շրջանակներում իրականացվում են հավելյալ քննչական գործողություններ։
Գործը հարուցվել է Վրաստանի ՔՕ 221-րդ և 362-րդ հոդվածներով, որոնք նախատեսում են երկուսից չորս տարի ժամկետով ազատազրկում։



