Հոկամ գյուղի կենտրոնում հոսող աղբյուրներից առաջացած «լիճը» կամաց-կամաց վերածվում է բաց կոյուղու։
Տարիներ շարունակ Ախալքալաքի գյուղերում կոյուղու խնդիրը բնակիչները լուծել են տարբեր ձևերով՝ ըստ իրենց հնարավորությունների։ Որոշները կոյուղին միացրել են տան մոտով հոսող առվակներին, իսկ մյուսները՝ սեփական հողատարածքներում հոր են փորել։
Հաճախ մի քանի հարևանների կոյուղուց առաջանում է ջրափոս, որտեղից հետագայում կենդանիները ջուր են խմում։ Անասնաբույժներն այս հարցի վերաբերյալ տարբեր կարծիքի են. ոմանք պնդում են, թե դա մեծ վտանգ չի ներկայացնում կենդանու համար, իսկ մյուսները մտահոգ են՝ նշելով, որ կոյուղաջրերով առաջացած թե՛ կանգնած, թե՛ հոսող ջրերում անխուսափելիորեն կարող են լինել վիրուսներ և մակաբույծներ, որոնք կենդանու միջոցով կարող են փոխանցվել մարդուն՝ մսի կամ կաթի միջոցով։
«Կեղտոտ ջուրը միշտ վատ է կենդանու առողջության վրա, ու դա հետագայում կանդրադառնա արտադրանքի վրա», — ասում է անասնաբույժ Բադրի Նաթենաձեն։
Նման իրավիճակ տեսնում ենք Հոկամում։ Գյուղի կենտրոնական մասում կա փոքրիկ ջրամբար, որտեղ նախկինում անասուններն այստեղից են ջուր խմել։ Սկզբում ջրամբարը լցվում էր մոտակա աղբյուրներից հոսող մաքուր ջրով, սակայն տարիների ընթացքում մի քանի տան կոյուղի ուղղվել է այդտեղ։
«Գյուղի նախիրը հիմնականում գյուղից դուրս է ջուր խմում։ Կա երկու տեղ, այնտեղի ջուրը մաքուր է, կոյուղի չկա։ Քանի որ մեր գյուղում շատ անասուն կա և ջուրը քչություն է անում, հնարավոր է այդ դեպքում անասուններին գյուղ բերեն ջրելու։ Չգիտեմ վտանգավոր է թե չէ այս ջուրն անասունների համար, բայց ամեն տեղ էլ նմանատիպ հավաքված ջրափոսերից է ջրվում անասունը, մաքուր գետեր մյուս գյուղերում էլ չկան», — ասում է Հոկամ գյուղի բնակիչներից մեկը։
Անգամ եթե գյուղում հոսող մաքուր ջուր չկա, անհրաժեշտ է վերահսկողություն իրականացնել և պարբերաբար մաքրել այն ջրափոսերը, որոնք ձևավորվում են կոյուղաջրերի հետևանքով։
Նման ջրափոսերի ջուրը հաճախ օգտագործվում է նաև ոռոգման նպատակով, ինչը հանգեցնում է հողի որակի անկման։ Խոսել ենք տնտեսագետ Եղիշե Աղաջանյանի հետ։ Նա ասում է՝ կանգնած ջրամբարներից դաշտ ոռոգելը չի խրախուսվում։
«Չի կարելի նման ջրերով դաշտ ոռոգել, դա թույն է։ Հիմա տանը քիմիական մաքրման միջոցներ բոլորն էլ օգտագործում են, դա բերքի վրա շատ է ազդում», — ասում է նա։
Բնակիչների համար կոյուղին հողատարածքում կազմակերպելու ձևը նույնպես հարմար չէ։ Դա առաջացնում է տհաճ հոտ, իսկ երբեմն էլ խցանումներ, որոնց հետևանքով հարկ է լինում նոր փոս փորել։
«Ուրիշ տարբերակ չկա մենք էլ ենք փոս փորել։ Եթե ջրամբարին մոտ լիներ, մենք էլ կարող է այնտեղ կապեինք։ Լավ կլինի եթե ընդհանուր լուծում տրվի գյուղին, սեպտիկ համակարգը մի քիչ թանկ է և հիմա չեմ մտածում դրանից օգտվել», — ասում է Հոկամ գյուղի բնակիչներից մեկը։
Կոյուղու համակարգի բացակայությունը գյուղում առաջացնում է մի շարք խնդիրներ, որոնցից ամենակարևորները բնապահպանական են, և կապված են դրանցից բխող խնդիրներով։ Տարիների ընթացքում կենցաղում օգտագործվող քիմիական մաքրող նյութերի քանակն ավելացել է։ Այդ ջրերն անմիջական ձևով բաց տարածք թափելը վնասում է բնությանը։
Այս բոլոր խնդիրներից ազատվելու համար անհրաժեշտ է ապահովել բնակիչների միացումը ընդհանուր կոյուղու համակարգին։ Քանի որ գյուղերում այն առայժմ բացակայում է, և մեր տեղեկություններով՝ մոտ ապագայում կառուցման ծրագիր չկա, անհրաժեշտ է ուսումնասիրել այլընտրանքային լուծումները։



