Վրաստանի կառավարությունը մոտ ապագայում նախատեսում է ներկայացնել հանրակրթության ոլորտում նախատեսված նորարարությունները, որոնք նույնպես կապված են ուսումնական տարիների կրճատման հետ։ Այս մասին հոկտեմբերի 16-ին, հայտարարել է Վրաստանի վարչապետը և այդ փոփոխությունները վերաբերվում են մի շարք ուղղությունների:
Վարչապետը խոսել է դպրոցներում փոփոխություններ իրականացնելու մասին, մասնավորապես նշել է, որ որոշ դպրոցներում պետք է անցնել 11-ամյա ուսումնական ծրագրի, և Կրթության նախարարությունը ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ:
Կրթական բարեփոխումների ներկայացման ժամանակ Իրակլի Կոբախիձեն խոսել է նաև պետական համալսարանների թերի ենթակառուցվածքների մասին, որը ըստ նրա նույնպես պահանջում է պետական արձագանք։
Ինչպես նշել է կառավարության ղեկավարը, շատ դեպքերում շենքերն ու կառույցները պատշաճ վիճակում չեն։
«Հանրակացարանները հիմնական խնդիրներից և մարտահրավերներից մեկն են։ Բացի այդ, մշակութային և սպորտային ինքնաիրացման համար նախատեսված ենթակառուցվածքների դեֆիցիտ ունենք, մարտահրավերներ բոլոր ուղղություններով, և սա նույնպես պահանջում է պետական արձագանք», – ասել է Իրակլի Կոբախիձեն։
Վարչապետի խոսքով, այսօր որակի կառավարման համակարգը հիմնականում ձևական է։
«Մենք պետք է ավելի խիստ հոգ տանենք կրթական ծրագրերի բովանդակության և որակի կարգավորման մասին։ Ինչ վերաբերում է կադրային քաղաքականությանը, ապա այսօր մենք չունենք որևէ կազմակերպված համակարգ, և շատ դեպքերում մենք ունենք կես դրույքով աշխատող դասախոսներ, որոնք, համապատասխանաբար, շատ դեպքերում զբաղվում են այլ գործունեությամբ և համատեղ աշխատում են համալսարաններում։ Մենք կարծում ենք, որ պետք է անցնենք բոլորովին այլ համակարգի, և համալսարանների հիմնական միջուկը պետք է լինեն լրիվ դրույքով աշխատող դասախոսներն ու ուսուցիչները», – նշել է կառավարության ղեկավարը։
Վարչապետի խոսքով՝ հայեցակարգ մշակելը շատ ավելի հեշտ է, քան այն իրականացնելը, չնայած կառավարության ողջ թիմը լիովին մոբիլիզացված է՝ ապահովելու համար, որ հայեցակարգի յուրաքանչյուր կետ, յուրաքանչյուր խնդիր ազնվորեն և լիարժեք իրականացվի։
Խոսվել է նաև բուհերում կրթական տարիների կրճատման մասին:
«Բացառիկ մասնագիտություններից բացի, մենք պետք է անցնենք 3+1 համակարգի, որտեղ 3 տարի կնվիրվի բակալավրի աստիճանին և 1 տարի՝ մագիստրոսի աստիճանին։ Երկու դեպքում էլ պետք է լինեն հստակ սահմանված նպատակներ, ինչը այսօր նախատեսված չէ»:
Վարչապետի խոսքով 3+1-ը ունի բազմաթիվ առավելություններ, այդ թվում՝ ծախսերի խնայողություն բոլոր ուղղություններով, օպտիմալացում, և կապահովվի խնայողություն։ Երբ 4+2-ից անցում կատարվի 3+1-ի, դա կապահովի ծախսերի խնայողություն 25%-ով։