«Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական հարթակը» բացահայտել է 29 կեղծ դիտորդների, որոնք օգնել են իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը ստեղծել լեգիտիմության պատրանք 2025 թվականի հոկտեմբերի 4-ի ՏԻՄ ընտրությունների ժամանակ։
Կազմակերպության հայտարարության համաձայն՝ սա արդեն երկրորդ անգամն է, երբ իշխող կուսակցությունը հրավիրել է կեղծ դիտորդների 2024 թվականի վիճարկվող խորհրդարանական ընտրություններից հետո։
«Նման պրակտիկան Վրաստանը ավելի է մոտեցնում այնպիսի երկրների, ինչպիսիք են Ռուսաստանը, Ադրբեջանը և Բելառուսը, որտեղ նմանատիպ մեթոդներ կիրառվել են տարիներ շարունակ», — նշում է EPDE-ն։
Վրաստանի քաղաքացիական դիտորդական կազմակերպությունները, այդ թվում՝ ISFED-ը, որը EPDE-ի անդամ է, հրաժարվել էին դիտարկել ընտրությունները՝ վկայակոչելով հիմնարար իրավունքների նկատմամբ հարգանքի բացակայությունը և ընտրական օրենսդրության ու ընթացակարգային երաշխիքների անկայունությունը։ Նրանք ընդգծել էին, որ նման պայմաններում անհնար է անցկացնել ազատ, արդար և մրցակցային ընտրություններ։
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ միջազգային դիտորդները հրավիրվել էին ընտրություններից մեկ ամսից էլ պակաս ժամանակ առաջ՝ ժամանակահատված, որը, ըստ ԺՀՄԻԳ մեթոդաբանության, անբավարար էր համարվում հավաստի միջազգային դիտորդական առաքելություն իրականացնելու համար։
«Իսկական դիտորդների բացակայության պայմաններում այս դատարկությունը լրացրեցին քաղաքականապես անգաժավորված «կեղծ դիտորդներով»», — ասվում է Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական հարթակի հայտարարության մեջ։