Ախալքալաքում Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի տարածքում գործող ուսանողական հանրակացարանը, որը հագեցած է ուսանողների կեցության համար անհրաժեշտ բոլոր պայմաններով՝ ջեռուցում, կահավորանք և անվտանգություն, այսօր դատարկ է։ Ուսանողները նախընտրում են վարձակալել առանձին բնակարան՝ նույնիսկ ավելի բարձր ծախսերով։
Շատ ընտանիքներ, հատկապես աղջիկների ծնողները, դեռ առաջնորդվում են շրջանային կարծրատիպերով, համաձայն որոնց հանրակացարանում ապրելն ընդունելի չէ։ Սակայն, զրուցելով ուսանողների հետ՝ պարզվում է, որ խնդիրը միայն կարծրատիպը չէ։
«Ես հենց այս ԲՈՒՀ եմ դիմել կրթություն ստանալու, որովհետև մեր տան մոտ է, և միաժամանակ կարող եմ ծնողներիս օգնել։ Վատ բան չեմ տեսնում հանրակացարանում մնալու մեջ, հակառակը՝ ով հնարավորություն չունի, շատ լավ տարբերակ է։ Ես ամեն օր գյուղ գնում-գալիս եմ, ու դա այնքան էլ թանկ չէ», — պատմեց Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի ուսանողներից մեկը, ով բնակվում է Ախալքալաքի մունիցիպալիտետի Բոզալի գյուղում։
Համալսարանը գտնվում է քաղաքից դուրս՝ բաց տարածքում, որի շրջակայքում այլ կառույցներ գրեթե չկան։ Սպառողների սակավության պատճառով էլ մասնավոր խանութներ կամ սպասարկման կետեր չեն գործում։
«Եթե խանութ կամ որևէ փոքր վաճառքի կենտրոն լինի համալսարանի մոտ, որը ուշ ժամի էլ կաշխատի, շատ ուսանողներ միգուցե ցանկանան մնալ կացարանում։ Հիմա այստեղից մինչև կենտրոն հասնելը երկար ժամանակ է պահանջում, կանոնակարգված տրանսպորտ էլ չկա», — նշեց համալսարանի մեկ այլ ուսանող։
Jnews-ի հարցազրույցից պարզ է դառնում, որ Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի որոշ ուսանողներ անգամ չգիտեն, որ նման հնարավորություն կա։
Շատերի մոտ «հանրակացարան» բառը դեռ առաջացնում է հնացած պատկերացումներ, որոնք չեն համապատասխանում ժամանակակից պայմաններին։ Համալսարանի անձնակազմը նշում է, որ իրենց հիմնական նպատակը բարձրորակ ուսուցման ապահովումն է, իսկ հանրակացարանից չօգտվելը նրանք կապում են ուսանողների ֆինանսական ապահովվածության հետ։
Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի ռեկտոր Մակա Բերիձեն տեղեկացրեց, որ համալսարանի չորրորդ մասնաշենքում ներկայում գործում են երեք մասնագիտական ծրագիր, իսկ առաջիկայում կավելանան ևս երկուսը։
«Այլ քաղաքներից դիմորդներ ունենք, և միանշանակ կացարանի պահանջ առաջանալու է», — նշեց նա։
Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի մասնաշենքում գործում է նաև գրադարան, որը հասանելի է բոլոր ուսանողներին։ Նախատեսվում է բարելավել նաև հարակից տարածքը՝ պրակտիկ դասերի և ուսանողական գործունեության համար։
Ըդգծենք, որ Սամցխե-Ջավախեթիի պետական համալսարանի անձնակազմը դեռ 2001 թվականից նպատակ ունի ոչ միայն կրթության որակը բարձրացնել, այլև ուսանողական միջավայրը զարգացնել։
Ուսանողական հանրակացարանի կառուցումը միտված է եղել դրան, որը բացվել է 2015 թվականին։ Տարիների ընթացքում հանրակացարանում ժամանակ առ ժամանակ բնակվել են տղա ուսանողներ, սակայն հիմա հանրակացարանը դատարկ է։