Վրաստանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետի ներկայացուցիչ` Դիլիսկա գյուղի վարչական միավորումից Հ. Գ.-ին։
Գործը վերաբերում է պաշտոնատար անձի կաշառք վերցնելու փաստին` իր պաշտոնական պարտականությունները կատարելիս, կաշառատուի օգտին գործողություն կատարելու դիմաց, մասնավորապես՝ գյուղատնտեսական ապրանքի ծագման մասին կեղծ տեղեկանք տրամադրելու դիմաց։
Հետաքննությամբ պարզվել է, որ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետի ներկայացուցիչ Հ. Գ.-ն Դիլիսկայի վարչական միավորումում պատրաստել է գյուղատնտեսական արտադրանքի ծագման մասին երեք կեղծ տեղեկանք՝ նույն բովանդակությամբ։ Յուրաքանչյուր վկայականի համաձայն, իր վարչական միավորումում տեղացի բնակչի աճեցրած 25 տոննա (ընդհանուր առմամբ 75 տոննա) կարտոֆիլն, իբր, վաճառվել է որոշակի ձեռնարկատիրական կազմակերպության։
Ըստ Հ. Գ.-ի՝ իր տրամադրած ապրանքի ծագման մասին կեղծ տեղեկանքների հիման վրա հնարավոր կլիներ արտադրանքն իրացնել բարձր գնով թե՛ Վրաստանի տարածքում, թե՛ արտահանման դեպքում, քանի որ Ախալքալաքի մունիցիպալիտետում աճեցված նմանատիպ արտադրանքի գինը շուկայում զգալիորեն բարձր է այլ տարածքի ծագման արտադրանքի համեմատ։
Այս գործողության դիմաց Հ. Գ.-ն ձեռնարկատիրական սուբյեկտից որպես կաշառք պահանջել և 2025 թվականի հոկտեմբերի 15-ին վերցրել է 6000 լարի։
Ըստ հաղորդագրության՝ դատարանի որոշման հիման վրա իրականացվել են գաղտնի քննչական գործողություններ, որոնց արդյունքում ձեռք է բերվել նշված հանցավոր արարքի կատարումն արտացոլող աուդիո/վիդեո ապացույց։
Հետաքննությունը տարվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի առաջին մասով, որը նախատեսում է ազատազրկում 6-ից 9 տարի ժամկետով։