նորություններ 16 Հոկտեմբերի, 2025 • Ախալքալաքի մունիցիպալիտետի ևս երեք գյուղ մինչև տարեվերջ կունենա բնական գազ

Ախալքալաքի մունիցիպալիտետում ակտիվորեն ընթանում է գազիֆիկացման գործընթացը։ Մեծ Սամսար և Փոքր Սամսար, ինչպես նաև Մոդեգամ գյուղերում աշխատանքների ավարտից հետո բնական գազը հասանելի կլինի ավելի քան 180 ընտանիքի։ SJGC-ն վստահեցնում է, որ բնակիչներն այս ձմեռ իրենց տները կջեռուցեն բնական գազով։

Մեծ և Փոքր Սամսար գյուղերում ներկայումս անցկացվում է կենտրոնական գազատարը։ Այս աշխատանքներն ավարտելուց հետո գազը կհասցվի անմիջապես բնակիչների տներ։ Գյուղացիների խոսքով, գազը մինչև տուն հասցնելու արժեքը մոտավորապես 400 լարի է։ Աշխատանքներն իրականացնում է SJGC գազաբաշխիչ ընկերությունը, որի մասնագետները, բնակիչների խոսքով, արդեն մոտ մեկ ամիս է աշխատում են։

Փոքր Սամսարի բնակիչ Մուշեղ Ավագյանը հույս ունի, որ իրենց գյուղն այս ձմռանը կջեռուցվի բնական գազով։

«SJGC-ն մեզ վստահեցնում է, որ մենք մինչև ցրտերի սկսվելը գազ կունենանք։ Աշխատանքների կեսից ավելին արդեն ավարտված է։ Կարծում եմ գլխավոր գազատարի աշխատանքները կավարտվի 10 օրից, և գազը կհասցվի տներ։ Միաժամանակ աշխատում են երկու կամ երեք խումբ», — պատմեց Մուշեղ Ավագյանը։

Մեծ Սամսար գյուղում գլխավոր գազատարի աշխատանքները մոտենում են ավարտին։

«Նրանք արդեն հաշվառում են բաժանորդների քանակը։ Ակնհայտ է, որ նրանք ջանասիրաբար աշխատում են, որ այս տարի տները գազով ապահովեն», — նշեց գյուղի բնակիչ Նասլեթ Հովհաննիսյանը։

SJGC-ի տվյալներով, երկու գյուղում կա 138 բաժանորդ։ Ընկերության տնօրեն Վրեժ Բերիկյանը հայտնեց, որ Մեծ Սամսարում գլխավոր գազատարի կառուցումն ավարտված է 80%-ով, իսկ Փոքր Սամսարում՝ 40%-ով։

Մինչդեռ, Մոդեգամ գյուղում գլխավոր գազատարի անցկացումն արդեն ավարտված է, և գազն անցկացվում է անմիջապես տներ։ Գյուղում կա 43 բաժանորդ։

«Մենք արդեն գազը դեպի տներ տանելու գործընթացում ենք։ Որոշ ընտանիքներ արդեն օգտագործում են բնական գազ և միացրել են իրենց ջեռուցումը։ Յուրաքանչյուր ընտանիք հավաքել է 1900 լարի, բայց նրանք դեռ չեն վճարել երկրորդ կետի համար. ավելի ուշ կհաշվարկեն, թե ով որքան է տալու։ Գոհ ենք, 20 տարի սպասելուց հետո վերջապես գազ կունենանք», — ասաց Մոդեգամի բնակիչ Արամայիս Չախալյանը։

Մինչ այդ բնական գազ անցկացվել էր Բուզավեթ և Աբուլ գյուղերում, իսկ մինչև տարեվերջ կավարտվի Ախալքալաքի մունիցիպալիտետի այս երեք գյուղերի գազիֆիկացումը։ Թախչա գյուղը, որտեղ ապրում է ութ ընտանիք, գազիֆիկացվել էր 2024 թվականի վերջին։

«Բուզավեթ և Աբուլ գյուղերում գազիֆիկացման աշխատանքներն ավարտվել են».SJGC

Թախչա գյուղը գազիֆիկացվում է SJGC-ի ընկերության կողմից

Այսպիսով, առաջիկա ամիսներին, իրենց տներում ունենալով բնական գազ, Ջավախքի մի քանի գյուղեր ևս կկարողանան ձմեռը դիմավորել ավելի հարմարավետ պայմաններում։ Բնական գազը զգալիորեն կբարելավի կենցաղային պայմանները, կնվազեցնի ջեռուցման ծախսերը և կվերացնի վառելափայտի օգտագործման անհրաժեշտությունը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝