Չնայած նորագույն տեխնոլոգիանների ներմուծումը բժշկության մեջ, նպաստեց նրան, որ երեխաների մոտ ավելի փոքր տարիքից հնարավոր դարձավ տարբեր հիվանդությունների բացահայտումն ու բուժումը։ Միևնույն է, 21-րդ դարում դեռ կան շատ ծնողներ, ովքեր ամաչում են իրենց երեխայի հիվանդությունից և թաքցնում են այն՝ ավելի վնասելով երեխային։
Ծնողների մի մասն իսկապես չի նկատում իր երեխայի մոտ հիվանդության նախանշանները վաղ հասակում, մի մասն էլ՝ հասկանում է, բայց բամբասանքներից և «հետաքրքասեր աչքերից» խուսափելու համար թաքցնում է այն։
Այսօր՝ պետությունը, հանրակրթական հաստատությունները, կազմում են այնպիսի ծրագրեր, որոնք օգտակար կլինեն այն երեխաներին, որոնք սահմանափակ կարողությունների տեր են։
Ախալքալաքի մունիցիպալիետում, ըստ Սոցիալական ծառայությունների գործակալության պետական էջում տրված վիճակագրական տվյալների՝ կա սահմանափակ հնարավորություների տեր 127 անչափահաս:
Ախալքալաքի քաղաքապետարանն աջակցում է նման երեխաներին և օգնություն է տրամադրում։ Քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական աջակցության բաժնի ղեկավար Անահիտ Յորդանյանի խոսքով, 125 (տարբերություն կա, քանի որ ոչ բոլորն են դիմում քաղաքապետարան օգնություն ստանալու համար) անչափահաս օգտվում է սոցիալական փաթեթներից և ստանում աջակցություն քաղաքապետարանից։
Ըստ Վրաստանում գործող օրենքների, բոլոր երեխաները, անկախ ազգությունից, սեռից, ռասսայից, կրոնական պատկանելիությունից, պետք է հաճախեն դպրոց և ստանան որակյալ կրթություն։
Տեղեկություն ունեն երեխաների դպրոց հաճախելու հետ կապված հարցին, Անահիտ Յորդանյանը պատասխանեց, որ այդ հարցը համարյա 90%-ով լուծված է։
Սահմանափակ կարողություններ ունեցող երեխաները, ըստ իրենց ունեցած ախտորոշված կարգավիճակի, որոշվում է, հատուկ ուսուցչի կարիք ունեն թե ոչ։ Այսօր, թերթելով ուսուցիչների թափուր աշխատանքների մասին տեղեկություններ տրամադրող կայքերը, հաճախ կտեսնենք, որ Ախալքալաքի այս կամ այն դպրոցը փնտրում է հատուկ ուսուցիչ։
Բայց կա մեկ այլ խնդիր, ներկայումս Ախալքալաքի շրջանի ոչ բոլոր դպրոցներն ունեն համապատասխան միջոցներ, նման երեխաներին դպրոց ընդունելու համար։ Օրինակ, դպրոցների մեծամասնությունում բացակայում են թեքամուտքերը և վերելակները, որոնք պետք են տեղաշարժման հետ խնդիր ունեցող երեխաների համար։
Երեխաների ունեցած խնդիրներն ավելի հեշտ է թաքցնել, եթե այն տեսանելի չէ, այսինքն՝ եթե երեխան ֆիզիկապես չի տարբերվում մյուս երեխաներից։ Շատ հաճախ, երբ հարցնում են երեխայի ոչ ֆիզիկական խնդրի մասին, ծնողները պատասխանում են․ «Չէ, ի՞նչ խնդիր, երեխա է, կմեծանա կանցնի»։
Jnews-ը խոսել է Ախալքալաքի շրջանի գյուղերից մեկի դպրոցում դասավանդող ուսուցիչներից մեկի հետ։ Նա խոսեց մի երեխայի մասին, ով ունի խնդիր, բայց չունի համապատասխան ախտորոշում։
«Հենց առաջին օրն էլ նկատեցի, որ երեխայի մոտ առկա են որոշակի խնդիրներ։ Երեխան առանց որևէ պատճառի կարող է հանկարծակի բարկանալ, լաց լինել, թափել գրենական պիտույքները և այլն։ Ունի նաև խնդիր խոսելու և միտքը արտահայտելու հետ կապված», — ասաց ուսուցչը։
«Երեխան չունի կարգավիճակ, քանի որ ծնողները խուսափում են։ Նրանք մտածում են, որ ամոթ է, բայց այդպես իրենք վնասում են իրենց երեխային։ Եթե երեխան չունի ախտորոշված հիվանդություն, հետևաբար չի ունենա որոշակի կարգավիճակ և դպրոցն իրավունք չի ունենա այդ երեխային հատուկ ուսուցիչ տրամադրել։ Իսկ առանց հատուկ ուսուցչի, բարդ է հասնել լավ արդյունքի», — շարունակեց ուսուցիչը, հավելելով, որ առաջին հերթին դժվար է երեխային, քանի որ իրեն հարկավոր է հատուկ մոտեցում, հատուկ ծրագիր։
Նա ավելացրեց, որ իր աշակերտը չունի մտավոր խնդիրներ, դասերը լավ հասկանում և սովորում է, աշխատանքները ճիշտ ժամանակին կատարում և հանձնում է, խնդիրը կայանում է երեխայի հետ շփման մեջ։
«Երեխայի մոտ առկա խնդիրն ակնհայտ է, և տեսանելի։ Ծնողներն էլ տեսնում և զգում են։ Ուսուցիչների կողմից էլ բազմիցս ստացել են համապատասխան խորհուրդներ, կապված երեխային բժշկի տանելու հետ, բայց ծնողները լռում են․․․», — ասաց ուսուցիչը։
Չնայած նրան, որ այսօր գործում են շատ կրթական ծրագրեր և առողջապահական աջակցություն՝ ի օգուտ սահմանափակ հնարավորությունների տեր երեխաների, միևնույն է շատերը խուսափում և թաքցնում են իրենց երեխաների հիվանդությունները։ Այդպիսով, ոչ միայն խանգարում են երեխաների զարգացմանը, այլև նպաստում են հոգեբանական, ֆիզիկական, կրթական և այլ բնագավառներում խնտիրների խորացմանը։