Ախալքալաքի գյուղական բնակավայրերում, որտեղ կենտրոնացված կոյուղային համակարգեր չկան, մարդիկ փնտրում են այլընտրանքային, էկոլոգիապես անվտանգ լուծումներ։ Jnews-ը պարզել է, որ մունիցիպալիտետի նախակրթարանները ու դպրոցները պարտավոր են և արդեն ունեն տեղադրված հակասեպտիկ համակարգեր։
Կենցաղային կեղտաջրերի մաքրման խնդիրը չափազանց կարևոր է ինչպես մարդու առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի պահպանության համար։
Կենտրոնական կոյուղու բացակայության դեպքում հնարավոր է կիրառել տեղային լուծումներ։ Դրանցից են՝ սեպտիկ համակարգերը, որոնք պարբերաբար դատարկվում են, և կենսաբանական մաքրման կայանները, որտեղ ջուրը մաքրվում է բակտերիաների օգնությամբ։
Կենսաբանական մաքրման կայանների շնորհիվ մաքրված ջուրը հնարավոր է երկրորդականորեն օգտագործել. օրինակ՝ դաշտերի ոռոգման կամ այլ տեխնիկական նպատակների համար։
Փոքր համայնքների համար կենսաբանական մաքրման համակարգը համարվում է առավել արդյունավետ և մատչելի տարբերակ։ Սա փակ, վերահսկվող և բնությանը բարեկամական համակարգ է, որը մաքրում է կենցաղային կեղտաջրերը (խոհանոց, լոգարան, զուգարան) առանց քիմիական նյութերի կիրառման։
Վրաստանում 2014 թվականից ուժի մեջ մտած օրենքի համաձայն՝ բոլոր պետական կառույցները, ինչպես նաև մասնավոր բիզնեսները, հանգստի և առևտրի կենտրոնները պարտավոր են օգտագործել սեպտիկ համակարգեր կամ այլ մաքրման միջոցներ։
Այսինքն՝ 2014 թվականից դպրոցները, նախակրթարանները պարտավոր են ունենալ հակասեպտիկ համակարգեր, այդ թվում՝ Ախալքալաքի մունիցիպալիտետում գործող կրթարանները։
Jnews-ը եղավ Սուլդա գյուղում, որտեղ նոր դպրոց է կառուցվում։ Դպրոցի աշակերտները դեռևս հաճախում են հին դպրոց, որտեղ արդեն 3 տարի է գործում է հակասեպտիկ համակարգ։ Նոր դպրոցը ևս կունենա հակասեպտիկ համակարգ։
«Հին դպրոցում միակ հարցը, որ լուծված է՝ զուգարանի կոյուղին է։ Արդեն երեք տարի է սեպտիկ համակարգ է տեղադրված», — ասաց Սուլդա գյուղի դպրոցի տնտեսվար Սաղաթել Ափոյանը։
Մասնագետների կարծիքով՝ կենսաբանական մաքրման համակարգերը գյուղական բնակավայրերի համար իրական և հեռանկարային լուծում են։
«Նախ Վրաստանի օրենսդրությամբ արգելված է կենցաղային աղբի թափումը ջրային օբյեկտներ։ Այս համակարգի մեթոդները զգալիորեն նվազեցնում են շրջակա միջավայրի աղտոտման ռիսկերը, նպաստում են առողջ կենսապայմանների ստեղծմանը և երկարաժամկետ առումով դառնում են տնտեսապես շահավետ ներդրում», — ասաց «Հիդրո Գրուպ» ընկերության ղեկավար Սոֆո Ստուրուան։
«Հիդրո Գրուպ» ընկերության ղեկավարի խոսքով՝ կենսաբանական մաքրման համակարգեր կարելի է տեղադրել ինչպես առանձին տնային տնտեսությունների, այնպես էլ համայնքային մակարդակով։ Օրինակ՝ Թեթրի Ծղարոյում քաղաքապետարանը երկու գյուղի համար կառուցել է 100 խմ տարողությամբ մաքրման կայաններ՝ յուրաքանչյուրը 80,000 եվրո արժողությամբ։
Անհատական տարբերակի արժեքը հաշվարկվում է բնակիչների թվի հիման վրա․ օրինակ՝ 6 հոգանոց ընտանիքի համար համակարգի արժեքը կազմում է շուրջ 2000 եվրո, իսկ եթե մի քանի հարևան ընտանիք համատեղ գնեն այն, յուրաքանչյուրի ծախսը կարող է նվազել մինչև 1000 եվրո։ Ճիշտ նախագծման դեպքում նման համակարգը կարող է աշխատել տասնյակ տարիներ՝ նվազագույն խնամքով։
Պետության կողմից ներկայումս նման համակարգերի համար սուբսիդիաներ չկան։ Վրաստանի միակ մարզում՝ Ռաճայում է, որտեղ «Կարիտաս» բարեգործական կազմակերպության և Չեխիայի դեսպանատան ֆինանասական աջակցությամբ տեղադրվել է կենսաբանական մաքրման կայան։
Գլխավոր լուսանկարը՝ համացանցից