Հասարակություննորություններ 15 Հոկտեմբերի, 2025 • Եվրախորհրդարանում Վրաստանից ում համար են ցանկանում չեղարկել առանց վիզայի ճանապարհորդելու իրավունքը

Եվրախորհրդարանի սոցիալ-դեմոկրատական խմբակցությունը կոչ է արել 1000-ից 2000 վրացի պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների զրկել Եվրամիություն առանց վիզայի մուտք գործելու իրավունքից։ Այս մասին հայտարարել է խմբակցության արտաքին քաղաքականության համակարգող Նաչո Սանչես Ամորը՝ երկուշաբթի՝ հոկտեմբերի 13-ին, Բրյուսելում Վրաստան կատարած աշխատանքային այցից վերադարձած խմբակցության մյուս անդամների հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։

Այս նպատակով առաջարկվում է կիրառել Եվրախորհրդարանի կողմից հոկտեմբերի 7-ին ընդունված նոր մեխանիզմը. այն նախատեսում է ԵՄ-ի և երրորդ երկրների միջև առանց վիզայի ճանապարհորդության կասեցում Եվրահանձնաժողովի որոշմամբ, այդ թվում՝ մարդու իրավունքների խախտումների դեպքում, հաղորդում է DW-ն։

Սանչես Ամորը կարծում է, որ մարդու իրավունքների խախտումների և ընդդիմության հետապնդումներին ի պատասխան, օրինակ, մոտ 100 բարձրաստիճան վրացի պաշտոնյաների համար առանց վիզայի ճանապարհորդության չեղարկումը կլինի ընդամենը «ոչինչ չնշանակող, կոսմետիկ միջոց»։

«Ո՛չ, ո՛չ, նրանց համար պետք է ցավոտ լինի։ Հակառակ դեպքում դա չի աշխատի։ Մենք ուզում ենք Եվրախորհրդարանից այս գաղափարը փոխանցել Եվրահանձնաժողովին. քանի որ մենք ընդունել ենք այս մեխանիզմը, այն պետք է արդյունավետ լինի, իսկ դրա համար նրանց թիվը պետք է զգալի լինի», — ասել է նա։

Եվրախորհրդարանի անդամը կարծում է, որ Եվրախորհրդարանում իր գործընկերների մեծ մասը կարող է աջակցել նման նախաձեռնությանը՝ վրացական էլիտայի շրջանում տրամադրությունների փոփոխություն առաջացնելու և ժողովրդավարական նահանջը կանխելու համար։

«Շատ հիասթափեցնող է տեսնել երկրի ղեկավարներից մեկի կնոջը Փարիզի նորաձևության շաբաթյակում, մինչդեռ ՀԿ-ները ծախսում են իրենց անձնական միջոցները գոյատևելու համար», — ասում է սոցիալ-դեմոկրատը։

Նա առաջարկում է վիզային արտոնությունները չեղարկել ոչ միայն նախարարների և իշխող «Վրացական երազանք» կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաների, այլև դատավորների, դատախազների, պաշտոնյաների, նրանց ամուսինների և երեխաների համար։

«Խնդիրը սկսվում է այն ժամանակ, երբ միջին մակարդակի ավտոկրատները վտանգի են ենթարկվում, քանի որ նրանք բողոքում են և ասում. «Պարոն նախարար, ես արեցի այն, ինչ դուք խնդրեցիք, բայց հիմա ես խնդիր ունեմ. չեմ կարող իմ երեխաներին ուղարկել Ֆրանսիա սովորելու»։

Նաչո Սանչես Ամորը կարծում է, որ վրացի պաշտոնյաների իրական վախը միայն «պետությունից և հասարակությունից գողացված գումարներից օգտվելու հնարավորությունը կորցնելն է՝ այլուր ծախսելու համար»։ Միևնույն ժամանակ, Եվրախորհրդարանի պատգամավորները խոստովանեցին, որ դեռևս չունեն առանց վիզայի ճանապարհորդության հավանական թեկնածուների կոնկրետ ցուցակ, և այս հարցը պետք է ուսումնասիրվի։

Հանդիպմանը մասնակցող Եվրախորհրդարանի պատգամավորներn ընդգծեցին, որ Վրաստանի սովորական քաղաքացիներին Եվրամիություն առանց վիզայի մուտք գործելու իրավունքից զրկելը սխալ կլինի, քանի որ դա կխթանի վրացական իշխանությունների քարոզչությանը և սխալ ազդանշան կուղարկի քաղաքացիական հասարակությանը, որը հուսահատորեն պայքարում է եվրոպական ինտեգրման շարունակականության համար։

Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված փաստաթղթում նաև նշվում է, որ Եվրոպական հանձնաժողովը պետք է առանց վիզա ռեժիմի կասեցումը կիրառի հիմնականում բոլոր մակարդակների պետական պաշտոնյաների, բարձրաստիճան պաշտոնյաների և զինվորական անձնակազմի նկատմամբ՝ «այդպիսով, ընդհանուր առմամբ, նվազագույնի հասցնելով երկրի բնակչության համար բացասական հետևանքները»։

Հոկտեմբերի 13-ին, «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Եվրամիությունը շատ լուրջ է աշխատում սահմանափակումներ մտցնելու ուղղությամբ:

«Կարևոր է, որ դրանք չտարածվեն հասարակության մեջ, որ չպատժեն այն հասարակությանը, որը, նրանց կարծիքով, եվրոպամետ է։ Նրանք, ովքեր պատասխանատու են մեր ուղղությունը փոխելու և Եվրամիության հետ լարվածություն ստեղծելու համար, պետք է պատժվեն։ Սրանք պատժամիջոցներ չեն, այլ վիզայի ազատականացման նոր մեխանիզմ, որը Եվրամիությանը կտա տարբերակելու հնարավորություն. ոչ թե պատժել հասարակությանը, այլ պատժել նրանց, ովքեր իսկապես արժանի են պատժված լինելու»։

Սոցիալ-դեմոկրատները «Վրացական երազանքի» նախկին գործընկերներն են։ Նրանց քաղաքական ուղիները բաժանվեցին 2023 թվականին, մասնավորապես՝ Իրակլի Ղարիբաշվիլիի Բուդապեշտում կայացած Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովին մասնակցելուց հետո։ 2024-2025 թվականներին սոցիալ-դեմոկրատները ակտիվորեն քննադատում էին «Վրացական երազանքը»՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության հետ միասին, որը Եվրախորհրդարանի առաջատար կուսակցությունն է։

Աղբյուրը՝ «Грузия Онлайн»

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝