նորություններ 15 Հոկտեմբերի, 2025 • Ախալքալաքի ֆերմերները չեն շտապում անցնել այլընտրանքային մշակաբույսերի

Չնայած գյուղատնտեսությունը դիվերսիֆիկացնելու մասնագետների կոչերին, Ջավախքի հողագործները շարունակում են «խաղադրույք» կատարել կարտոֆիլի վրա։ Շատերը վախենում են ռիսկերից և վստահ չեն, թե կկարողանան վաճառել այլ մշակաբույսերից ստացված իրենց բերքը։

Ախալքալաքի մունիցիպալիտետում կարտոֆիլը տասնամյակներ շարունակ եղել է ֆերմերների մեծ մասի եկամտի հիմնական աղբյուրը։ Սակայն մասնագետները կարծում են, որ ժամանակն է դիվերսիֆիկացնել գյուղատնտեսությունը և ուսումնասիրել նոր ուղղություններ։

Չնայած Նման կոչերին, ֆերմերները չեն շտապում փոխել իրենց ավանդական մշակաբույսը։ Շատերը խոստովանում են, որ դժվարանում են նոր բան սկսել մշակել տարբեր պատճառներով՝ փորձի պակաս, հատուկ տեխնիկայի բացակայություն, կորուստների ռիսկ և, ամենակարևորը՝ բերքի իրացման հետ կապված անվստահություն։ Հետևաբար, մեծ մասը նախընտրում է աշխատել հին ձևով։

Ախալքալաքի բիզնես կենտրոնի տնօրեն Մախարե Մացուկատովը կարծում է, որ երեք հիմնական պատճառ կա, թե ինչու Ջավախքի ֆերմերները վախենում անցնել այլ մշակաբույսերի։

«Առաջինն, այստեղ այս գործով վաղուց են զբաղվում. թև՛ մարդկային, թև՛ հողային ռեսուրսները հարմարեցված են կարտոֆիլի մշակման համար: Բնակչությունը սովոր է դրան: Կարտոֆիլը Վրաստան է բերվել մոտ 150 տարի առաջ: Դրանից առաջ Ջավախքում լոբազգիներ և հացահատկիներ էին աճեցնում, և շրջանը համարվում էր անասնապահական:

Երկրորդ, ֆերմերները չգիտեն, թե ինչ ցանեն: Օրինակ, մենք փորձեցինք հնդկաձավարը ու բերքը լավ էր եղել: Կարելի է սխտոր և սոխ ցանել:

Երրորդ, այս մշակաբույսերի համար դեռ հատուկ տեխնիկա չկա: Բացի դրանից, ցանկացած մշակաբույս անհրաժեշտ է առնվազն որոշ ժամանակ պահպանել, և հիմնական խնդիրն իրացումն է: Անկախ նրանից, թե որ մշակաբույսն է աճեցվում, կարևոր է նախապես գտնել և վերլուծել իրացման շուկան», — ասում է Մախարե Մացուկատովը:

Նա հավելում է, որ նույնիսկ կարտոֆիլն ինքը պահանջում է ցանքաշրջանառություն, և վերջին տարիներին Ջավախքում փոփոխվող կլիմայական պայմաններն այն ավելի բարենպաստ են դարձրել այլընտրանքային մշակաբույսերի աճեցման համար:

Նրա խոսքով, ասոցիացիաները, կոոպերատիվները և պետական ծրագրերը պետք է բնակչությանն օգնեն այս հարցում։

Ֆերմեր Եղիշ Աղաջանյանը նույնպես նշում է, որ ֆերմերները չեն ուզում ռիսկի դիմել։ Մոտ տասը տարի առաջ, կարտոֆիլի հետ համատեղ, նա սկսեց կտավատ ցանել և գոհ է արդյունքներից։

«Նրանք չեն ուզում, որովհետև վախենում են վնասի մեջ լինել։ Չնայած շատերը նույնիսկ չեն էլ հաշվում կարտոֆիլի ինքնարժեքը և իրենց շահույթը։ Նրանք աճեցնում և վաճառում են այն գնով, որը գնորդն առաջարկում է», — ասում է Եղիշ Աղաջանյանը։

Եղիշը կարտոֆիլի իր դաշտերը կրճատել է 30 հեկտարից մինչև 10 հեկտար, և շարունակում է կտավատի մշակումը, որից յուղ է արտադրում և վաճառում։

«Եթե այն շահութաբեր չլիներ, ես չէի շարունակի։ Բայց շուկա գտնելու համար պետք է աշխատանք տանել և փնտրել։ Ով փնտրում է, նա գտնում է։ Եթե նստեն և սպասեն, իհարկե, ոչինչ չի ստացվի», — հավելում է նա։

Ըստ նրա, Ջավախքի կլիման նույնպես փոխվել է.

«Մեր եղանակը նմանվել է Ախալցիխեի եղանակին։ Հիմա մենք կարող ենք նույնիսկ լոլիկ և վարունգ աճեցնել», — նշում է Եղիշ Աղաջանյանը։

Ախալքալաքի մունիցիպալիտետի որոշ գյուղերում ֆերմերները դեռևս փորձում են կարտոֆիլի հետ մեկտեղ աճեցնել գազար, ճակնդեղ, կտավատ, ուցխո-սունելի, սոխ և սխտոր։ Ոմանք արդեն ամբողջությամբ անցել են այլ մշակաբույսերի։

Ախալքալաքի մունիցիպալիտետի Ագանա գյուղից ֆերմեր և գյուղատնտես Արշալույս Գալստյանը գրեթե 40 տարի է աճեցնում և վաճառում է կապույտ հացհամեմ, որը հայտնի է որպես «ուցխո սունելի»։ Նա շրջանի միակ ֆերմերն է, որը ոչ միայն աճեցնում է այս խոտաբույսը, այլև արտահանում է այն արտասահման՝ իր գործը վերածելով կայուն բիզնեսի։

Բեժանո գյուղի բնակիչ Աննա Եղոյանը պատմում է, որ իր ընտանիքն արդեն վաղուց հիմնականում գազար և ճակնդեղ է աճեցնում.

«Մենք հիմնականում գազար և ճակնդեղ ենք աճեցնում և գոհ ենք արդյունքներից։ Կարտոֆիլ աճեցնում ենք միայն մեզ համար», — ասում է Աննան։

Սակայն, որոշ ֆերմերների փորձերն անհաջող են եղել։ Վարդուհի Մկոյանը նշում է, որ երկու-երեք տարի առաջ ինքը սոխ և սխտոր էր ցանել վաճառքի համար, բայց դժգոհ էր։

« Այնքան բերք էի ստացել, որքան ցանել էի։ Մեր հողում միայն գազարն ու ճակնդեղն են լավ աճում», — ասում է նա։

Տեղացի ֆերմերները կարծում են, որ եթե ստեղծվեն իրացման և ֆերմերներին աջակցության պայմաններ, ապա այլ մշակաբույսերի անցումն ավելի իրատեսական կլինի։ Այն կնպաստի շրջանի գյուղատնտեսության բազմազանեցմանը և կարտոֆիլի բերքից կախվածության նվազեցմանը։

Փորձագետները վստահ են, որ, Ախալքալաքում, այլընտրանքային մշակաբույսերի անցումը միայն ժամանակի հարց է: Կառավարության Ճիշտ աջակցության, կոոպերատիվների զարգացման և կայուն շուկայի ձևավորման դեպքում ֆերմերները ոչ միայն կկարողանան բազմազանեցնել շրջանի գյուղատնտեսությունը, այլև՝ ավելացնել իրենց եկամուտները։

Առայժմ դեռ կարտոֆիլը մնում է Ջավախքի գյուղատնտեսության գլխավոր խորհրդանիշը և հենասյունը՝ մշակաբույս, որից տեղացի ֆերմերները պատրաստ չեն հրաժարվել, սակայն հաճախ են մտածում փոխելու մասին։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝