Վրաստանում ՀԿ-ները հայտարարություն են տարածել ցուցարարների մասին «Վրացական երազանք»-ի ներկայացրած նոր օրենքների վերաբերյալ։
Ըստ ՀԿ-ների` «Վրացական երազանք»-ի խորհրդարանի ներկայացրած Վարչական և Քրեական օրենսգրքերում փոփոխությունների նախաձեռնումը խաղաղ հավաքների և խոսքի ազատության ուղղակի խախտումներ են։
Վրացական ՀԿ-ների հայտարարության համաձայն` նման օրենսդրությունն օտար է դեմոկրատական աշխարհին և հակասում է Վրաստանի Սահմանադրությանն ու Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիային։
Հայտարարության մեջ նշված է. «Իշխանությունն այս փոփոխություններով բոլորին նույն սպառնալիքն է ուղարկում. եթե ձայն հանես, կձերբակալեմ»։
ՀԿ-ները նշված փոփոխությունները գնահատում են որպես խաղաղ բողոքի արգելման փորձ։
«Վարչական և Քրեական օրենսգրքերում Խորհրդարանի ներկայացրած նոր փոփոխությունների նախաձեռնումը դեմոկրատական կարգի էական հիմքի՝ խաղաղ հավաքների և խոսքի ազատության ուղղակի խախտում է։ Այս փոփոխություններով իշխանությունը փորձում է արգելել բողոքի ցանկացած ձև։
Նախաձեռնված կանոնակարգը ստեղծում է այնպիսի իրավական իրականություն, որտեղ քաղաքացին կարող է պատժվել քրեական կարգով միայն այն պատճառով, որ ձայն է հանել։ Նման օրենսդրությունն օտար է դեմոկրատական աշխարհին և ուղղակիորեն հակասում է Վրաստանի Սահմանադրությանն ու Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիային։
Այս նախաձեռնությունը չի վերաբերում միայն քաղաքականապես ակտիվ խմբերին. սա կտարածվի Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու վրա, ով հրապարակայնորեն կպահանջի արդարություն, կբողոքի անօրինական ձերբակալման կամ անարդար դատավճռի դեմ, կփորձի պաշտպանել կանանց կամ երեխաներին բռնությունից, ձայն կբարձրացնի շրջակա միջավայրը պաշտպանելու համար և այլն։
Իշխանությունն այս փոփոխություններով բոլորին նույն սպառնալիքն է ուղարկում. եթե ձայն հանես՝ կձերբակալեմ։
Մենք՝ ստորագրող կազմակերպություններս, այս փոփոխությունները գնահատում ենք որպես խաղաղ բողոքի արգելման փորձ և ևս մեկ քայլ դեմոկրատական ինստիտուտների ապամոնտաժման գործընթացում», — գրված է հայտարարության մեջ։