2025 թվականի հոկտեմբերի 14-ին Ստրասբուրգի դատարանը «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի՝ այսպես կոչված շարունակական օկուպացիա» գործով կայացրեց վճիռ՝ փոխհատուցման հարցով։
Ինչպես նշված է Վրաստանի արդարադատության նախարարության տարածած տեղեկատվության մեջ, դատարանի որոշմամբ՝ Ռուսաստանը պարտավոր է Վրաստանին վճարել 253 միլիոն եվրոյից ավելի փոխհատուցում։
«Դատարանը լիովին ընդունեց Վրաստանի կառավարության կողմից ներկայացված համալիր իրավական դիրքորոշումն ու ապացույցները և արդյունքում Ռուսաստանի Դաշնությանը պարտավորեցրեց վճարել 253,018,000 եվրո՝ Վրաստանի ավելի քան 29,000 տուժած քաղաքացիների օգտին։
Հասարակությանն արդեն հայտնի է, որ այս գործով 2024 թվականի ապրիլի 9-ին կայացված որոշմամբ Ռուսաստանին վերագրվեց ամբողջական պատասխանատվություն օկուպացված տարածքներում և օկուպացիոն գծի երկայնքով Վրաստանի բնակչության զանգվածային ճնշումների, կալանավորումների, հարձակումների, սպանությունների և նման դեպքերի հանդեպ ցուցաբերված պաշտոնական անտարբերության քաղաքականության համար, ինչն իրականացվում էր Վրաստանի տարածքների օկուպացիայի և այսպես կոչված «սահմանագծման» ֆոնին։
Այսօրվա վճիռը հանդիսանում է Ռուսաստանի դեմ հաղթած պատմական գործերի տրամաբանական շարունակությունը։ «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի (I)»՝ այսպես կոչված արտաքսվածների գործով, որը վերաբերում էր Ռուսաստանից վրացիների զանգվածային արտաքսմանը, Ստրասբուրգի դատարանը Ռուսաստանի Դաշնությանը պարտավորեցրեց վճարել մինչև 10 միլիոն եվրո՝ էթնիկ վրացիների զանգվածային արտաքսման և նրանց իրավունքների կոպիտ խախտումների համար։ Հասարակությանը հայտնի է նաև «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի (II)»՝ այսպես կոչված 2008 թվականի օգոստոսյան պատերազմի գործով կայացված վճիռը, որով Ռուսաստանի Դաշնությանը պարտադրվեց մինչև 130 միլիոն եվրոյի փոխհատուցում՝ պատերազմի և հետագա շրջանում վրաց քաղաքացիների դեմ իրականացված զանգվածային խախտումների համար։
Թեև Ռուսաստանի Դաշնությունն այլևս Եվրոպայի խորհրդի անդամ չէ, այն շարունակում է ունենալ իրավական պարտավորություն կատարել այդ վճիռները, և յուրաքանչյուր ուշացած օրվա համար ենթարկվում է համապատասխան տուգանքի։
Նշված վճիռների իրականացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի շրջանակում՝ Վրաստանի ակտիվ մասնակցությամբ։
Վրաստանի արդարադատության նախարարությունը շնորհակալություն է հայտնում ապացույցների հավաքագրման մեջ ներգրավված պետական մարմիններին և ողջ Վրաստանին շնորհավորում է այս պատմական հաղթանակի կապակցությամբ», – ասված է նախարարության հայտարարության մեջ։