նորություններ 14 Հոկտեմբերի, 2025 • Նոր մարզադահլիճի կառուցման ընթացքում խնդիրներ են առաջացել

Ախալքալաքի «Խաս Բախչա» կենտրոնական զբոսայգու դիմաց նոր մարզադահլիճի շինարարությունը կանգնեցված է։ Նախագիծն իրականացնում է ՍՊԸ «EMK Group» -ը։ Կապալառուն որոշ ժամանակ առաջ քանդել էր հին շենքը և իրականացրել հողային աշխատանքներ, սակայն մեր աղբյուրների փոխանցմամբ, նախագծային փաստաթղթերի խնդիրների հետ կապված, աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են։

Շինարարության արժեքը կազմում է 1 229 315 լարի: Մունիցիպալիտետը նախագծի իրականացումը սկսել է այս ամռանը: Աշխատանքներն իրականացնում է «EMK Group» ՍՊԸ-ն:

Ախալքալաքում սկսվում է երկհարկանի մարզադահլիճի շինարարությունը

Շինհրապարակում գրեթե մեկ ամիս է աշխատանքներ չեն իրականացվում:

Պատճառը պարզելու համար մենք կապ հաստատեցինք ընկերության հետ, որտեղից պատասխանեցին, որ իրենք իրավասու չեն մեկնաբանություն տալ և առաջարկեցին դիմել քաղաքապետարան:

«Ես չեմ կարող մեկնաբանություն տալ քաղաքապետարանի անունից, իմացեք քաղաքապետարանից», — ասացին ընկերությունից։

Ախալքալաքի քաղաքապետարանից Jnews-ին հայտնեցին, որ կանգնեցման պատճառը նախագծային փաստաթղթերի լրացուցիչ փորձաքննության անհրաժեշտությունն է։

«Փաստաթղթերից մի քանիսը լրացուցիչ փորձաքննության կարիք ունեին։ Մենք նախագիծը ներկայացրել ենք փորձաքննության և սպասում ենք եզրակացությանը, որից հետո աշխատանքները կվերսկսվեն», — ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության բաժնի պետ Արա Մովսեսյանը։

Հարցին, թե ինչպես կարող էր նախագիծը հաստատվել թերություններով, Մովսեսյանը պատասխանեց.

«Իհարկե, նախագիծն անցել է փորձաքննություն, բայց կան որոշ մանրամասներ, որոնք պահանջում են վերստուգում»:

Տեղական բյուջեից հատկացված գումարը 1 324 005 լարի, ընկերությունը մրցույթը հաղթել է 1 229 315 լարիով: Մրցութային փաստաթղթերի համաձայն, աշխատանքները պետք է ավարտվեն պայմանագրի ստորագրման օրվանից 270 օրացուցային օրվա ընթացքում: 2025 թվականին 120 օրվա ընթացքում նախատեսված է ծախսել 613 002 լարի, իսկ 2026 թվականին՝ 150 օրվա ընթացքում (սկսած ապրիլի 15-ից)՝ 711 003 լարի:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝